Մատչելիության հղումներ

Մամեդյարով. Պահանջում ենք, որ Ղարաբաղի հարցով բանակցությունները կոնկրետ արդյունքներ ունենան


Բաքվում այսօր կայացած մամուլի ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտնել է, որ երեկոյան մեկնելու է Մոսկվա, որտեղ վաղը հանդիպելու է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ:

«Հանդիպման օրակարգը հայտնի է: Մենք ցանկանում ենք, որ բանակցությունները չլինեն հանուն բանակցությունների: Նույնիսկ պահանջում ենք, որ կոնկրետ արդյունքներ լինեն: Նախագահների հանդիպմանը ևս նշվել է, որ բանակցությունները պետք է ակտիվ բնույթ կրեն: Ես Մոսկվա եմ մեկնում այս դիրքորոշմամբ», - ասել է Մամեդյարովը:

Նա խոսքերով՝ ժամանակն է լուծելու ղարաբաղյան հակամարտությունը: «Բոլորը գիտեն, որ բանակցությունները պետք է արդյունավետ լինեն: Ստիպողաբար տեղահանվածները պետք է հետ վերադառնան, և խաղաղություն հաստատվի: Ադրբեջանը պնդում է, որ այդ հարցը տեղից պետք է շարժել», - APA գործակալության փոխանցմամբ՝ Բրազիլիայի արտգործնախարարի հետ Բաքվում կայացած մամուլի համատեղ ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Մոսկվայում հանդիպել էին երեկ:

Գալիք շաբաթվա սկզբին Հայաստան և Ադրբեջան է այցելելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG