Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելով՝ Հատուկ քննչական ծառայությունը չի խախտել երկրի նախագահների անձեռնմխելիության սահմանադրական դրույթը: Այս տեսակետն են հայտնում են իրավաբաններ Տիգրան Եգորյանը և Մուշեղ Շուշանյանը, մանրամասնելով՝ 2008 թվականին Սահմանադրությունը նախագահին թույլ տալիս էր արտակարգ դրություն մտցնել, սակայն նույն հոդվածում նշված էր նաև, որ արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով: Իսկ այդ մասին օրենք 2008 թվականի մարտին չկար։ Այն ընդունվել է միայն 2012-ին:
«Նախագահն իր հրամանագրով արտակարգ դրություն հայտարարելով և հրամանագրով նախատեսելով արտակարգ դրության ռեժիմը, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից։ Ընթացակարգը հետևյալն է՝ պետք է օրենք լիներ, օրենքի հիման վրա և օրենքի առկայության դեպքում՝ նախագահը կարող էր օգտվել արտակարգ դրություն հայտարարելու իր լիազորությունից։ Այդ լիազորությունն իրականացնելու համար անհրաժեշտ էր, որպեսզի 2008 թվականին ԱԺ-ի կողմից ընդունված լիներ արտակարգ դրության ռեժիմի մասին օրենքը»,- ասում է Մուշեղ Շուշանյանը։
Սահմանադրության140-րդ հոդվածի համաձայն՝ հանրապետության նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել լիազորությունների ավարտից հետո:
Իրավաբանները պնդում են՝ սահմանադրական նորմը չի խախտվել, քանի որ 2008-ի մարտի 1-20-ը Երևանում արտակարգ դրություն մտցնելով՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իրենց գնահատմամբ, իր կարգավիճակի հետ չկապված գործողություն է կատարել: Հետևաբար՝ լիազորությունների ավարտից հետո կարող է կանչվել պատասխանատվության: «Խախտվել, սահմանափակվել են անձանց իրավունքներ և դրանք չեն ունեցել ո՛չ օրինական հենք, ո՛չ իրավաչափ նպատակ»,- նկատում է Տիգրան Եգորյանը։
Արդարդատության նախկին նախարար, հանրապետական պատգամավոր Դավիթ Հարությունյանի համոզմամբ, մինչդեռ, մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելը ծայրաստիճան մտահոգիչ է և հակասում է Սահմանադրության՝ նախագահի անձեռնմխելիության մասին դրույթին:
Երեկ ՀՔԾ-ն երկրորդ նախագահին մեղադրանք առաջադրեց քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի՝ Սահմանադրական կարգի տապալման հատկանիշներով: Օրենսգրքում համապատասխան դրույթը, սակայն, ավելացվել է միայն 2009 թվականին։ 2008-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքով՝ ընտրողների ձայների 21,5 տոկոս հավաքած քաղաքական ուժը ընտրությունների արդյունքները վիճարկելու համար դիմել էր ՍԴ: Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի համակիրներն այդ գործընթացին զուգահեռ ցույցեր էին իրականացնում։
Մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա: Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին: Իրավաբան Տիգրան Եգորյանը մեկնաբանում է, թե ինչ է իրենից ներկայացնում այս իրավիճակում Քոչարյանին առաջադրած սահմանադրական կարգի տապալում մեղադրանքը:
«Այս պրոցեսների նկատմամբ միջամտությունը, և այս պրոցեսները, ըստ էության, հանգեցրել են ժողովրդի իշխանության իրացման գործընթացի կապակցությամբ վեճի քննության անհնարինության՝ այդ վեճի քննությանը արտակարգ դրության պայմաննրում, այդ արտակարդ դրության պայմաններում սահմանադրական դատարանի առնվազն մեկ անդամի կողմից հայտարարված ճնշումների պայմաններում»,- «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Եգորյանը։
Հիշեցնեմ՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությամբ ՀՔԾ-ն դիմել է դատարան: Մեղադրանքն ապացուցվելու դեպքում Ռոբերտ Քոչարյանը կարող է ազատազրկվել 10-15 տարով: