Մատչելիության հղումներ

Սարգսյանը և Պուտինը քննարկել են ղարաբաղյան գործընթացը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Կրեմլում, Մոսկվա, 15-ը նոյեմբերի, 2017թ․
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Կրեմլում, Մոսկվա, 15-ը նոյեմբերի, 2017թ․

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը երեկ Կրեմլում քննարկել են ղարաբաղյան կարգավորման գործընթացը: Այս մասին հաղորդում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Մանրամասներ, սակայն, ոչ Սարգսյանի, ոչ էլ Պուտինի մամլո գրասենյակները չեն փոխանցում:

Հիշեցնենք, նոյեմբերի 13-ին Ռուսաստանի նախագահը Սոչիում հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Պուտինի հետ քննարկելու է ղարաբաղյան խնդիրը: Ղարաբաղի մասին, սակայն, Սոչիում բանակցություններից հետո ոչ Պուտինը, ոչ էլ Էրդողանը չեն խոսել:

Եկող շաբաթ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այցելելու է Երևան և Բաքու: «Կփորձենք հասկանալ՝ որտեղ ենք գտնվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերի շրջանակում, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջերս կայացած հանդիպումից հետո», - ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել էին անցած ամիս Ժնևում:

Նոյեմբերի 14-ին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, այսօր էլ հանդիպելու են Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ:

Երեկ Կրեմլում հանդիպման ժամանակ Ռուսաստանի և Հայաստանի նախագահները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը և երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդումն ու զարգացումը:

Նրանք անդրադարձել են նաև ավելի վաղ, մասնավորապես՝ Հայաստանի նախագահի մարտին կայացած այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, անվտանգության, հումանիտար և մշակութային ոլորտներում երկու երկրների միջև համագործակցությանը:

Հանդիպումից հետո Սարգսյանը և Պուտինը Տրետյակովյան պատկերասրահում բացել են Ռուսաստանում Հայաստանում մշակույթի օրերը: Աշխարհի ամենահայտնի պատկերասրահներից մեկում բացվել է հայ մեծ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի ցուցահանդեսը:

Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին է հանձնել ռուս հայտնի նկարիչ Միխայիլ Վրուբելի «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը, որը Հայաստանից գողացվել էր դեռ 1995 թվականին: Հայաստանին այդ նկարը փոխանցելու մտադրության մասին Ռուսաստանի նախագահը հայտնել էր դեռևս այս տարվա մարտի 15-ին՝ Մոսկվայում հայ գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG