Երեկվանից համացանցում լուսանկարներ են տարածվել, որոնց վրա հստակ երևում է, որ բարեկարգման նպատակով փակված այգում ուռենիներ են հատվել։
Թեև քաղաքապետարանը հայտարարել էր, որ բարեկարգման արդյունքում ծառեր չեն հատվելու, շատրվաններ են կառուցվելու, սակայն հիմա այգու միջնամասում գրեթե ծառեր չկան։
Այս այգին բարեկարգվում է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հատկացված միջոցներով:
«Ես հետաքրքրված եմ Երևանով և ես տեսել եմ երեկ: Ինչո՞ւ չեն հրապարակել, ինչո՞ւ չեն զգուշացրել, ինչո՞ւ ծառերը կտրելուց առաջ չեն ասել, թե ինչ են անելու․․․ Ես համաձայն չեմ էդ ուզբեկական խալիներին», - «Ազատությանն» ասաց ցուցարարներից մեկը:
Բողոքի ակցիայի մասնակիցները, հաղթահարելով մի քանի ոստիկանների դիմադրությունը, ներս մտան քաղաքապետարանի շենք, և 2-3 ժամ փակ էին պահում դեպի քաղաքապետի աշխատասենյակը տանող միջանցքը: Նրանք պահանջում էին, որ Տարոն Մարգարյանը դուրս գա և բացատրություն տա: Նրանք մի քանի անգամ փորձեցին ճեղքել ոստիկանների պատնեշը, բայց չկարողացան: Երիտասարդները սկսեցին պահանջել Տարոն Մարգարյանի հրաժարականը:
Ցուցարարների հետ փորձեցին բանակցել փոխքաղաքապետեր Կամո Արեյանը և Դավիթ Օհանյանը՝ առաջարկելով քաղաքապետի հետ հանդիպում կազմակերպել հարևանությամբ գտնվող «Մոսկվայի տան» դահլիճում կամ քաղաքապետարանի դահլիճներից մեկում՝ ցուցարարների ներկայացուցիչների խմբի հետ: Ցուցարարները մերժեցին այս առաջարկությունները:
Քաղաքապետարան եկավ Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
Լրագրողների հետ զրույցում նա ասաց․ - «Ես կարծում եմ, որ քաղաքապետը պետք է իր որոշումը կայացնի ոչ միայն քաղաքացիների պահանջով․․․ Դա նորմալ քաղաքական իրողություն է, երբ քաղաքական թիմը հեռանում է, քաղաքական թիմը ամբողջությամբ է հեռանում: Էլ չեմ ուզում ասել այն տարիների վերաբերյալ, որ Տարոն Մարգարյանը և Հանրապետական կուսակցությունը ղեկավարել է Երևան քաղաքը: Միանշանակ Տարոն Մարգարյանը և մնացած բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, նախ որպես քաղաքական թիմի ներկայացուցիչներ, երկրորդը իրավիճակից ելնելով, երրորդը, վերջ ի վերջո իրենց արածներով «զմայլված լինելով», պետք է շուտ հեռանան: Որովհետև չի կարող լինեն նենց իրավիճակ, որ այս շարժումը մարի կամ որևիցե այլ ձև ստանա․․․ Ես դեռ ավագանու անդամ եմ նաև: Ես տեսել եմ նախագիծը, և նախագծի մեջ որևիցե բառ չի եղել ծառերի մասին․․․ Նախագծի մեջ բարեկարգում բառն ա եղել, բայց տեսեք, որ բարեկարգում բառի տակ արվել է այն, ինչ արվել է»:
Քիչ անց քաղաքապետարանի մոտ սկսեցին հավաքվել Տարոն Մարգարյանին աջակցող ցուցարարներ: Քաղաքապետի հրաժարականը պահանջող ցուցարարների պնդմամբ՝ նրանց զանգահարել-կանչել էին, նրանք բոլորը պետական աշխատողներ են:
Այնուհետև Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող ցուցարարները երթով շարժվեցին դեպի Գլխավոր դատախազություն՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու:
Երթն ավարտվեց Մաշտոցի պողոտայում գտնվող պուրակի մոտ, որտեղ նույնպես քաղաքապետարանը բարեկարգման աշխատանքներ է կատարում:
Իսկ եկավ իրեն աջակցող ցուցարարների մոտ դուրս եկած քաղաքապետ Մարգարյանը լրագրողներին ասաց․ - «Ես դատապարտում եմ: Հստակ երևում է, որ օրենքի խախտում է եղել, ակտիվիստները ներխուժել են քաղաքապետարանի շենք և փորձել են քաղաքապետարանի բնականոն աշխատանքները խանգարել: Ես կոչ եմ անում մեր իրավապահ մարմիններին, որ զբաղվեն այս հարցով: Որպես տեղական ինքնակառավարման մարմին, մենք անկախ ենք և մեր աշխատանքները, մեր ծրագրերը իրականացնում ենք: Նման անօրինականությունները մենք չենք հանդուրժի: Մյասնիկյանի արձանի հետևի այգու վերաբերյալ ուզում եմ մեր քաղաքացիներին տեղեկացնել, որ դեռ նախորդ տարի, դեռ տասը տարի առաջ այս այգին տրված էր վարձակալության: Մենք խնդրեցինք վարձակալին, և վարձակալը հետ վերադարձրեց Երևանին, և Վարդանյանների ընտանիքը փորձեցին իրականացնել այն բարեկարգման աշխատանքները, որ այժմ իրականացնում են: Մենք խնդրել ենք Վարդանյանների ընտանիքին, բոլոր պատասխանատուներին, որ այսօր լրատվամիջոցներով ներկայացնեն ամբողջ ծրագիրը: Այգին լինելու է համայնքինը: Ինչ մնում է ծառերի հատմանը, որոշակի հատումներ եղել են, դա մասնագիտական եզրակացություններ են: Եթե իրականում որոշ քանակի ծառեր են կտրվել, համոզված եղեք՝ մի քանի անգամ ավել ծառեր են տնկվելու»:
«Ամբողջ աշխարհում ընդունված չէ, երբ որ մի քաղաքական ուժ գալիս է իշխանության և փորձի ճնշել տեղական իշխանությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, ընտրովի մարմիններին», - շարունակեց Մարգարյանը: - «Մենք շարունակում ենք մեր աշխատանքը, մենք շենացնելու ենք Երևանը»: