Մատչելիության հղումներ

«Թուրքիայի հայացքը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ճգնաժամին». Էրդողանի հոդվածը՝ New York Times֊ում


Ամերիկյան հեղինակավոր New York Times հանդեսում հրապարակվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեղինակած հոդվածը, որտեղ նա անդրադարձել է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև վերջին շրջանում առաջացած լարվածությանը:

«Թուրքիայի հայացքը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ճգնաժամին» վերնագրով հոդվածում Էրդողանը համոզմունք է հայտնել, որ ամերիկյան իշխանությունների՝ Թուրքիայի դեմ ուղղված միակողմանի քայլերը վնասում են հենց ԱՄՆ-ի շահերին և անվտանգությանը:

Ընդգծելով, որ Թուրքիան և Միացյալ Նահանգները արդեն 60 տարի է ռազմավարական դաշնակիցներ են ՆԱՏՕ-ի շրջանակներում՝ նախագահ Էրդողանը զգուշացրել է. ֊ «Քանի դեռ շատ ուշ չէ, Վաշինգտոնը պետք է հրաժարվի իր սխալ համոզմունքից, թե մեր հարաբերությունները կարող են անհամաչափ լինել ու հաշտվի այն մտքի հետ, որ Թուրքիան այլընտրանք ունի»:

Թուրքիայի նախագահը իր հոդվածում նաև հիշատակել է 2016-ի հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող կրոնական գործիչ Ֆեթուլահ Գյուլենին արտահանձնելու՝ Անկարայի շարունակական պահանջները:

«Թուրքական ժողովրդավարությանը սատարելու փոխարեն, Վաշինգտոնը Թուրքիայում կայունության ու խաղաղության պահպանման զգուշավոր կոչեր արեց: Դա էլ հերիք չէր, ԱՄՆ-ը մերժեց երկկողմ համաձայնագրի հիման վրա Գյուլենին արտահանձնելու Թուրքիայի պահանջը», - գրել է Էրդողանը: Նա անդրադարձել է թուրք-ամերիկյան հարաբերություններում դիվանագիտական ճգնաժամի պատճառ դարձած ամերիկացի բողոքական հովիվ Էնդրյու Բրանսոնի խնդրին՝ նշելով, որ նա կալանավորվել է ահաբեկչությանը աջակցելու մեղադրանքով:

«Դոնալդ Թրամփի հետ հանդիպումների և զրույցների ժամանակ քանիցս կոչ եմ արել հարգել իրավական գործընթացը: Փոխարենը, ԱՄՆ֊ը սպառնալիքներ հնչեցրեց բարեկամ ժողովրդի հասցեին ու պատժամիջոցներ սահմանեց թուրք նախարարների նկատմամբ: Այս անընդունելի և անտրամաբանական որոշումը վնասում է մեր բազմամյա բարեկամությանը: Ի պատասխան Թուրքիային ուղղված սպառնալիքներին՝ որոշել ենք պատժամիջոցներ սահմանել մի քանի ամերիկացի պաշտոնյաների նկատմամբ: Անկարան առաջնորդվում է հետևյալ սկզբունքով՝ թուրքական կառավարության միջամտությունը իրավական գործընթացին հակասում է Թուրքիայի սահմանադրությանն ու ժողովրդավարական արժեքներին»,-պնդել է Թայիփ Էրդողանը:

Թուրքիայի նախագահն իր հոդվածն ավարտել է հետևյալ մեսիջով. ֊ «Եթե Վաշինգտոնը չդադարի Թուրքիայի նկատմամբ միակողմանի և անհարգալից մոտեցում դրսևորել, ապա մենք կսկսենք նոր բարեկամներ ու դաշնակիցներ փնտրել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG