Մատչելիության հղումներ

Հիմա առավել, քան երբևէ՝ Անկարան ու Մոսկվան միևնույն շահերն ունեն․ Արևմտյան փորձագետներ


Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն, արխիվ
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկօրյա այցով այսօր ժամանում է Թուրքիա, որտեղ ոչ միայն երկկողմ հանդիպումներ կունենա, այլև կմասնակցի ողջ աշխարհից Անկարա վերադարձած թուրք դեսպանների տարեկան հավաքին: Անցած շաբաթ, խոսելով այցի մասին, ՌԴ արտգործախարարության խոսնակ Մարիա Զախարովան նշել էր, որ Լավրովը ելույթ է ունենալու թուրք դիվանագետների առջև և անդրադառնալու է միջազգային օրակարգի հրատապ հարցերին, այդ թվում՝ կովկասյան տարածաշրջանի խնդիրներին:

Պաշտոնական աղբյուրները նշում են, որ այցը նախապես էր ծրագրված, Անկարան հրավերը դեռ փետրվարին էր փոխանցել: Փաստ է, սակայն, որ Լավրովը Թուրքիա է մեկնում երկու երկրների համար շատ վճռորոշ պահին. թե՛ Թուրքիայում, թե՛ Ռուսաստանում վերջին օրերին ազգային արժույթը սրընթաց անկում է ապրում, ընդ որում, միևնույն՝ Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների պատճառով: Երկու կողմում էլ հայտարարում են Վաշինգտոնի հետ խորացող տարաձայնությունների մասին ու սպառնում պատասխան քայլեր ձեռնարկել:

«Հիմա թերևս առավել, քան երբևէ, Անկարան ու Մոսկվան միևնույն շահերն ու ընդհանրություններն ունեն»,- փաստում են փորձագետները, նկատելով՝ ռուս-թուրքական այս բանակցությունների համար ավելի հարմար ժամանակ դժվար էր գտնել: «Ի պատասխան, մենք նոր դաշնակիցներ ու շուկաներ կգտնենք»,- երեկ, ակնարկելով ամերիկյան պատժամիջոցները, հայտարարել էր նախագահ Էրդողանը, այսօր էլ նա ավելի բաց է խոսել, հայտարարելով․ «ԱՄՆ-ն թիկունքից է հարվածում մեզ և դավադրություն իրականացնում Թուրքիայի տնետեսության դեմ: Մի կողմից, մենք ռազմավարական դշանակիցներ ենք, համագործակցում ենք Աֆղանստաում, որտեղից մնացած բոլորը դուրս են գալիս, Սոմալիում, ՆԱՏՕ-ում, մյուս կողմից՝ հարվածում եք ձեր դաշնակցին թիկունքից, արդյո՞ք սա ընդունելի է»:

Երբեմնի ռազմավարական դաշնակցի՝ Թուրքիայի հանդեպ Վաշինգտոնը պատժամիջոցներ սահմանեց շաբաթներ առաջ՝ ամերիկացի պաստոր էնդրյու Բրանսոի ազատազրկման պատճառով: Անցած շաբաթ էլ պետդեպարտամենտը հայտարարեց, թե խստացնում է սահմանափակումները Մոկսվայի դեմ՝ նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը նյարդապարալիտիկ նյութով Մեծ Բրիտանիայի տարածքում թունավորելու համար:

Արևմտյան փորձագետները փաստում են, որ Վաշինգտոնին լրջորեն մտահոգում է նաև ռուս-թուրքական համագործակցությունը ռազմական ոլորտում: Չնայած ՆԱՏՕ-ի ու դաշնակիցների կշտամբանքներին՝ պաշտոնական Անկարան համառորեն չի հրաժարվում ռուսական S-400 հակահրթիռային պաշտպանական համակարգեր ձեռք բերելու ծրագրից: Երեկ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Լավրովի՝ Անկարա կատարելքի այս այցի ընթացքում քննարկվելու է նաև սպառազինությունների մատակարարման հարցը: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ այսօր ընդգծել է՝ ռուս-թուրքական համագործակցությանը վերաբերող բոլոր ծրագրերը մնում են ուժի մեջ:

Երկկողմ հարաբերություններից բացի Լավրովը մտադիր է Թուրքիայում քննարկել նաև սիրիական ճգնաժամի կարգավորումը, մասնարոպես, այս հարցի շուրջ Ռուսաստանի, Թուրքիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի առաջնորդների միջև ակնկալվող գագաթնաժողովը, որը նախատեսվում է անցկացնել մոտ ապագայում՝ Թուրքիայի տարածքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG