Երկօրյա այցով Անկարայում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդիպել է թուրք պաշտոնակցի՝ Մևլյութ Չավուշօղլուի հետ:
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, կողմերը առանձնազրույց են ունեցել, ապա հանդես եկել ասուլիսով:
Թուրքիայի արտգործնախարարն իր ելույթում կարևորել է Ռուսաստանի հետ հարաբերություններն ու ամենատարբեր ոլորտներում համագործակցության խորացումը:
Չավուշօղլուն նշել է, որ երկկողմ գործակցության բազմաթիվ ծրագրեր կան: Նա անդրադարձել է նաև Ռուսաստանի հետ ազատ վիզային ռեժիմը վերականգնելու հարցին՝ հայտնելով, որ այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Նախարար Լավրովն իր հերթին ընդգծել է՝ բարձր են գնահատում այն հանգամանքը, որ Թուրքիան չմիացավ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին:
Խոսելով նաև Թուրքիայի դեմ կիրառվող ամերիկյան պատժամիջոցների մասին՝ Լավրովն ընդգծել է՝ միակողմանի տնտեսական պատժամիջոցները անընդունելի ու անօրինական են:
Հայտնելով, որ ինչպես Թուրքիան, Ռուսաստանը և՛ս նպատակ ունի անցնել ազգային արժույթով առևտրի, նախարար Լավրովը համոզմունք է հայտնել, որ շատ երկրներ պետք է հրաժարվեն դոլարից՝ նվազեցնելով դրա ազդեցությունն ազգային տնտեսության վրա:
Աշխարհի տարբեր երկրներում ներկայացված թուրք դեսպանների տարեկան 10-րդ համաժողովի շրջանակներում նախարար Չավուշօղլուի հրավերով Անկարա ժամանած Լավրովը թուրք գործընկերոջ հետ բացի երկկողմ հարաբերություններից, քննարկել է նաև միջազգային օրակարգի և տարածաշրջանային մի շարք հարցեր:
Պաշտոնական աղբյուրները նշում են, որ նախարարները համաձայնության են եկել սեպտեմբերի սկզբին Սիրիայի հարցով Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ քառակողմ ժողով անցկացնել Ստամբուլում, որտեղ քննարկվելու է, մասնավորապես, սիրիական Իդլիբի խնդիրը:
Թեև Ռուսաստանի արտգործնախարարի այցը նախապես էր ծրագրված, այնուհանդերձ փորձագետները փաստում են՝ Լավրովը Թուրքիա է մեկնել երկու երկրների համար շատ վճռորոշ պահին. թե՛ Թուրքիայում, թե՛ Ռուսաստանում վերջին օրերին ազգային արժույթը սրընթաց անկում է ապրում, ընդ որում, միևնույն՝ Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների պատճառով: Ռուսաստանի և Թուրքիայի՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ճգնաժամը լավ առիթ է ռուս-թուրքական մերձեցման համար:
Էրդողանը կոչ է անում բոյկոտել iPhone֊ը
Իսկ թուրք-ամերիկյան դիվանագիտական ճգնաժամն ավելի է խորանում: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն այսօր կոչ է արել բոյկոտել ամերիկյան արտադրության էլեկտրոնիկան: Էրդողանը նշել Է, որ ԱՄՆ-ը տնտեսությունը որպես զենք Է օգտագործում Թուրքիայի դեմ, սակայն այդ ճնշմանը Թուրքիայի լավագույն պատասխանը արտադրության աճը կլինի: «Դրսից արժույթով գնվող ամեն ապրանքի ավելի լավն ու որակյալը մենք պետք է արտադրենք ու արտահանենք: Մենք ենք բոյկոտելու ամերիկյան էլեկտրոնիկան: Եթե նրանք Iphone ունեն, մյուս կողմում էլ Samsung կա»,-հայտարարել է Էրդողանը՝ կոչ անելով շարունակել աշխատել ու արարել՝ հասնելով ինքնաբավ տնտեսություն ունենալու նպատակին: