Մատչելիության հղումներ

ՀՔԾ պետ․ Քոչարյանին կալանքի տակ պահելը անհրաժեշտ է քննության վրա նրա ազդեցությունը բացառելու համար


Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ֊ում հարցաքննության ներկայանալուց հետո հարցազրույց է տալիս «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը, 26-ը հուլիսի, 2016թ․
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՔԾ֊ում հարցաքննության ներկայանալուց հետո հարցազրույց է տալիս «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը, 26-ը հուլիսի, 2016թ․

Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը այս պահին անհրաժեշտություն է, այսօր հայտարարեց Հատուկ Քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

Մարտի 1-ի գործը քննող մարմնի ղեկավարն ընդգծեց՝ կալանավորումն անհրաժեշտ է քննության ընթացքում Քոչարյանի պատշաճ վարքագիծն ապահովելու համար․ ֊ «Թյուր կարծիք կա ձևավորված, որ պատշաճ վարքագիծը ընդամենը փախուստի դիմելու հավանականությունն է, բայց միշտ մոռացվում է երկրորդ՝ իմ կարծիքով առավել կարևոր հանգամանքը, որ պատշաճ վարքագծի ամենակարևոր բաղադրիչը մեղադրյալի կողմից վարույթին մասնակցող անձանց վրա ապօրինի ազդեցությունը բացառելն է: Հենց այս կարևոր նախապայմանից ելնելով՝ ես գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը անհրաժեշտ է այս պահին, որպեսզի մենք կարողանանք լրիվ ծավալով քննություն կատարել»:

Տասը տարի Հայաստանը ղեկավարած Ռոբերտ Քոչարյանը 6 օր առաջ կալանավորվեց 2008-ի մարտի 1-յան արյունալի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով:

Նախկին նախագահի պաշտպանները պնդում են, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում, 28-ը հուլիսի, 2018թ․
Նախկին նախագահի պաշտպանները պնդում են, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում, 28-ը հուլիսի, 2018թ․

Երկրորդ նախագահի կալանավորման որոշման դեմ երեկ բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան: Քոչարյանի գրասենյակի ղեկավարը այսօր փոխանցեց, որ Ազգային ժողովի 45 պատգամավորներ անձնական երաշխավորությամբ են հանդես եկել պաշտոնաթող նախագահին կալանքից ազատելու համար:

«Քաղաքական հետապնդման մասին խոսք անգամ լինել չի կարող»

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյան, արխիվ
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյան, արխիվ

Երկրորդ նախագահին կալանավորելու միջնորդություն ներկայացրած Հատուկ քննչական ծառայության ղեկավարն այսօր արձագանքեց Քոչարյանի պաշտպանների այն պնդումներին, թե ներկայացված մեղադրանքը հասկանալի չէ, և քննչական մարմինը իրավական անգրագիտություն է ցուցաբերել․ - «Մեղադրանքի որոշումը այնքան հստակ է, այնքան պարզ է և այնքան հիմնավորված, որ ինձ համար նույնիսկ անհասկանալի են և տեղ-տեղ նաև ծիծաղելի՝ այդ որոշակի մանիպուլյացիաները, որոնք փորձում են արվել պաշտպանական կողմի ներկայացուցիչների կողմից: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու մեջ: Նման մեղադրանք առաջադրելու համար հիմք է հանդիսացել բանակի ներգրավումը: Բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներում արգելված է ինչպես նախկին, այնպես էլ Սահմանադրության ներկայիս խմբագրմամբ: Բանակի, զինված ուժերի ներգրավումը կարող էր լինել միայն այն դեպքում, երբ հայտարարված լիներ ռազմական դրություն: Ինչպես գիտեք՝ ռազմական դրություն հայտարարված չի եղել»:

Մարտի 1-յան դեպքերից տասը տարի անց նոր զարգացումները սկսեցին գործը քննող մարմնի ղեկավարի պաշտոնում Սասուն Խաչատրյանի նշանակումից հետո: Նա այսօր հերքեց Քոչարյանի պաշտպանների պնդումները, թե տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է, միևնույն ժամանակ արձագանքելով դիտարկումներին, թե ՀՔԾ-ն կասկածի տակ է դնում 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները:

Մենք կասկածի տակ չենք դրել ընտրությունների արդյունքները...
Սասուն Խաչատրյան

«Քաղաքական հետապնդման մասին խոսք անգամ լինել չի կարող: Ես նորից կրկնում եմ, որ այս պրոցեսը խիստ իրավական ընթացակարգերում է և շահարկողներին, որոնք բազմիցս փորձում են շահարկել, թե իբր ՀՔԾ մեղադրանքի որոշման մեջ կա դրույթ, որովով Հատուկ քննչական ծառայությունը կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ մեր որոշման մեջ նման դրույթ չկա, մենք կասկածի տակ չենք դրել ընտրությունների արդյունքները, մենք ընդամենը նշել ենք, որ «այն քաղաքացիները, որոնք ընտրությունների արդյունքները համարել են կեղծված, դուրս են եկել փողոց իրենց իրավունքները վերականգնելու համար»․․․ այսքանը», - պարզաբանեց Սասուն Խաչատրյանը:

Արձագանքելով պնդումներին, թե Քոչարյանը որպես նախկին նախագահ Սահմանադրությամբ պաշտպանված է քրեական հետապնդումից՝ Հատուկ քննչական ծառայության ղեկավարն ասաց, որ չի կարծում, թե որևէ մեկը առանձնապես ծանր հանցագործության պարագայում կարող է անձեռնմխելի լինել:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ առաջիկա օրերին կպատասխանեն Հատուկ քննչական ծառայության ղեկավարի պնդումներին:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG