Իշխանությունները պատրաստ են ընտրական նոր օրենսգրքի նախագծի շուրջ ընդդիմության ու քաղաքացիական հանրության հետ բանակցել՝ 4+4+4 ձևաչափով: Այսօր խորհրդարանում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը դրական արձագանքեց Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի առաջարկին:
«Եթե իսկապես փորձելու ենք բարելավել, փորձելու ենք լուծումներ գտնել, իսկապես լինելու է անկեղծ քննարկում, ոչ մի առարկություն չունեմ։ Միանշանակ՝ այո, եկեք հավաքվենք, որոշենք ոնց ենք շարժվում»,- ասաց Հարությունյանը։
Զուրաբյանը իր հերթին համաձայնեց, որ առաջարկվող ձևաչափը լինելու է միայն քննարկումների և ոչ որոշումներ կայացնելու լիազորություն ունեցող մարմին:
«Ներկա քննարկումների ֆորմատով իրենք գալիս են խելոք-խելոք ներկայացնում են իրենց առաջարկները սեմինարային ֆորմատի նման։ Մենք ընդամենը կարողանում ենք մի քանի րոպե խոսել, առաջարկներ անել, հարցեր տալ, և բոլոր այդ հարցերին իրենք պատասխանում են իշխանության բարձունքից ու իրենց են վերապահում ինչ-որ բան ընդունել, ինչ-որ բան մերժել։ Մեր ասածը լրիվ ուրիշ ֆորմատ է, քաղաքական բանակցությունների ֆորմատ, որտեղ մենք բոլորս հավասար իրավունքներ կունենանք խոսելու։ Ստեղծվում է մի ճնշում, որը կարող է կոտրել իշխանական դիմադրության պատը։ Մենք սրա վրա ենք աշխատում, որովհետև իրենք անդրդվելի են։ Եթե այդ ճնշումը չլինի, իրենք այդ առաջարկները, որոնք նեղացնում են իրենց ընտրակեղծարարության դաշտը, չեն ընդունի»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի հանրապետական նախագահ Հովհաննես Սահակյանը ընդգծեց՝ եռակողմ բանակցությունները պետք է լինեն առանց տեսախցիկների: «Եթե դա լինելու է ոչ թե ուլտիմատումների, հարցադրումներ հնչեցնելու, միանշանակ ընդունելու հարթակ, ի սկզբանե ասեմ, որ ընդունելի չէ։ Մենք երկուշաբթի, երեքշաբթի Ազգային ժողովի ղեկավարության հետ վերջնական քննարկում կկազմակերպենք, կսպասենք ձեր առաջարկին, որպեսզի մենք ձևավորվենք այդ աշխատանքային խումբը։ Մի շարք հարցեր, որոնք բոլորի մոտ կասկած են առաջացնում, քննարկման առարկա կդարձնենք, դրանց պատասխանը՝ աշխատանքային տարբերակով, առանց տեսախցիկների, մենք կանցկացնենք առաջ»,- ասաց նա։
Այդուհանդերձ, ընդդիմադիրների համար ամենասկզբունքային հարցի՝ ընտրողների ցուցակների հրապարակման շուրջ իշխանության ներկայացուցիչներն այսօր էլ բացասական պատասխան տվեցին՝ ընդգծելով, որ արդեն իսկ այս հարցում նախագիծը մեկ քայլ առաջ է գործող օրենսգրքից։
«Դրանք չպետք է հրապարակվեն, բայց նաև չպետք է լինեն բացարձակ գաղտնի։ Շահագրգիռ անձանց, տվյալ պարագայում դիտորդների, վստահված անձանց համար պետք է հասանելի լինեն այդ ցուցակները։ Մեր առաջարկությունը հետևյալն է՝ նրանց մինչև երկու ժամով կտրվի այդ ցուցակը, որից նրանք կարող են նշումներ կատարել»,- ասաց Դավիթ Հարությունյանը։
Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ նշեց մատների թանաքոտման մեթոդը ներդնելու մասին՝ ասելով, որ Վենետիկի հանձնաժողովը դեմ չի եղել այս տարբերակին:
«Արևելյան Եվրոպայի երկրների մեծ մասը այս ճանապարհով անցել է և այսպես են հասել ընտրական համակարգի վստահելիության այսօրվա մակարդակին»,- նկատեց նա։
Դավիթ Հարությունյանը, սակայն, մատնանշեց մատների թանաքոտման հետ կապված մի շարք խնդիրներ՝ բերելով Վրաստանի փորձը, որտեղ, ըստ նախարարի, չերևացող թանաքը մաքրելու ձև են գտել: Տեսանելի թանաքի տարբերակն էլ, ըստ Հարությունյանի, կարող է հանրության մոտ դժգոհություն առաջացնել՝ շատերը կարող են հրաժարվել։
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն ասաց՝ իրենք պատրաստ են նոր Ընտրական օրենսգրքի նախագծից հանել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին կուսակցությունների ցուցակներում ներառելու պարտադիր պահանջը: Ըստ Հարությունյանի՝ իշխանությունը պատրաստ է նաև փոխել դրույթը, որն արգելում է 8-ից ավելի դիտորդի ու լրագրողի ներկայությունը տեղամասում:
«Քննարկումների ժամանակ պարոն Քոքոբելյանը մի հետաքրքիր առաջարկություն ներկայացրեց, որը, ըստ իս, արժանի է դիտարկման. փաստաթուղթ, որից պարզ դառնա, որ ենթադրենք x ժամանակահատված աշխատել է որպես ԶԼՄ աշխատակից, ինչը կարող է հանգիստ հավաստվել եկամտահարկի մասին տեղեկանքով, ապա դա պետք է լինի բավարար հիմք, և այդ մարդիկ պետք է սահմանափակված չլինեն ընտրական տեղամաս մտնելու առումով»,- ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը։
Հանձնաժողովի որոշմամբ դիտորդին տեղամասից հեռացնելու հնարավորությունը, սակայն, ըստ Հարությունյանի՝ խելամիտ է.- «Ես վստահ եմ, որ եթե ութ հոգուց վեցը համարում են, որ դիտորդը դուրս պետք է հրավիրվի, դա նշանակում է, որ այդ դիտորդը, ամենայն հավանականությամբ, խանգարում է ընտրական գործընթացը»։
Ընտրական նոր օրենսգիրքը, ըստ նոր Սահմանադրության, պետք է ընդունվի մինչև հունիսի 1-ը: