Մատչելիության հղումներ

Թրամփ․ «Թուրքիան չարաշահել է Միացյալ Նահանգների վստահությունը»


Միացյալ Նահանգներն ու Թուրքիան սպառում են միմյանց դեմ նոր, առավել կոշտ պատժամիջոցներ սահմանել՝ էլ ավելի խորացնելով դիվանագիտական ճգնաժամը երկու դաշնակից, ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև:

«Թուրքիան չապացուցեց, որ մեր լավ բարեկամն է», - երեկ կառավարության նիստում հրապարակավ հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը՝ «սարսափելի ու անարդար» որակելով ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատազրկելու՝ Թուքրիայի իշխանությունների որոշումը: - «Նրանք կալանքի տակ են վերցրել հիանալի մի քրիստոնյայի, մի անմեղ մարդու․․․ Սա սարսափելի բան է, և ես կուզեի իմանալ՝այս հարցի առնչությամբ ինչ պատժամիջոցներ եք դուք կիրառում», - հետաքրքրվել է Սպիտակ տան ղեկավարը ֆինանսների նախարարից:

«Ինչպես գիտեք, մենք արդեն, ձեզ հետ համատեղ քննարկումների արդյունքում, պատժամիջոցներ ենք սահմանել Թուրքիայի կառավարության մի քանի ներկայացուցիչների հանդեպ, և ունենք հավելյալ քայլեր, որ կարող ենք կիրառել, եթե նրանք արագորեն ազատ չարձակեն Բրանսոնին», - արձագանքել է նախարար Սթիվեն Մնուչինը:

Թուրքիայում ազատազրկված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը
Թուրքիայում ազատազրկված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը

50 ամյա պաստորը ազատազրկվել է երկու տարի առաջ՝ Էրդողանի վարչակազմի դեմ իրականացված հեղաշրջման փորձից հետո: Անկարան նրան մեղադրում է լրտեսության ու ահաբեկչությանն աջակցելու համար, և եթե այս մեղադրանքներն ապացուցվեն, հոգևորականը կարող է 35 տարվա ազատազրկման դատապարտվել:

«Դա խայտառակություն է», - շաբաթներ առաջ պնդել էր նախագահ Դոնալդ Թրամփը: Երեկ էլ, թուրք գործընկերներին կառավարության նիստում քննադատելուց հետո, նա Անկարային ուղղված հերթական զգուշացումն է հրապարակել Թվիթերի իր էջում: - «Թուրքիան տարիներ շարունակ չարաշահել է Միացյալ Նահանգների վստահությունը: Մենք չենք պատրաստվում անմեղ մարդու ազատ արձակման դիմաց ինչ-որ զիջումների գնալ, բայց հաստատ կսահմանափակենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները», - զգուշացրել էր Միացյալ Նահանգների նախագահը:

Չնայած Վաշինգտոնի այս զգուշացումներին՝ թուրքական դատարանն այսօր հերթական՝ երրորդ անգամ է մերժել պաստորին կալանքից ազատելու միջնորդությունը, առևտրի նախարար Ռուհսար Փեկչանն էլ հայտարարել է՝ Ամերիկայի հետ հարաբերություններում կառաջնորդվեն «ակն ընդ ական» սկզբունքով: - «Մենք արդեն իսկ պատասխանել ենք նրանց պատժամիջոցներին, և եթե լինեն նոր սահմանափակումներ, մենք էլ նոր՝ համարժեք քայլեր կձեռնարկենք», - ասել է թուրք պաշտոնյան:

Եթե լինեն նոր սահմանափակումներ, մենք էլ նոր՝ համարժեք քայլեր կձեռնարկենք ...
Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեկչան

Մինչ այս՝ շաբաթներ առաջ, Վաշինգտոնը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի երկու նախարարների հանդեպ և շեշտակի բարձրացրել այդ երկրից ներմուծվող մետաղի և ալյումինի մաքսադրույքները: Ի պատասխան Անկարան բարձրացրել էր ամերիկյան ավելի քան երկու տասնյակ ապրանքների, այդ թվում՝ մեքենաների, ոգելից խմիչքների ու ծխախոտի ներկրման մաքսադրույքները, նախագահ Էրդողանն էլ հորդորել էր թուրքերին բոյկոտել ամերիկյան դոլարն ու էլեկտրոտեխնիկան:

Ամենաթանկ բանտարկյալը

ԱՄՆ-ում ապրող թուրք հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենը
ԱՄՆ-ում ապրող թուրք հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենը

Պաստորի շուրջ խորացող այս լարվածության ֆոնին բրիտանական հեղինակավոր Economist պարբերականը փաստել է՝ Էնդրյու Բրանսոնը կարող է համարվել աշխարհի ամենաթանկ բանտարկյալը. նրան ազատ արձակելու պահանջը մերժելու պատճառով Թուրքիան արդեն իսկ կորցրել է 40 միլիարդ դոլար ֆոնդային բորսաներում, թուրքական արժույթը մոտ մեկ հինգերորդով արժեզրկվել է, իսկ երկիրը կանգնել է լրջագույն ֆինանսական ճգնաժամի շեմին: Նախագահ էրդողանի կառավարությունը ակնկալում էր, որ Բրանսոնին ճաղերի ետևում պահելով կարող է զիջումներ կորզել Վաշինգտոնից, սակայն ի վերջո ինքն է ստիպված բարձր գին վճարել իր իսկ որոշման համար:

Արևմտյան աղբյուրները պնդում են, որ իրականում Անկարան ուզում է, որ Վաշինգտոնը ամերիկացի պաստորի դիմաց Թուրքիային արտահանձնի ամերիկայում բնակվող թուրք հոգևորական Ֆեթուլլահ Գյուլենին, ում Էրդողանը մեղադրում է 2016-ի հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ:

XS
SM
MD
LG