Մատչելիության հղումներ

Լևոն Զուրաբյան․ Դրանք մինիմալ պահանջներ են


ԸՕ նախագիծը քննարկում են ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: 29-ը փետրվարի, 2016 թ․
ԸՕ նախագիծը քննարկում են ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: 29-ը փետրվարի, 2016 թ․

15 ընդդիմադիր ուժեր ու հասարակական կազմակերպություններ Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ միասնական պահանջներ են ներկայացրել իշխանությանը՝ ընտրակեղծարարությունը կանխելու նպատակով:

Այդ պահանջներ են․ հրապարակել քվեարկությանը մասնակցած քաղաքացիների անունները, վրացական մոդելով մաքրել ընտրացուցակները («պետք է պարզվել հանրապետությունում չգտնվող քաղաքացիները և ընտրողների ցուցակների մեջ այդ անձանց անվան դիմաց լինի առանձին նշում՝ հանրապետությունից բացակայելու մասին»), Ազգային ժողովի ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով՝ բացառելով տարածքային ու վարկանիշային ցուցակները, տեսանկարահանել ընտրական տեղամասերում քվեարկության և արդյունքների ամփոփման ողջ գործընթացը, կիրառել մատնահետքերով նույնականացման համակարգ կամ ներդնել մատների թանաքոտման կարգ։

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասում է, որ բոլոր 5 պահանաջներն իշխանությունը պետք է կատարի․ - «Դրանք մինիմալ պահանջներ են: Ես չեմ ուզում որևէ բան զիջել․․․ Տնտեսական վիճակը Հայաստանի շատ վատ է, մենք շարժվում են դեպի կոլապս: Իշխանություններն էլ հասկանում են, որ նման վիճակում չեն կարողանա մարսել վճռական, անզիջում ընթացքը դեպի նոր ընտրակեղծարարություն»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի խոսքով, աշխատելու են նաև միջազգային կառույցների հետ՝ հորդորելով աջակցել իրենց պահանջների ընդունմանը․ - «Եթե իշխանությունները, այնուամենայնիվ, չկատարեն այդ պահանջներից որևէ մեկը կամ դրանց մի մասը, մենք, իհարկե, չենք կարող Հայաստանում հեղափոխություն անել և այնպիսի Ընտրական օրենսգիրք ընդունել, որը կցանկանանք: Բայց մենք բոլոր հնարավորություններով հասնելու ենք նրան, որպեսզի կատարվի՝ սկսած ամենահասարակ լոբբինգից, վերջացրած՝ հանրային կարծիքի ձևավորում, միջազգային մարմինների ներգրավում»:

Միասնական պահանջներին միացած Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը չբացառեց նաև հանրահավային պայքարը՝ հավելելով․ - «Բոլոր հնարավոր օրինական և բարոյական միջոցները մենք ներդնելու ենք, որպեսզի իշխանությունը ազդվի վերջապես»:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը վերջնագրերի լեզուն չի ընդունում․ - «Վերջը կա՛մ լինելու է քննարկում իրենց հետ, կա՛մ կլինի քննարկում այլ ուժերի հետ: Ուլտիմատումներ իսկապես ընդունելի չեն, և սա քաղաքական գործընթաց չէ: Ինքնանպատակ չէ՞ այն ամեն ինչը, ինչ ասվում է․․․ Ամեն ինչը պետք է որոշակի նպատակի ծառայի: Եվ եթե կան ավելի հաջող գործիքներ, ավելի ժամանակակից գործիքներ, ինչո՞ւ չօգտագործել այդ գործիքները»:

Անցած շաբաթավերջին հանրապետական Դավիթ Հարությունյանն ընդունել էր 4+4+4 ձևաչափով ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ բանակցելու՝ Լևոն Զուրաբյանի առաջարկը։ Քննարկման մասնակիցները, սակայն, դեռևս անհայտ են։

Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը առաջարկը խոցելի է համարում, իսկ տեխնիկական իմաստով՝ անիրագործելի․ - «Ես գիտեմ ընտրություններով շատ հետաքրքրված կազմակերպություններ, որոնք կարող են արդարորեն նստել, իրենց միջից չորս հոգի ջոկել: Մյուս օրը ինչ-որ մի խումբ կարող է ասել՝ ախպեր ջան, մենք էլ ունենք չորս հոգի, արեք որոշենք՝ ո՞րն է գնալու: Սա իսկապես տեղապտույտի և արդյունք չբերող չարչարանքի հարց է»:

Դանիել Իոաննիսյանը փոխանցեց, որ երեկ հավաքվել են ու որոշել՝ եթե քաղքասարակությանը հրավերը լինի, կմասնակցեն․ - «Իհարկե, մենք չենք կարող Հայաստանում գործող շուրջ 5-6 հազար հասարակական կազմակերպությունների անունից մանդատ ապահովել այս չորս ներկայացուցիչների համար: Բայց մենք կարող ենք ապահովել այն կազմակերպությունների մանդատը, ովքեր առավել հայտնի են այս հարցերում, ովքեր հանրային վստահություն են վայելում այս հարցերում»:

Հարցին, թե ինչպես են ընտրելու, Իոաննիսյանը պատասխանեց․ - «Պարզ ձևով․ առաջադրվել են թեկնածուներ, և այդ հասարակական կազմակերպությունները քվեարկելու են, ընտրելու են չորս թեկնածուներին»:

Լևոն Զուրաբյանն ասաց, թե խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր 4 խմբակցություններն էլ համաձայնել են մասնակցել իշխանության հետ քննրակումներին․ - «Ինձ իշխանությունն ասել է՝ ներկայացրեք ցուցակը: Հիմա ցուցակը ներկայացնելուն խանգարում է միայն այն վիճակը, որ դեռ ձևավորված չէ քաղաքացիական հասարակության պատվիրակությունը: Հենց որ դա լինի, այդ ցուցակը ես կներկայացնեմ»:

Իշխանության բանակցելու պատրաստակամությունն այսօր ես մեկ անգամ վերահաստատեց Դավիթ Հարությունյանը․ - «Մենք պատրաստ ենք քննարկումների ցանկացած ֆորմատով՝ եթե այդ ֆորմատի մասնակիցները չեն հավակնում լինել միակ ֆորմատը: Այսինքն, մենք չենք կարող մեզ սահմանափակել միայն այն չորս ուժերով, որոնք այդ ֆորմատում ներկայացված են լինելու, և քննարկումներ կծավալենք նաև այլ քաղաքական ուժերի հետ»:

XS
SM
MD
LG