«Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրելու և նրան կալանավորելու, Հայաստանի երկրորդ նախագահ շահերի պաշտպանների փաստարկների շուրջ է «Ազատության» հարցազրույցը փաստաբան Վահե Գրիգորյանի հետ․
«Ազատություն»․ - Առաջինը, որ շատ է քննարկվում, իմունիտետի հարցն է, որ նախատեսված է՝ որպես երկրի նախկին ղեկավար, Ռոբերտ Քոչարյանի համար: Խոսքը այն պնդումների մասին է, որը այսօր փաստաբաններն էլ ներկայացրեցին ասուլիսի ժամանակ, որ Ռոբերտ Քոչարյանը՝ որպես երկրի նախկին ղեկավար, չի կարող ենթարկվել որևէ քրեական հետապնդման, քանի որ Սահմանադրությունը նախատեսում է, որ իր պաշտոնավարման հետ կապված հարցերով նա չպետք է ենթարկվի: Արդյո՞ք իսկապես կա նման հարց, քանի որ հենց սա են որպես հիմք բերում՝ պնդելով, որ տեղի ունեցողը հակասահմանադրական գործընթաց է:
Վահե Գրիգորյան․ - Երբ խոսքը վերաբերում է կյանքի իրավունքի պաշտպանությանը՝ պետական պոզիտիվ պարտականությանը, իհարկե, այս մեղադրանքը դեռ այդ մասին չէ, բայց չի բացառվում, որ քրեական գործը կգնա դեպի էդ, և տուժողների իրավահաջորդների մշտական պահանջն է հրամանատարական ողջ շղթայի բացահայտումը, և չի բացառվում, որ հրամանատարական շղթան իր մեջ ներառի նաև պաշտոնյաներ, որոնք այս կամ այն իրավական ակտով անձեռնմխելիությունից են օգտվում, այդ անձեռնմխելիությունը փշրվում է, երբ որ գալիս հանդիպում է կյանքի իրավունքի պաշտպանության պետության պոզիտիվ պարտականությանը: Ոչ ոքի համար Սահմանադրությունը քարտ բլանշ չի կյանքի իրավունքին միջամտելու համար, ոչ ոքի համար Սահմանադրությունը սահմանադրական կարգի նկատմամբ ոտնձգելու համար թույլտվություն չի:
«Ազատություն»․ - Այսօր պաշտպանները Ռոբերտ Քոչարյանի, ասուլիսի ընթացքում, ըստ էության որոշակիորեն դիստանցավորեցին երկրորդ նախագահին այդ հրամանից՝ ասելով, որ այո՛, Քոչարյանն էլ էր խոսել հարցազրույցում, եղել է զինվորական ղեկավարության հետ հանդիպում, որի ժամանակ խնդիր է դրվել բանակը հեռու պահել քաղաքական գործընթացներից, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմը և անձամբ Տեր-Պետրոսյանը օրինակ Մանվել Գրիգորյանին հրավիրում էր հրապարակ, և նաև այդ պատճառով խնդիր է դրվել բանակը հեռու պահել, իսկ թե ինչպես են արել՝ դա որոշել է պաշտպանության նախարարը և դա արել է 0038 հրամանով, զորանոցային վիճակի է բերել կոնկրետ ստորաբաժանումներ, որպեսզի նրանք, լինելով զբաղված իրենց զինվորական գործով, չմիջամտեն քաղաքական գործընթացներին: Բայց, ըստ էության, նրանք պնդում են, որ Քոչարյանը հրահանգել է հեռու պահել, իսկ թե ինչպես է դա արել նախարարը՝ դա որոշել է նախարարը: Ինչպե՞ս կարող էր նախարարը նման հրաման ստորագրել առանց նախագահի համաձայնության կամ իմացության: Ի՞նչ կարծիքի եք, արդյո՞ք նման բան հնարավոր է:
Գրիգորյան․ - Իմ տեղեկացվածությամբ՝ 0038 հրամանով ոչ միայն զորանոցային վիճակի չեն բերվել զորքերը, այլ ամբողջ հանրապետության տարածքում ահռելի զորաշարժ է տեղի ունեցել: Եթե պարոն Քոչարյանը մտադիր է նման մանկապարտեզային պաշտպանություն կառուցել, ես ընդամենը ուզում եմ նրան հուշել, որ 0038 հրամանը չի վերաբերում միայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերին, և նման անմեղսունակ պաշտպանությամբ երկար գնալ չի լինի: Չի կարող գերագույն գլխավոր հրամանատարը տեղյակ չլինել մի էնպիսի հրամանից, որը չի վերաբերել միայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերին: Եվ ես կարծում եմ, որ 0038 հրամանի վերաբերյալ շահարկումները այս գծի վրա կսահմանափակվեն և սրանից էն կողմ չեն գնա, որովհետև ինձ համար առնվազն տարակուսելի է, թե ինչ անհոգությամբ մարդը կարող է վերաբերվել էդպիսի տեղեկություններին և իր անձնական պաշտպանությունը կառուցելիս նման տեղեկատվական արտահոսքեր կազմակերպել, որոնք, նախ, չեն համապատասխանում իրականությանը, և երկրորդը՝ դրանք փաստի վերաբերյալ պնդումներ են, որ շատ հանգիստ կարող են ստուգվել:
«Ազատություն»․ - Դուք հանդիսանում եք «Մարտի 1»-ի գործով տուժողների շահերի ներկայացուցիչը, և այստեղ արդեն տեսնում ենք պնդումներ հենց Ռոբերտ Քոչարյանի կողմից, նրա շահերի պաշտպանների կողմից, որ տեղի ունեցողը «Մարտի 1»-ի գործի բացահայտում չէ, սա գործընթաց չէ, որը բերելու է տասը զոհերի մահվան հանգամանքների պարզմանը և մեղավորներին պատժելուն, այլ գործընթաց է, որ քաղաքական բնույթ ունի և քաղաքական հետապնդում է: Ի՞նչ կարծիք ունեք Դուք:
Գրիգորյան․ - Մենք ակնհայտորեն տեղաշարժ ենք տեսնում «Մարտի 1»-ի գործով քննության: Ես շատ փակագծեր չբացեմ էս պահի դրությամբ, բայց որքանով որ ինձ է տեղյակ հրապարակային աղբյուրներից, հենց միայն 0038 հրամանի առկայությունը և դրա շրջանակներում գործի քննությունը և դրա առնչակցությամբ գործի քննությունը թիվ մեկ ինդիկատորն է, որ մի փաստաթուղթ, որը ոչ հրապարակայնորեն, բայց, համենայն դեպս, պետական մարմինների ուշադրության կենտրոնում մշտապես եղել է, երբևէ ուսումնասիրության առարկա չէր դարձվում անցած տասուկես տարիների ընթացքում, և այն անմիջապես ոչ միայն քննության առարկա դարձվեց, այլ դրա հիման վրա կոնկրետ գործողություններ են կատարվել՝ էս պահի դրությամբ մենք գիտենք երեք անձի մասին, որոնց մեղադրանքներ են առաջադրվել:
Երկրորդը՝ ես վստահ եմ, որ Զինած ուժերի ներգրավվածությունը ուղիղ առնչություն ունի մահաբեր ուժի կիրառման հետ, և էնքանով, որքանով որ մեր կասկածները, որ ոչ բոլոր հրազեններն են վերցվել և ուսումնասիրվել և ստուգվել դեպքի վայրից, դեռ չեն փարատված:
Բայց ես համաձայն եմ, որ պարոն Քոչարյանի կալանավորումը աննախադեպ է ոչ միայն Հայաստանի համար, այլ նաև հետխորհրդային պետությունների համար՝ էն իմաստով, որ սա առաջին իրավունքի տառի և ոգու խստիվ պահպանմամբ իրականացված կալանքի թե՛ դատավարության, թե՛ ըստ էության հիմքերի ուսումնասիրության պրոցեսն է եղել՝ էնքանով, որքանով որ էս պահի դրությամբ հայտնի է հրապարակայնորեն:
Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.