Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ հրաժարվելու են իրենց նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդումներից։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Լավրովի այս հայտարարությունը տեղադրված է Ռուսաստանի արտաքին գերատեսչության պաշտոնական կայքէջում՝ որպես պատասխան անանուն մի լրատվամիջոցի հետևյալ հարցին՝ «ինչպե՞ս կարող եք մեկնաբանել Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, այդ թվում՝ ձերբակալությունները»։
«Երբ Հայաստանում այս տարվա մայիսին քաղաքական ճգնաժամ էր, մենք մեծ գոհունակությամբ նշում էինք, որ ի վերջո այդ ճգնաժամի հանգուցալուծումը գտնվեց բոլոր քաղաքական կուսակցությունների միջև փոխզիջման արդյունքում։ Հուսով էինք, որ հիմնվելով նման արդյունքի վրա՝ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, առաջին հերթին՝ նոր ղեկավարությունը, նոր իշխանությունը, այսուհետ ևս կառաջնորդվեն համախմբող մոտեցումներով և կամրապնդեն ազգային միասնությունը։ Սակայն վերջին օրերի իրադարձությունները ակնհայտորեն խաթարում են այս դրական տրամադրվածությունը, հակասում են Հայաստանի նոր ղեկավարության վերջին հայտարարություններին, թե մտադրություն չունեն հետապնդումներ իրականացնել իրենց նախորդների դեմ քաղաքական նկատառումներով», - պատասխանում է Լավրովը։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծում է՝ «Ռուսաստանը, որպես Երևանի դաշնակից, մշտապես շահագրգռված է եղել հայկական պետականության կայունությամբ, այդ իսկ պատճառով՝ այնտեղ կատարվող իրադարձությունները չեն կարող մեզ չմտահոգել, այդ թվում՝ ԱՊՀ տարածքում գործող այն կազմակերպությունների բնականոն գործունեության տեսանկյունից, որոնց անդամակցում է Հայաստանը»։
Լավրովը նաև հույս է հայտնել, որ Հայաստանում քաղաքական գործիչների ձերբակալությունների հետ կապված իրավիճակը կառուցողական լուծում կստանա։
«Վերջին օրերին մենք մի քանի անգամ փոխանցել ենք մեր այս մտահոգությունները Հայաստանի իշխանություններին։ Ակնկալում ենք, որ իրավիճակը, այդուամենայնիվ, կգնա կառուցողական ճանապարհով», - ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը չորս օր առաջ որոշեց երկու ամսով կալանավորել տասը տարի Հայաստանը ղեկավարած Ռոբերտ Քոչարյանին: Նա մեղադրվում է 2008-ի մարտիմեկյան արյունալի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Նույն արարքի մեջ են մեղադրվում նաև 2008-ին պաշտպանության փոխնախարար, այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը։ Հարությունյանը հետախուզման մեջ է, Խաչատուրովը ազատ է արձակվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց։ Շաբաթ օրը Հայաստանի արտգործնախարարությունը հայտնեց, որ նախաձեռնել է ՀԱՊԿ-ում Խաչատուրովին փոխարինելու գործընթաց։
Սերգեյ Լավրովը իր այս կարճ հարցազրույցում որևէ քաղաքական գործչի անուն չի նշում։
Պաշտոնը ստանձնելուց ի վեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանում վենդետաներ չեն լինելու, սակայն օրենքի առաջ բոլորն են հավասար։