Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում հանդիպել է Մինսկի խմբի համանախագահների հետ


Մոսկվա, 14-ը նոյեմբերի, 2017 թ․
Մոսկվա, 14-ը նոյեմբերի, 2017 թ․

Ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, առաջիկայում Ռուսաստանի արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովը կմեկնի նախ Հայաստան, ապա Ադրբեջան:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Մոսկվայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ՝ ռուսաստանցի Իգոր Պոպովի, ֆրանսիացի Ստեֆան Վիսկոնտիի և ամերիկացի Էնդրյու Շեֆերի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Ըստ Հայաստանի արտաքին գերատեսչության հաղորդագրության, մոսկովյան հանդիպման մասնակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առաջմղման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու հնարավորությունը:

Նախարարը և միջնորդները քննարկել են Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում կայացած գագաթնաժողովների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Կողմերն անդրադարձել են առաջիկայում արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի միջև հանդիպում կազմակերպելու հնարավորությանը:

Ըստ АПА ադրբեջանական լրատվական գործակալության, գալիք հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Մոսկվայում հանդիպում կունենա նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, առաջիկայում Ռուսաստանի արտաքին գործոց նախարար Սերգեյ Լավրովը կմեկնի նախ Հայաստան, ապա Ադրբեջան:

«Հենց հաջորդ շաբաթասկզբին ծրագրված են իմ այցերը Երևան և Բաքու: Դրանք առնչվում են ռուս-հայկական և ռուս-ադրբեջանական դիվանագիտական կապերի հաստատման 25-ամյակին: Օրակարգում երկկողմ հարաբերությունների հարցերն են, այդ երկու երկրների հետ մենք ունենք հագեցած և հարուստ հարաբերություններ»,- ասել է Լավրովը:

Նրա փոխանցմամբ, հանդիպումների ընթացքում կքննարկվեն միջազգային խնդիրներ: «Կփորձենք հասկանալ, թե Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո որ փուլում են գտնվում մեր ջանքերը ղարաբաղյան կարգավորման առումով»,- նաև ասել է Լավրովը:

Մինչդեռ, Ռուսաստանի արտգործնախարարի այդ տարածաշրջանային այցին ընդառաջ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ կոշտ ձևակերպումներով ներկայացրել է Ղարաբաղի հարցում իր երկրի պաշտոնական տեսակետը, որը հնչեցրել է «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության հիմնադրման 25-ամյակին նվիրված հավաքում:

«Մենք որևէ փոփոխություն չենք նախատեսում մեր սկզբունքային դիրքորոշման մեջ: Հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի մեր երկրի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի շրջանակում»,- ասել է Ալիևը և ավելացրել. «Ուրիշ ճանապարհ չկա, մենք երբեք թույլ չենք տա մեր պատմական տարածքում ստեղծել հայկական երկրորդ պետությունը»: Նա պնդել է, որ Ադրբեջանը ցանկացած գնով կվերականգնի տարաքծային ամբողջականությունը: Ալիևի փոխանցմամբ՝ Ադրբեջանը հետևողականորեն հզորացնելու է իր զինուժը:

«Համաձայն միջազգային վարկանիշների, մեր բանակն աշխարհում ամենահզոր բանակներից է, բանակին կտրվեն այնքան միջոցներ և տեխնիկա, որքան կպահանջվի, առանց սահմանափակումների»,- ասել է Ալիևը:

Հայաստանի ղեկավարությունը դեռ չի արձագանքել Ալիևի հերթական սպառնալիքներին: Նշենք, սակայն, որ վաղը նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա, որտեղ նախատեսված է Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի հանդիսավոր բացումը: Այն նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական կապերի հաստատման 25-ամյակին: Պուտինի և Սարգսյանի հանդիպման օրակարգում երկկողմ հարաբերությունների, ԵԱՏՄ-ի և տարածաշրջանի խնդիրներն են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG