Մատչելիության հղումներ

Փաստաբան․ Քոչարյանը գնաց Սահմանադրությանը խախտմանը՝ նպատակ ունենալով ամեն գնով պահել իշխանությունը


Մարտի 1-ի ողբերգական դեպքերից տասը տարի անց դատարանը որոշեց կալանավորել այդ արյունալի օրերին երկիրը ղեկավարող Ռոբերտ Քոչարյանին: Իրավապաշտպանները նրան են մեղադրում տեղի ունեցածի համար՝ պնդելով, որ Հայաստանի երկրորդ նախագահին պատասխանատվության ենթարկելու իրավական բոլոր հիմքերն առկա են։

2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող նախկին Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն էր: Սաֆարյանի համոզմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը գնաց Սահմանադրությանը խախտմանը, բանակը ներքաշեց ներքաղաքական զարգացումների մեջ՝ նպատակ ունենալով ամեն գնով պահել իշխանությունը:

«Գտնում եմ, որ զորքի՝ ներքաղաքական կյանքում ներգրավելը շատ ակնհայտ է եղել, և Սահմանադրության համապատասխան հոդվածները, մասնավորապես՝ 55 հոդվածը, ակնհայտ խախտված է եղել, որովհետև շատ հստակ է, որ քաղաքական նկատառումներով զորքը չի կարող օգտագործվել», - ասաց Սաֆարյանը՝ հավելելով․ - «Մենք ունենք զորքի լայն տեղաշարժին վերաբերող և՛ տեսանյութեր, և՛ փաստեր, և՛ նաև զինվորականների ենք լսել, և այս կապակցությամբ տեսանկարահանվել են այդ զինվորականները, և եթե այդ նյութերը Հատուկ քննչական ծառայության տիրապետման ներքո են, ապա դրանք բավարար են՝ արձանագրելու, որ, այո, զորքը դեռևս մարտի 1-ին կեսօրից սկսած, առանձին զորամիավորումներ և առանձին անհատներ, առանձին մեքենաներ եղել են տարբեր՝ Մելիք-Ադամյան, Մաշտոցի փողոցներում տեղակայված, անգամ զինված զինվորականներ են եղել»:

Փաստաբանի պնդմամբ՝ Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանները այդ փաստերը շրջանցում են, «որովհետև հենց այստեղ է խոցելին Ռոբերտ Քոչարյանի անմիջական միջամտության, և մեղադրանքի հիմքում որպես իրավական փաստարկներ սրանք են մատնանշված»: «Եվ ասել, թե Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է սկսվել, իմ համար կոնկրետ ընդունելի չէ, որովհետև դեռևս 2010 թվականին այդ զեկույցներում ուղղակիորեն նրան ենք մեղադրել այս կարգի սահմանադրական նորմերի խախտումների և միջազգային հանրահայտ նորմերի խախտումների, մասնավորապես նաև՝ դրա հետ կապված անդրադարձել ենք մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակման հարցերին, որոնք արտահայտվեցին արտակարգ դրություն սահմանելով, իսկ արտակարգ դրությունը նաև նշանակում էր, որ ոչ միայն լրատվամիջոցների և մնացյալիս, այսինքն՝ ժողովրդի ակտիվ խավի անմիջական մասնակցություն նաև բացահայտմանը, այլ նաև ստեղծվեց ռեպրեսիվ իրավիճակ, և էդ քսան օրվա ընթացքում շատ կարևոր ապացույցներ ոչնչացվեցին, որի պատասխանատուն կրկին Ռոբերտ Քոչարյանն է», - հայտարարեց Սաֆարյանը և շարունակեց․ - «Որովհետև ես քրեական գործով նաև մոտ 10-12 անձի, քաղբանտարկյալի գործով մասնակցած փաստաբան եմ և շատ առարկայական կարող եմ ասել, որ այդ մեղադրանքի որոշումները կրել են զուտ քաղաքական բնույթ, դրանք ուղղված են եղել Լևոն Տեր-Պետրոսյանի անհնազանդությանը և նրա թիմի անհնազանդությանը՝ ընտրության արդյունքները չընդունելու առումով, և սա զուտ քաղաքական որոշումներ են եղել, և 20 օրվա ընթացքում, 20-21 օրվա ընթացքում շատ-շատերի գործերը նախաքննության ընթացքում շատ արագացված ուղարկվեցին դատարան: Սա խոսում է այն մասին, որ արտակարգ դրություն մտցնելու շարժառիթները շատ բազմազան են եղել, և կարծում եմ, որ Հատուկ քննչական ծառայությունը նաև կանդրադառնա դետալավորված, թե էլ ինչ նպատակի համար է հատկապես արտակարգ դրություն սահմանել Ռոբերտ Քոչարյանը, որը այսօր խոսում է ռեպրեսիաներից և իր թիմն է խոսում ռեպրեսիաներից, երբ որ մարտի 2-ին քաղբանտարկյալներին պաշտպանող փաստաբաններ անգամ քիչ կային, մատների վրա հաշվարկված՝ 5-6 հոգի, և խոսել, թե իրավունքի սահմանափակում չի եղել, կամ այդ ժամանակ թող վարույթն իրականացնող մարմինը ինքը բացահայտեր այդ ամենը, իմ համար անընդունելի է»:

«Ես ուզում եմ նաև ասել, որ այ այդ անորակ աշխատանքի արդյունքում է, որ 10 սպանություններից որևէ մեկի բացահայտման ուղղությամբ նույն Ռոբերտ Քոչարյանի վարչակազմը, այդ թվում՝ իր վարույթն իրականացնող մարմինները, անդրադարձ չեն արել, և կարծում եմ, որ խոսելու տեղ ընդհանրապես չունեն», - ասաց փաստաբանը:

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թարմազյանի հետ» հաղորդաշարի հուլիսի 29-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG