«Մերժենք Տարոնին և իր բարեկարգումը» կոչով Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող Երևանի 2800-ամյակի այգու մոտ ցուցարարները բողոքի ակցիա են իրականացնում։
Երեկվանից Ֆեյսբուք սոցիալական ցանցում լուսանկարներ են տարածվել, որ բարեկարգման նպատակով փակված այգում ուռենիներ են հատվել։
Ցուցարարներն այսօր հեռացրեցին ցանկապատը, պարզաբանելով՝ որպեսզի քաղաքացիները տեսնեն, թե ինչ է կատարվում այգու ներսում։
Թեև քաղաքապետարանը հայտարարել էր, որ բարեկարգման արդյունքում ծառեր չեն հատվելու, շատրվաններ են կառուցվելու, սակայն հիմա այգու միջնամասում գրեթե ծառեր չկան։
«Մենք այսօր քողազերծում ենք Տարոն Մարգարյանի հովանավորչության ներքո կատարված հանցագործությունը։ Կոչ եմ անում ոստիկաններին, նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ գալ քաղաքապետարան և ձերբակալել Տարոն Մարգարյանին», - ասաց ցուցարարներից մեկը։
Ցուցարարների հետ հանդիպման դուրս եկած Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը հայտարարեց. - «Նախագիծը համաձայնեցված է, բոլոր հարցերի պատասխանները եղել են մասնագիտական քայլերով, որևէ մեկը ինքնագործունեություն, վստահաբար, չի կատարել, ամբողջը եղել է համաձայնեցված և մասնագիտացված քայլերով»։
Նշենք, որ երեկ քաղաքապետարանը այգու շինաշխատանքների վերաբերյալ պարզաբանում էր ներկայացրել։
Պարզաբանման մեջ մասնավորապես նշված էր. - «Մայրաքաղաքի Իտալիայի և Բեյրութի փողոցների միջնամասում գտնվող այգում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում, մասնագիտական համապատասխան եզրակացությամբ, հատվել են չոր և ծերացած ծառեր: Միևնույն ժամանակ տեղեկացրել ենք, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավել քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն: Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին, Երևանի ավագանու որոշմամբ, հավանություն է տրվել Երևան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգին «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից բարեկարգելու առաջարկին, որը կնվիրվի Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին»:
Քաղաքապետարանը նաև նշել էր, որ «Վարդանյան ընտանիք»-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այգում կարգելվի որևէ առևտրային գործունեության իրականացումը:
Հիմնադրամը պարտավորվել է շինարարական և բարեկարգման աշխատանքներն ավարտել 2018 թվականի սեպտեմբերին: