Մատչելիության հղումներ

Լավրովը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Առաջիկա օրերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այցելելու է Հայաստան և Ադրբեջան: Այդ մասին նա ասել է երեքշաբթի օրը Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում:

«Մենք այդ մասին դեռ չենք հայտարարել, բայց որևէ գաղտնիք չկա: Հաջորդ շաբաթվա հենց սկզբին պլանավորված են իմ այցելությունները Երևան և Բաքու: Առաջին հերթին այցերը կատարվում են Ռուսաստանի՝ համապատասխանաբար Հայաստանի ու Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առիթով: Օրակարգում, իհարկե, կներառվեն այդ երկրներից յուրաքանչյուրի հետ երկկողմ հարաբերությունները, որոնք հագեցած են և հարուստ», - ասել է Լավրովը՝ նշելով, որ անդրադառնալու են նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների: «Այդ թվում կփորձենք հասկանալ՝ որտեղ ենք գտնվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ջանքերի շրջանակում, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջերս կայացած հանդիպումից հետո», - նշել է նա:

Հիշեցնենք, անցած տարի մամուլը շատ էր գրում, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման «Լավրովի պլան» գոյություն ունի, ինչը, սակայն, Ռուսաստանի արտգործնախարարը հերքում էր:

Այս օրերին Մոսկվայում ակտիվացել են ղարաբաղյան բանակցությունները: Մինչ Լավրովի տարածաշրջանային այցը, նոյեմբերի 16-ին Մոսկվա է մեկնելու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ հանդիպելու այնտեղ գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակը:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը միջնորդներին հանդիպել է երեկ:

Իսկ այսօր Մոսկվա է մեկնում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի՝ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Բանակցություններից բացի՝ նրանք Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում կմասնակցեն Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG