Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի կարծիքով, Ընտրական օրենսգրքի այս նախագիծը «շատ ավելի վատն է, քան նախորդները»։
«Եվ սա տակտիկական հնարք է՝ շատ վատ օրենք բերել և աղմուկի, լրագրողների, հասարակության ճնշումների, պայքարի, առաջարկների շնորհիվ դարձնել շատ վատ օրենքը, վատ օրենք։ Բոլոր առումներով վատն է», - «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Մանուկյանը։
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ մինչև 1999 թվականը Հայաստանի Հանրապետության բոլոր ընտրությունների հաջորդ օրը տեղամասում կախվել են բոլոր այն մարդկանց ցուցակները, ովքեր մասնակցել են ընտրություններին, և, ըստ Մանուկյանի, այստեղ «որևէ պրոբլեմ, որևէ արգելք չի եղել»։
«Հարգարժան իշխանություն, ի՞նչն է քեզ պահում, որ եթե քո ամբողջ քաղաքացիական հասարակությունը և քաղաքական դաշտը պնդում է, որ այդ կետը պետք է ընդունես, ցուցակները հրապարակես հաջորդ օրը, ինչո՞ւ չես գնում դրան։ Շատ ակնհայտ է, որ իշխանության համար ընտրական մեխանիզմի մեջ ցուցակների հրապարակումն իրենց գարշապարն է։ Դու հենց հրապարակեցիր, դա դառնալու է վերահսկելի բոլոր լրագրողների, բոլոր քաղաքացիների, բոլոր միջազգային կառույցների, բոլոր դիտորդների կողմից, և իրենց կեղծիքների շարքը, որ այս ամբողջ ընթացքում արել են, դա ի դերև է հանելու։ Դրա համար էլ իրենք ամեն ինչ պատրաստ են անելու, ընդ որում կարող են 300 առաջարկ ընդունել, բայց այս մեկը չընդունել», - ասաց Մանուկյանը։
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, «կրիմինալը, որը ապահովեց դեկտեմբերի 6-ի քվեարկությունը դեռևս իշխում է»։ «Այս պարագայում Հանրապետական կուսակցության այս գեղեցիկ բաները, որ իրենք ապահովելու են արդար ընտրություն, որ իրենք ոչ մի կեղծիք թույլ չեն տալու, իրենք վստահությունը բարձրացնելու են, ոչ մեկին հավատի չեն բերում։ Գիտեք ինչի է նման, ասում են՝ սուտասանի տունը հրդեհ է ընկնում, ոչ մեկը չի հավատում։ Էս լուծումները, որ իրենք առաջարկում են, որ մենք պետք է առաջարկենք, քաղաքացիական հասարակությունը պետք է առաջարկի իրենք քննարկեն, տակից սխալ է, արմատից սխալ է»,- ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով, բոլոր խնդիրները Հայաստանում պետք է լուծվեն համատեղ՝ ընդդիմության, քաղաքացիական հասարակության, իշխանության ներկայացուցիչների և միջազգային կառույցների առաջարկների հիման վրա։ «Սա է միակ մեթոդը, միակ ճիշտ ճանապարհը, որը կարող է բերել լավագույն ընտրությունների և հասարակության վստահության բարձրացման», - ասաց Մանուկյանը։
«Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի մարտի 20-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․