Մատչելիության հղումներ

Ամենաուշը 2019-ի մայիս-հունիսին պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ. Փաշինյան


Ինչպես և պայմանավորվել ենք ամենաուշը մյուս տարվա մայիսին կամ հունիսի առաջին տասնօրյակում Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ եթերում պատասխանելով Ֆեյսբուքի օգտատերերի հարցերին։

Ինչպես և պայմանավորվել ենք ամենաուշը մյուս տարվա մայիսին կամ հունիսի առաջին տասնօրյակում Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ եթերում պատասխանելով Ֆեյսբուքի օգտատերերի հարցերին։

«Մենք հիմա աշխատում ենք սահմանադրական փոփոխությունների վրա։ Ըստ էության փաթեթը շուտով պատրաստ կլինի և մենք այն կուղարկենք խորհրդարան և այս համատեքստում կունենանք քաղաքական քննարկումներ, և ի վերջո նաև ժողովրդի հետ քննարկումների արդյունքում կգանք ընդհանուր որոշումների», ֊ հայտարարեց վարչապետը։ ֊ «Ինչպես և պայմանավորվել ենք ամենաուշը մյուս տարվա մայիսին կամ հունիսի առաջին տասնօրյակում Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Իհարկե, ասված է մեկ տարվա ընթացքում, և դա մեծապես կախված է քաղաքական իրավիճակից, իսկ այդ քաղաքական իրավիճակում բոլոր դեպքերումհիմնական թելադրող քաղաքական ուժը լիենլու ՀՀ քաղաքացին»։

Ամուլսարի հարցով մեր որոշումները պետք է հիմնված լինեն անառարկելի փաստերի վրա

Ամուլսարի հանքավայրը, արխիվ
Ամուլսարի հանքավայրը, արխիվ

Վարչապետն անդրադարձավ նաև Ամուլսարի խնդրին՝ հիշեցնելով, որ Բնապահպանական տեսչական մարմինը որոշակի ստուգումներ է իրականացրել։

«Դուք գիտեք, որ քրեական գործ է հարուցված Ամուլսարի հետ կապված, և Քննչական կոմիտեն պիտի, որքան տեղյակ եմ, նշանակի փորձաքննություն, և շատ կարևոր է, որ այդ փորձաքննությունը իրականացվի միջազգային հեղինակավոր փորձագիտական կազմակերպության կողմից, որպեսզի նրա այդ կատարած փորձաքննության արդյունքները ընդունելի և անառարկելի լինեն ոչ միայն հայ հանրության, այլ նաև ընդհանրապես միջազգային հանրության համար, որովհեև սա չափազանց կարևոր հարց է», ֊ շարունակեց վարչապետը։ ֊ «Մեր դիրքորոշումը հետևյալն է, որ մեր որոշումները պետք է հիմնված լինեն անառարկելի փաստերի և փաստարկների վրա, և մենք հիմա աշխատում ենք անառարկելի փաստեր ձեռք բերելու վրա։ Ցավոք սրտի, այս պահի դրությամբ մեր ձեռքի տակ անառարկելի փաստեր, որոնք միանշանակ եզրակացության կբերեին, չկան։ Այո՛, կան որոշակի խախտումներ, մտահոգություններ, որոնք արձանագրված են, բայց մեզ հարկավոր են անառարկելի փաստեր»։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը իրականացված ստուգումների արդյունքում «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարել է ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց մինչև նոր փորձաքննության իրականացումը:

«Սանիթեքը» ձախողում է քաղաքի աղբահանության գործընթացը․ Փաշինյան

Թեև աղբահանության հարցը կապված է քաղաքային տնտեսության հետ, կառավարության ներկայացուցիչները, տարածքային կառավարման նախարարությունը անընդհատ այս հարցով զբաղվում են, հայտարարեց Փաշինյանը։

Մայրաքաղաքի աղբահանությունը ոչ պատշաճ իրականացնելու համար «Սանիթեք»-ն օգոստոսի սկզբին տուգանվեց 12 միլիոն դրամով, նաև զգուշացվեց, որ ծառայությունները պայմանագրին համապատասխան և պատշաճ չիրականացնելու դեպքում կկիրառվեն պայմանագրով սահմանված ավելի կոշտ միջոցներ, այդուամենայիվ երևանցիները շարունակում են պնդել՝ դժգոհ են «Սանիթեք»-ի աշխատանքից։

«Դուք գիտեք, որ աղբահանման համակարգը, ըստ էության, վստահվել է «Սանիթեք» ընկերությանը, որն այսօր, այո, ակնհայտորեն ձախողում է այդ գործընթացը։ Բայց մենք ունենք փաստ, որ ըստ էության քաղաքում այդ գործի համար մենաշնորհային իրավիճակ է ստեղծվել, և վերջին տարիներին այդ համակարգի կառավարումը պատշաճ չի իրականացվել, ու այսօր մենք կանգնել ենք այդ խնդրի առջև», ֊ պարզաբանեց վարչապետը։ ֊ «Իհարկե, այն իրավիճակը, որն այսօր կա մայրաքաղաքում, այդ իրավիճակը անընդունելի է։ Դա «Սանիթեք» ընկերության պատասխանատվությունն է և Երևանի քաղաքապետարանի ոչ հեռատես քաղաքականության հետևանքը»։

Որպես խնդրի լուծում՝ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ «էստեղ մենք լրջագույն հայեցակարգային եզրահանգումներ պիտի անենք, և կարծում եմ, որ տարբերակներից մեկն այն է, որ մայրաքաղաքի աղբահանությունը ոչ թե մեկ ընկերության, այլ մի քանի ընկերությունների վստահվի»։

Վարչապետը որպես ամենակարևոր խնդիրներից մեկը մատնանշեց աղբի վերամշակման գործարան ունենալը։ ֊ «Այսօր ես կարող եմ ասել, որ կան մի քանի ընկերություններ, որոնք հետաքրքրություն են ցուցաբերում այս թեմայի նկատմամբ։ Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի վստահելի գործընկեր գտնել, ով կկազմակերպի ոչ միայն մայրաքաղաքի, այլ նաև գուցե ամբողջ հանրապետության աղբահանումը։ Կամ մի քանի ընկերություններ, որոնց շղթայի մեջ պարտադիր օղակ է աղբի վերամշակումը», ֊ մանրամասնել է նա։

Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է էներգակիրների սակագներով

Հայկական ատոմակայանը Մեծամորում, արխիվ
Հայկական ատոմակայանը Մեծամորում, արխիվ

Ֆեյսբուքյան հարցուպատասխանի ընթացքում վարչապետն անդրադարձավ նաև էլեկտրաէներգիայի և գազի սակագներին։ Հիշեցնելով, որ սոցիալական որոշակի խմբերի համար որոշակի քվոտայով գազի և էլեկտրաէներգիայի սակագների իջեցում է տեղի ունեցել 10 և 20 դրամով, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ստեղծել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է էներգակիրների՝ գազի և էլեկտրաէներգիայի, սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելով։

«Ասեմ, որ էներգետիկ համակարգում կան որոշակի խնդիրներ և դա այդքան էլ պարզ չէ։ Օրինակ, հայկական ատոմակայանում 500 աշխատող կա, որոնք, ըստ էության, հավելյալ հաստիքներ են։ Նկատի է առնվում, որ այդքան հաստիք, որոնց անհրաժեշտությունը չկա, բայց այդ հաստիքները գոյություն ունեն և մարդիկ աշխատում են և աշխատավարձ են ստանում։ Դա էլեկտրաէներգիայի սակագնի վրա մոտավորապես 3 մլրդ դրամի ճնշում ունի», ֊ մանրամասնեց վարչապետը՝ շարունակելով. ֊ «Մենք չենք պատրաստվում գրչի մեկ հարվածով այդ 500 աշխատողների ազատել, որովհետև դա կստեղծի հավելյալ սոցիալական խնդիրներ։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի աշխատաշուկայում տնտեսության մեջ իրավիճակը այնպես փոխվի, որ մեկ խնդիր լուծելիս, մեկ այլ խնդիր չառաջացնենք»։

Որպես էներգետիկ համակարգի առաջին խնդիր վարչապետը կարևորեց «կարգուկանոն մտցնելու» անհարժեշտությունը։

«Իսկ թանկի և էժանի առումով, մենք պետք է խնդիրը ձևակերպենք այսպես. Էլեկտրաէներգիայի և գազի գինը պետք է լինի արդյունավետ. ոչ թե անընդհատ սակագին իջեցնենք, այլ ունենանք արդյունավետ, իրական սակագին, որ բոլորս համոզված լինենք, որ կոռուպցիոն կամ չարաշահման մեխանիզմների արդյունքում չի ձևավորվել և մտածենք մարդկանց եկամուտների բարձրացմանը աջակցելու համար, որպեսզի այդ սակագինը դառնա մատչելի», ֊ մեկնաբանեց Նիկոլ Փաշինյանը։

Առաջիկայում նախատեսվում է վարչապետի այցը Մոսկվա

Փաշինյան ֊ Պուտին հանդիպումը Մոսկվայում, 13֊ը հունիսի, 2018թ.
Փաշինյան ֊ Պուտին հանդիպումը Մոսկվայում, 13֊ը հունիսի, 2018թ.

Ֆեյսբուքյան հարցուպատասխանի ընթացքում վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում կայցելի Ռուսաստան։

«Առաջիկայում նախատեսված է իմ այցը Մոսկվա, որտեղ հանդիպում կունենամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և ես համոզված եմ, որ մենք մեր հարաբերությունների օարկարգի բազմաթիվ հարցեր մանրամասն կքննարկենք և լուծումներ կտանք բազմաթիվ հարցերի», ֊ նշեց վարչապետը։ ֊ «Իհարկե ես չեմ ուզում պնդել, թե բոլոր հնարավոր հարցերը կլուծենք, կվերջացնենք, բայց ես վստահաբար ասում եմ, որ մեր բնականոն համագործակցությունը շարունակվում է, և համոզված եմ նաև, որ բնական կերպով կշարունակվի։

Մարտի 1-ի գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումից և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանքի առաջադրումից հետո Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հնչեցրած քննադատական հայտարարությունից հետո որոշ վերլուծաբաններ խոսում են այն մասին, որ Մոսկվան դժգոհ է Հայաստանի նոր իշխանությունների վարած քաղաքականությունից։ Այսօրինակ մեկնաբանությունները ավելի սրվեցին օրերս, այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորեց պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրվա կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG