Ցուցարարները ներխուժեցին Երևանի քաղաքապետարանի շենք։ Նրանք «Տարոն, հեռացիր» կոչով փորձում են բարձրանալ քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատասենյակ։
Քաղաքապետարանի աշխատողները երրորդ հարկում փակել են ցուցարարների ճանապարհը։
Փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն առաջարկեց հանդիպում ոլորտի պատասխանատուների հետ։ «Եկեք բարձրանանք դահլիճ, համապատասխան աշխատակիցները, աշխատակազմի ղեկավարը էն հարցի համար, ինչի համար դուք եկել եք, տան էդ հարցերի պատասխանները», - ասաց փոխքաղաքապետը։
Ցուցարարները հայտարարեցին, որ պահանջում են նաև Տարոն Մարգարյանի ներկայությունը։
Բանակցությունները դեռ շարունակվում են։
Նշենք, որ այսօր ավելի վաղ ցուցարարները «Մերժենք Տարոնին և իր բարեկարգումը» կոչով բողոքի ակցիա իրականացրեցին Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող պուրակի մոտ։
Երեկվանից Ֆեյսբուք սոցիալական ցանցում լուսանկարներ են տարածվել, որ բարեկարգման նպատակով փակված այգում ուռենիներ են հատվել։
Ցուցարարներն այսօր հեռացրեցին ցանկապատը, պարզաբանելով՝ որպեսզի քաղաքացիները տեսնեն, թե ինչ է կատարվում այգու ներսում։
Թեև քաղաքապետարանը հայտարարել էր, որ բարեկարգման արդյունքում ծառեր չեն հատվելու, շատրվաններ են կառուցվելու, սակայն հիմա այգու միջնամասում գրեթե ծառեր չկան։