Մատչելիության հղումներ

Իշխանություններն առաջարկում են ցուցակները ստուգել համակարգչային ծրագրով


Իշխանությունը դեմ է քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակմանը

Իշխանություններն առաջարկում են քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ցուցակները հրապարակելու փոխարեն, ինչն ընդդիմության ու քաղհասարակության հիմնական պահանջն է, դրանք ստուգել համակարգչային ծրագրի միջոցով:

«Ընտրություններից հետո մասնակիցների ամբողջ ցանկը` այսպես կոչված` էլեկտրոնային ընտրողների ստորագրած ցուցակները կհամեմատվեն միմյանց հետ: Ոչ թե կհրապարակվեն, այլ կլինի ծրագիր, որը ենթարկվել է տեխնիկական աուդիտի և որը կհամեմատի այդ ցուցակները պոստ ֆակտում, այսինքն` քվեարկությունից հետո», - այսօր Ազգային ժողովում կազմակերպված լսումների ընթացքում ասաց ընտրական նոր օրենսգրքի նախագծի վրա աշխատած խմբի անդամ, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Նախարարի խոսքով` դա հնարավորություն կտա պարզելու` արդյո՞ք անձինք մի քանի տեղ մասնակցել են ընտրություններին, թե ոչ, և արդյո՞ք նույն անձը հայտնվե՞լ է «ինչ-ինչ մանիպուլյացիաների հետևանքով» տարբեր ցուցակներում, թե ոչ:

«Մեր խորին համոզմամբ, այս առաջարկությունները շատ կոնստրուկտիվ առաջարկություններ են և հնարավորություն կընձեռեն բարձրացնելու վստահությունը գործընթացի նկատմամբ», - հավելեց նա:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց՝ կուսակցություններին տրվելո՞ւ է մատյաններն ու ցուցակները համեմատելու հնարավորություն: Դավիթ Հարությունյանը արձագանքեց` «ի՞նչ ձևով է համեմատվելու, արդյո՞ք կուսակցություններն ընկնելու են 2.5 միլիոնանոց ցուցակի վրա, փորձեն համադրեն… իհարկե` ոչ»:

Գյուրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանն ասում է՝ վստահություն չկա իշխանության առաջարկած նորագույն մեթոդների նկատմամբ. - «Հայաստանում իշխանությունը զավթված է, մարդիկ կան, որոնց լեգիտիմությունը լրջագույն կասկածի տակ է, և հիմա ինքը ասում է` գիտեք, ես հաղորդալարեր կանցկացնեմ, սերվեր և իսկապես կլինի իդենտիֆիկացում: Բայց` եղբայր, չեմ վստահում ես քեզ»:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ևս ցուցակների հարցը կարևորագույնն է համարում. - «Ոչ մի հարց չի հուզում, բացի այդ հարցից: Ասում են` եթե ցուցակները չէ, ուրեմն ուզում են բացակա անձանց փոխարեն քվեարկել»:

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ համաձայն են քննարկել և ընդունել, սակայն ոչ անհեթեթ պահանջները:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքով, անգամ եթե իշխանությունն անհեթեթ է համարում իրենց պահանջը՝ պետք է ընդառաջ գնա. - «Ընդառաջ գնացեք այդ անհեթեթությանը, որ ամբողջ ազգով ուզում են: Սահմանադրական էիք ասում` ասացին, որ հակասահմանադրական չի: Վենետիկ էիք ասում` Վենետիկը դեմ չի: ԵԱՀԿ էիք ասում` ԵԱՀԿ-ը դեմ չի: Ի՞նչ եք ուզում: Եթե դա հանգստացնելու է այս հասարակությանը, գնացեք դրանք ընդառաջ»:

Ընտրական նոր օրենսգրքի հեղինակներն առաջարկում են յուրաքանչյուր կուսակցության երկուական վստահված անձ ունենալու հնարավորություն տալ ընտրատեղամասերում:

Ինչ վերաբերում է լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության քննադատությանն արժանացած դրույթին, համաձայն որի` յուրաքանչյուր ընտրատեղամասում քվեարկությանը միաժամանակ կարող են հետևել ընդամենը 8 դիտորդ ու լրագրող, Հարությունյանն ասաց` նոր մոտեցումներ են ուրվագծվում. - «Կարծես թե զանգվածային լրատվության հետ կապված հանգում ենք այն եզրակացությանը, որ կարող ենք իրենց հանել այս սահմանափակումից, սակայն սահմանափակել յուրաքանչյուր ԶԼՄ-ի կողմից հավատարմագրվող լրագրողների թիվը: Այստեղ քննարկումները շարունակվում են, օրինակ` յուրաքանչյուր զանգվածային լրատվության միջոց կարողանա ներկայացնել 50 լրագրող»:

Լսումների ընթացքում բարձրացված հիմնական մտահոգություններից մեկը լրագրողների, դիտորդների աշխատանքի սահմանափակման հետ էր կապված: «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Դանեիլ Իաոնիսյանը նկատեց՝ սահմանադրական հանարքվեի ընթացքում խախտումների և կեղծիքների առյուծի բաժինը հենց լրատվամիջոցներն ու դիտորդներն են հայտնաբերել:

Դավիթ Հարությունյանն ասաց՝ լրատվամիջոցների մասով նոր լուծումներ են ուրվագծվում. - «Կարծես թե զանգվածային լրատվության հետ կապված հանգում ենք այն եզրակացությանը, որ կարող ենք իրենց հանել այս սահմանափակումից, սակայն սահմանափակել յուրաքանչյուր ԶԼՄ-ի կողմից հավատարմագրվող լրագրողների թիվը: Այստեղ քննարկումները շարունակվում են, օրինակ` յուրաքանչյուր զանգվածային լրատվության միջոց կարողանա ներկայացնել 50 լրագրող»:

Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց՝ դիտորդներին տեղամասից դուրս հանելու մեխանիզմ ներդնելը կամայականությունների կարող է հանգեցնել` «որովհետև կարող է տվյալ վստահված անձը մեկի նյարդերի վրա ազդել»:

Դավիթ Հարությունյանը հակադարձեց` «կարող է տվյալ վստահված անձը մեկի ներվերի վրա ազդի, բայց երկու-երրորդը` վեց հոգի, պետք է համաձայնության գան, որ ոչ միայն ներվերի վրա է ազդում, այլ խոչընդոտում է աշխատանքը»:

Ժողովրդավարության ազգային պլատֆորմի ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանի խոսքով, իշխանություններին առաջարիներ ներկայացնելն անիմաստ է. - «Այս պայմաններում ոչ միայն որևէ անհրաժեշտություն չկա իշխանություններին առաջարկով դիմելու, այլ կա կոչի անհրաժեշտություն` դիմելու հայաստանյան հասարակությանը և միջազգային հասարակությանը` ճնշումներ գործադրելու Հայաստանի իշխանությունների վրա, որպեսզի ընդունեն այդ առաջարկությունների փաթեթը, որոնք կապահովեն ընտրությունների ժամանակ վերահսկողության ավելի բարձր մակարդակ»:

Խորհրդարանի փոխխոսնակ Էդուրարդ Շարմազանովն էլ նկատեց. - «Ինձ մոտ այնպիսի տպավորություն կա, որ իմ հարգարժան որոշ ընդդիմադիր որոշ գործընկերներ կոնսենսուսը, կոնսոլիդացիան և ուլտիմատում բառերի իմաստը շփոթել են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG