Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդման մասին խոսք լինել չի կարող, այսօր հայտարարեց Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) ղեկավար Սասուն Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի երկրորդ նախագահի մեղադրանքի որոշումը հիմնավորված է, բանակի ներգրավումը ներքաղաքական հարցերում քրեական պատասխանատվություն է առաջացնում, եթե ռազմական դրություն հայտարարված չէ, իսկ 2008 թվականին ռազմական դրություն չի եղել։
Քոչարյանի կալանավորումն էլ, ըստ Խաչատրյանի, անհրաժեշտ է քննության վրա նրա հնարավոր ապօրինի ազդեցությունը բացառելու համար:
Հակադարձելով նախկին նախագահի փաստաբանների և նրա թիմի այլ ներկայացուցիչների կողմից հնչող քննադատությանը՝ Հատուկ քննչական ծառայության պետը հայտարարեց․ - «Ես չեմ իջնում իրենց մակարդակին և անձնական վիրավորանքներով իրենց պատասխանել չեմ ցանկանում։ Մեր մեղադրանքի որոշումը այնքան հստակ է և այնքան հիմնավորված, որ ինձ համար անհասկանալի ու ծիծաղելի է այն մանիպուլյացիաները, որոնք արվում են պաշտպանական կողմից ներկայացուցիչների կողմից»:
Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1»-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար, նա կալանավորվել է հուլիսի 27-ին:
Երկրորդ նախագահը և նրա շահերի պաշտպանները պնդում են, որ նա ենթարկվում է քաղաքական հետապնդման և հաշվեհարդարի: