Մատչելիության հղումներ

Շավարշ Քոչարյան․ Լավրովն առանձին չի գործում, գործում է եռանախագահների ձևաչափում


Երևան ու Բաքու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցից օրեր առաջ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց՝ ղարաբաղյան բանակցություններում որոշակի ակտիվություն կա, սակայն անմիջապես հավելեց՝ Լավրովն առանձին չի գործում, գործում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափում:

Այսօր կառավարության նիստից հետո Քոչարյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք Սերգեյ Լավրովն իր հետ բերում է առաջարկություններ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:

«Ռուսատանի արտգործնախարարը չի գործում առանձին, ինքը գործում է այդ ֆորմատի մեջ՝ եռանախագահության, այդ տեսակետից մի քիչ տարօրինակ է, երբ որ անընդհատ փորձում են առանձնացնել։ Առավել ևս, որ ինքը նույնիսկ մի քանի անգամ նույնիսկ հրապարակային հերքել է», - ասաց Շավարշ Քոչարյանը։

Նախորդ օրերն առանձնացան դիվանագիտական ուշագրավ զարգացումներով. Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը նոյեմբերի 13-ին Սոչիում մի քանի ժամ բանակցեցին՝ քննարկելով նաև տարածաշրջանային հարցեր: Հաջորդ օրը՝ նոյեմբերի 14-ին, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնեց Մոսկվա, ուր հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Երեկ աշխատանքային այցով Մոսկվայում էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, նրան հյուրընկալեց Ռուսաստանի նախագահը: Եվ վերջապես, սպասվում է, որ հաջորդ շաբաթ Երևան ու Բաքու է ժամանելու Ռուսաստանի արտգործնախարարը:

«Գիտեք, մի կողմից այն այցերը, որ Դուք նշում եք, վաղուց պլանավորված էին, ինչ-որ վերաբերում է մշակութային օրերին, դա արդեն ծրագիր է, որը վաղուց նախապատրաստվում էր, նույնն էլ վերաբերվում է Լավրովի այցին, որը կապված է դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի հետ: Մյուս կողմից նաև ակնհայտ է, որ որոշակի ակտիվություն կա համանախագահողների կողմից կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ, և բնական է, որ նմանատիպ հանդիպումների ժամանակ նույն արտգործնախարարները միշտ էլ ազատ են՝ քննարկել ցանկացած հարց, առավել ևս այն հարցերը, որոնք այդքան կարևոր են», - ասաց Հայաստանի փոխարտգործնախարարը։

Շավարշ Քոչարյանի խոսքով, որպեսզի բանակցային գործընթացում առաջընթաց լինի, պետք է կողմերի միջև վստահություն լինի, իսկ դա ենթադրում է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացում․ - «Արդեն քանի տարի է ոչ միայն չկա առաջընթաց բանակցային գործընթացում, այլ նաև իրավիճակը որոշակի առումով պայթյունավտանգ է, ինչի ապացույցն ենք նախորդ տարվա ապրիլյան դեպքերը: Այդ տեսակետից չենք կարող մտահոգված չլինել, առավել ևս, որը բազմիցս նշվել է՝ երեք համանախագահող երկրները հանդիսանում են նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ: Եվ, բնական է, իրենց համար միանգամայն անընդունելի է, եթե վերսկսվեն ռազմական գործողությունները»:

Առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կամ արտգործնախարարների միջև հանդիպումների մասին, Քոչարյանի փոխանցմամբ, «որևէ խոսակցություն չկա»․ - «Այն հանգամանքը, որ երկու արտգործնախարարների հետ առանձին-առանձին հանդիպում են, չի բացառում, որ կարող է միջնորդները առաջարկեն առաջին հերթին արտգործնախարարների հանդիպում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG