Մատչելիության հղումներ

Անկարան նոր գործընկերներ և դաշնակիցներ կփնտրի. Էրդողան


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անցած հանգստյան օրերին հանդիպումներ, հանրահավաքներ է անցկացրել սևծովյան շրջանների քաղաքներում։

Իր ելույթներում նա հանդիմանել է Միացյալ Նահանգներին՝ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար և սպառնացել, թե Անկարան նոր գործընկերներ և դաշնակիցներ կփնտրի։

Օգոստոսի 1-ին ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների հանդեպ, իսկ օգոստոսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Թուրքիայից ներմուծվող պողպատի և ալյումինի մաքսավճարները կրկնապատկելու մասին։

Ծովափնյա Օրդու քաղաքում Էրդողանն ասել է, թե «ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի անդամ ռազմական իր դաշնակցին փոխում է պաստորի հետ»։

Տրապիզոնում «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների հետ հանդիպմանն Էրդողանն անուններ չտալով, ասել է թե նրանք ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելու վերջնաժամկետ էին տվել։

«Ազատեք պաստորին մինչև չորեքշաբթի՝ օգոստոսի 8-ը, ժամը 18։00-ն։ Նրանք ասել էին՝ եթե չազատեք, մենք ձեզ պատժամիջոցների կենթարկենք», - հայտարարել է Էրդողանը։

Իրեն աջակցող բացականչություններից, ծափերից հետո Էրդողանը շարունակել է. - «Ցանկանում եմ նրանց ասել, որ մենք չենք հանձնվի, մենք կշարունակենք արդյունաբերել և կպահպանենք արտահանման աճը»։

«Ամբողջ աշխարհին, ներառյալ մեր երկրին տնտեսական պատերազմ հայտարարծներին մեր պատասխանը կլինի նոր շուկաներ և նոր դաշնակիցներ փնտրելը։ Նրանք բարձրացրել են պողպատի և ալյումինի մաքսավճարները, մենք Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ ենք, դա կազմակերպության կանոնների խախտում է», - դժգոհել է Էրդողանը։

Տրապիզոնի հանդիպմանը Թուրքիայի նախագահը նաև ասել է, թե Սիրիայի Իդլիբ նահանգի հետ կապված դիվանագիտական և ռազմական ջանքերն արագացվել են, նրա խոսքով, Սիրիայի մյուս շրջանների աղետալի իրավիճակների կրկնությունից խուսափելու համար։

Ռիզեում նա ասել է, թե պատրաստվում են ազգային արժույթով առևտուր անել առևտրի մեծ շուկաներ ունեցող երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Ուկրաինայի հետ։

«Եթե եվրոպական երկրները կցանկանան ազատվել դոլարի ճնշումից, մենք կարող ենք նրանց հետ նույն համակարգին անցնել», - ասել է Թուրքիայի նախագահը։

Ամերիկացի հոգևորականին Թուրքիայում ազատազրկելու պատճառով ԱՄՆ-ի վերջին օրերի Անկարայի հանդեպ կոշտ քաղաքականության պատճառով թուրքական լիրան կտրուկ արժեզրկվել է, ապրանքների գները սկսել են բարձրանալ։ Անցած հանգստյան օրերի իր ելույթներում Էրդողանը Թուրքիայի բնակիչներին կոչ է արել փոխանակել իրենց մոտ պահած դոլարներն ու եվրոները թուրքական լիրայի ուժեղացմանը նպաստելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG