Մատչելիության հղումներ

Միջնորդները պլանավորում են մինչև տարեվերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում. Զախարովա


Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվայում` ԱՊՀ նախարարական հանդիպմանը, 8-ը ապրիլի, 2016թ.
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվայում` ԱՊՀ նախարարական հանդիպմանը, 8-ը ապրիլի, 2016թ.

Ռուսաստանի արտգործնախարարությունը հաստատել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման ԵԱՀԿ միջնորդները պլանավորում են մինչև տարեվերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում։

«Ելնելով Ղարաբաղի կարգավորման հարցով ժնևյան գագաթաժողովի արդյունքներից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պլանավորում են մինչև տարեվերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում։ Այդպիսի շփումներ պլանավորված են», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

Հանդիպման օր նա չի հայտնել։ Զախարովան նաև ասել է, որ տարբեր ձևաչափերով շփումները չեն բացառվում՝ դրանք մշակման փուլում են։

Նշենք, որ հոկտեմբերի 16-ին Ժնևում հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը։ Շուրջ մեկուկես տարվա ընդմիջումից հետո Սարգսյանն ու Ալիևը շարունակեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները։

Ժնևյան բանակցություններից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, որ հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, և նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել՝ բանակցային գործընթացն ավելի ակտիվ դարձնելու համար։

Անցած շաբաթ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ասել էր, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հնարավոր է հանդիպի Մոսկվայում։ «Նոյեմբերի 16-ին Մոսկվայում ես հանդիպելու եմ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ քննարկելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ Դրանից մի քանի օր առաջ Մոսկվայում են լինելու Հայաստանի նախագահը և արտգործնախարարը։ Առաջարկ կա համանախագահների հետ միասին եռակողմ հանդիպում ունենալ, սակայն դեռ հստակ կարող եմ միայն հայտնել համանախագահների հետ իմ հանդիպման մասին», - ասել էր Մամեդյարովը։

Նշենք, որ եկող շաբաթ ակնկալվում է Հայաստանի պատվիրակության այցը Մոսկվա։ Նոյեմբերի 15-ին Մոսկվայում բացվելու են Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերը, և Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանն ասել էր, թե ակնկալում են, որ Հայաստանի նախագահը կմասնակցի այդ միջոցառման հանդիսավոր բացմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG