Գերմանիայում խորապես մտահոգված են Անկարայի և Վաշինգտոնի լարվածության հետևանքով Թուրքիայում առաջացած ֆինանսական-տնտեսական ճգնաժամով:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասի համոզմամբ, Թուրքիան պետք է անհապաղ ձեռնարկի Միացյալ Նահանգների և Գերմանիայի հետ դիվանագիտական հարաբերությունները բարելավելու ջանքեր, ինչը թույլ կտա հաղթահարել նաև տնտեսական բարդությունները:
«Այո՛, Թուրքիայում ներկայումս ծավալվող զարգացումները լուրջ անհանգստություն են առաջացնում», - ասել է Մաասը ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ երեկ Բեռլինում տեղի ունեցած համատեղ ասուլիսում:
Թուրքիայի հարաբերությունները Միացյալ Նահանգների և Գերմանիայի հետ վերջին շրջանում վատթարացել են, քանի որ քաղաքական հոդվածներով թուրքական բանտերում են հայտնվել այդ երկու երկրների քաղաքացիներ:
«Թուրքիան կարևոր երկիր է Եվրոպական միության համար և այդ միության սահմաններից դուրս: Շատ կարևոր երկիր է գերմանական ընկերությունների համար։ Այն, ինչ հիմա տեսնում ենք՝ լուրջ մտահոգություն է առաջացնում։ Այդ ամենը միանում է Թուրքիայի քաղաքական բարդություններին, հատկապես՝ Ամերիկայի հետ կապերին։ Կա նաև Թուրքիայի բանտից ԱՄՆ քաղաքացուն ազատելու հարցը», - ասել է Հեյկո Մաասը:
Գերմանիայի արտգործնախարարը հիշեցրել է, որ Թուրքիայի բանտում կա նաև Գերմանիայի քաղաքացի:
«Եթե Անկարան լուծումներ գտնի, ապա դա կնպաստի թուրքերի հարաբերությունների բարելավմանը ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև Գերմանիայի հետ։ Կարծում եմ, դա կօգնի նաև տնտեսական դժվարությունների հաղթահարմանը, այդպես կապերը՝ քայլ առ քայլ, կբարելավվեն, ինչը բխում է հենց Թուրքիայի շահերից»,- ասել է Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը: