Նրանք պահանջում են, որ Տարոն Մարգարյանը հետևի Սերժ Սարգսյանի օրինակին և հրաժարական ներկայացնի։
Երևանի ավագանու նախկին անդամ Գագիկ Բաղդասարյանն ասաց, որ իրենք որևէ նախաձեռնություն չեն ներկայացնում․ պարզապես քաղաքացիներ են, ովքեր պահանջում են, որ ոչ միայն Տարոն Մարգարյանը, այլև Հանրապետական կուսակցության անդամ բոլոր իշխանավորները լքեն իրենց պաշտոնը․ - «Երկրում տեղի է ունեցել հեղափոխությունը, և կարծես թե Տարոն Մարգարյանը դրանից տեղյակ չէ: Երբ որ հարցնում են՝ հրաժարականի մասին ժողովրդի պահանջին ո՞նց եք արձագանքում, ասում ա՝ օրակարգում այդպիսի հարց չի քննարկվում: Բա մենք ստեղ ի՞նչ ենք անում․․․ Միլիոնավոր հայ մարդիկ դուրս են եկել՝ Սերժի հրաժարականը պահանջելով: Դա չի նշանակում, որ մի անձը պետք է հրաժարական տա, և մենք հանգստանանք, ասենք՝ ամեն ինչ նորմալ ա: Մեր երկրում այնքան խնդիրներ կան չլուծված․․․ Իսկ Երևան քաղաքում ստեղծված համակարգը մեր քաղաքը ոչնչացնում ա»:
Ավագանու նախկին անդամի խոսքով, մայրաքաղաքի իշխանությունները այսօր գումար են մսխում, իսկ իրականացվող փոքր ծրագրերն էլ որպես հրաշք են ներկայացնում։
Գագիկ Բաղդասարյանը հիշեցնում է, որ իրենք Նիկոլ Փաշինյանի սկսած շարժման շրջանակներում են այժմ փողոց դուրս եկել: Քանի որ միայն Սերժ Սարգսյանի դեմ չէին պայքարում, ուստի հեղափոխությունը դեռ չի ավարտվել․ - «Էս իրավիճակը ինչքան էլ որ ձգեն, միևնույն է․․․ Սերժից ոչ թող ուժեղ պատկերացնեն իրենց, ոչ էլ հզոր: Ուղղակի Սերժը պետք ա ժամանակին հասկանար, որ հեռանալով պետք է էս իրա խունտան իրա հետ տանի: Հակառակ դեպքում ավելի վատ օրեր են իրենց սպասվում: Դա ես չեմ ասում, դա ասում են Հայաստանի Հանրապետության միլիոնավոր քաղաքացիները: Մերժում ենք Տարոնին ոչ թե նրա համար, որ Տարոնին չենք սիրում, այլ որովհետև նրանք տարիներ շարունակ քանդել են մեր տուն ու տեղը, մեր երկիրը, մեր պետությունը մեր քաղաքը»:
Քաղաքապետարանի մոտ հավաքված քաղաքացիները կոչ արեցին Տարոն Մարգարյանին խաղաղ հեռանալ պաշտոնից։ Հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը տեղյակ է այս ակցիայի մասին, ցուցարարները արձագանքեցին, թե երբ վարչապետը Սոչիից վերադառնա կտեղեկանա և, կարծում են, կաջակցի իրենց, քանի որ անհասկանալի պահանջ չեն ներկայացնում։
«Մենք ուզում ենք պարզապես Հանրապետականի այս ստոր իշխանությունից վերջնականապես ազատվել», - ասաց ցուցարարներից մի կին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեք օր առաջ արձագանքել էր իր հրաժարականի կոչերին՝ ասելով, որ նման հարց չի քննարկում։ Այսօր «Ազատության» հետ զրույցում քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետ Արթուր Գևորգյանը ասաց, որ իրենց օրակարգը չի փոխվել․ - «Մեր օրակարգում նման հարց չկա: Քաղաքի կառավարման թիմն էլ բնականոն հունով շարունակում է իր աշխատանքները՝ ապահովել քաղաքային տնտեսության անխափան կենսագործունեությունը»:
Քաղաքապետարանի դիմացից ցուցարաները ավտոերթով շարժվեցին Երևանի կենտրոնական փողոցներով, այնուհետև ուղևորվեցին ծայրամասեր։ Նրանք ասացին, որ սա իրազեկման ավտոերթ է, իսկ վաղն առավոտյան Երևանի քաղաքապետարանի դիմաց Տարոն Մարգարյանի հրաժարականի և նոր ընտրություններ անցկացնելու պահանջով բողոքի ակցիա կիրականացնեն։