Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը, «Ժառանգություն»-ը պատրաստ են ԸՕ-ի շուրջ միասնական պահանջներ ներկայացնել


Ազգային ժողովի ընդդիմադիր չորս խմբակցություններից երեքը՝ Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգություն»-ն ու «Օրինաց երկիր»-ը պատրաստ են Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ իշխանությանը միասնական պահանջներ ներկայացնել։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ընդդիմության և քաղաքացիական հասարակության պլատֆորմը ըստ էության ձևավորված համարեց։ «Մեր տպավորությամբ՝ արդեն բացի Կոնգրեսից «Ժառանգություն»-ն էլ է, «Օրինաց երկիր»-ն էլ է այդտեղ, Մարուքյանի կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ»-ը, էլ չասած, որ տասնյակ հասարակական կազմակերպություններ»։

Իշխանությանը ներկայացվող պահանջները, ըստ Զուրաբյանի, հինգն են՝ հրապարակել ընտրությանը մասնակցած քաղաքացիների անունները, մաքրել ուռճացված ընտրացուցակները, բազմակի քվեարկության բացառման նպատակով կիրառել մատների թանաքոտման կամ ստուգման հասանելի մեխանիզմ, ընտրության օրը տեսանկարահանել տեղամասերն ու հարող տարածքը, պահպանել համամասնական ընտրակարգը՝ բացառելով տարածքներից թեկնածուների ընտրության հնարավորությունը։

Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ «Ժառանգություն»-ը միասնականության կողմնակից է.- «Այս նախագիծը, ըստ էության, հայտարարություն է, որ մենք չենք պատրաստվում անցկացնել ընտրություններ։ Իհարկե, մենք չպետք է թույլ տանք, որ այսպիսի փաստաթուղթ ընդունվի Ազգային ժողովի կողմից»։

«Բարգավաճ Հայաստան»-ը պատրաստ է պաշտպանել ընդդիմության առաջարկները, բայց, Նաիրա Զոհրաբյանի խոսքով, որոշել է չկաշկանդվել որևէ պայմանավորվածությամբ։

«Ունենալով նախկին փորձը, «Բարգավաճ Հայաստան»-ը որոշել է գոնե տեսանելի ապագայում որևէ երկյակ, եռյակ, քառյակ, պլատֆորմ՝ որոշակի գործողությունները սահմանափակող ֆորմատներով հանդես չգալ»,- ասաց ԲՀԿ-ի ղեկավարը։

Հանրապետական Վահրամ Բաղդասարյանն ընդդիմության նախաձեռնության հարցում թերահավատ է.- «Տառապանքս փորձ ունի, բազմիցս նման փորձեր կատարվել են՝ քառյակ, եռյակ, երկյակ ... հետո ընդհանրապես չեմ տեսել նման երևույթներ։ Բայց մինչև ընդհանուր պլատֆորմ ձևավորելը հարկավոր է, որ յուրաքանչյուր խմբակցություն ինքն իր մեջ միասնականություն ձևավորի»։

Դաշնակցական Արմեն Ռուստամյանը երբեմնի ընդդիմադիր գործընկերներին խորհուրդ ունի՝ հրաժարվել «ամեն ինչ կամ ոչինչ» կարգախոսից։ «Ընդդիմությունը պետք է հասկանա, որ սա արդյունք չի տալիս, ի վերջո ավելի լավ է մենք իրար հետ միասին, ենթադրենք, տասը կարևոր հարց ունենք, դրանցից ութը համաձայնեցնենք, քան թե որևէ մեկը մտածի, որ եթե տասից տասն էլ չի համաձայնեցվել, ուրենմ սկսեն բոլոր էն պիտակավորումները, որոնք վաղուց հայտնի են։ Դրա իմաստը ո՞րն է։ Էդ պարագայում մյուսներն էլ կասեն՝ դե որ տենց է, էդ ութի շուրջ էլ չենք համաձայնում»,- ասաց նա։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ Ընտրական օրենսգրքի նախագծի գլխավոր ծուղակը տարածքային ցուցակն է, որն, ընդդիմադիրների համոզմամբ, քողարկված մեծամասնական համակարգն է։

«Սրանից հետո պարզ է լինելու, թե, ասենք, Սամվել Ալեքսանյանը քանի մարդ է կարողացել կաշառել և բերել Հանրապետական կուսակցության օգտին, որովհետև իր անունը դրված է լինելու ընտրատարածքային քվեաթերթիկներից մեկում և դա լինելու է Հանրապետականի քվեաթերթիկը։ Այսինքն ռեժիմը, ըստ էության, հաստատում է վերահսկողություն ադմինիստրատիվ ռեսուրսի, քրեական հեղինակությունների և օլիգարխների օգտագործված ռեսուրսների նկատմամբ՝ հօգուտ իշխող Հանրապետական կուսակցության»,- ասաց նա։

Հանրապետական Վահրամ Բաղդասարյանն, ըստ էության, չի բացառում, որ հաջորդ խորհրդարանում ևս կարող են լինել ՀՀԿ-ի մականունավոր ու աղմկահարույց պատմություններով հայտնի դեմքերը։ «Մենք որևէ մեկին իրավունք չունենք արգելելու մասնակցել խորհրդարանական կամ ցանկացած այլ ընտրության։ Ժողովուրդը պետք է ինքը որոշի՝ ինչպիսի մարդիկ պետք է տեղ ունենան խորհրդարանում։ Մենք հնարավորինս հորդորելու ենք ժողովրդին և քաղաքական ուժերին, որ նոր ստեղծվող խորհրդարանը լինի ավելի քաղաքականացված, բայց երաշխավորված չէ, որ այստեղ պետք է լինեն միայն կարկառուն քաղաքական գործիչներ, ճարտար լեզուներով քաղաքական գործիչներ»,- ասաց իշխող խմբակցության ղեկավարը։

XS
SM
MD
LG