«Բանակցելը չի նշանակում զիջում, և դա շատ լավ մշակույթ է ձևավորված, և մենք շարունակում ենք այդ մշակույթը», - ասաց վարչապետը՝ շարունակելով․ - «Բանակցենք ընդդիմության հետ: Եվ, ինչո՞ւ չէ, որ լսենք ողջամիտ առաջարկություններ, եթե կլինեն, դրանք անպայման կընդունի իշխանությունը»:
Օրեր առաջ իշխանության ներկայացուցիչները համաձայնել էին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի առաջարկին՝ նոր օրենսգրքի շուրջ հավասար պայմաններով բանակցել ընդդիմության ու քաղաքացիական հասարակության հետ 4+4+4 ֆորմատով:
Զուրաբյանը հայտարարել էր, թե սա հնարավորություն է ճնշում գործադրել, որպեսզի իշխանությունն ընդունի իր համար անցանկալի փոփոխությունները:
Արձագանքելով ընդդիմադիր գործչի ասածին՝ վարչապետը ասաց․ - «Մշակույթն ու ճնշումը տարանջատենք: Դա մշակույթ է ձևավորված, և մենք բոլոր հարթակներում պատրաստ ենք ողջամիտ յուրաքանչյուր առաջարկություն, որ կհնչեցվի ընդդիմության կողմից, քննարկել․․․ Մենք ականջալուր ենք միշտ․ լսելու ենք, և եթե լինի ողջամիտ առաջարկություն, անպայման կընդունենք: Մենք շատ լուրջ ենք վերաբերվում մեր ընդդիմության յուրաքանչյուր ողջամիտ առաջարկությանը»:
Վարչապետը Երևանի պետական բժշկական համալսարան մասնակցում էր ուսանողների ուսման վարձի փոխհատուցման հավաստագրերի հանձնման արարողությանը։ Դիմելով ուսանողներին Աբրահամյանը հայտարարեց, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ․ - «Ուղղակի բոլորը պետք է հասկանան, որ բոլորի պաշտոնները ժամանակավոր են, պետք է անեն ամեն ինչ, որպեսզի մեր ապագան զարգանա: Եվ դա է մեր երկրի հաջողության գրավականը»:
Ելույթից հետո Աբրահամյանից փորձեցինք պարզել, թե վարչապետի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո որտեղ է նա իրեն տեսնում: Վարչապետն արձագանքեց․ - «Հիմա ես էս պաշտոնում աշխատում եմ: Ի՞նչ է նշանակում՝ որտեղ եք տեսնում»:
Պետբյուջեի հաշվին ուսման վարձի փոխհատուցման ծրագիրն իրականացնում է պատգամավոր Կարեն Ավագյանի (ՀՀԿ) ղեկավարած Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Ավագյանը, ով ՀՀԿ-ի երիտթևի ղեկավարն է, իր ելույթում վստահեցրեց, որ փոխհատուցում ստացող շուրջ 800 ուսանողներն ընտրվել են արդար մրցույթի արդյունքում:
«Ազատության» հարցին, թե արդյոք ընդունելի է, որ պետական միջոցները տնօրինի հիմնականում ՀՀԿ-ականների կողմից ղեկավարվող երիտասարդական հիմնադրամը, Կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը պատասխանեց․ - «Ես չեմ կարծում, որ կառույցի հիմնադիր նպատակների մեջ դրված է որևէ կուսակցական խնդիր: Կանենք հիմնադրամի հետ հանդիպում, և կխնդրեմ նաև ուսանողական խորհուրդների նախագահները ներկա լինեն՝ ընդհանրապես երիտասարդական քաղաքականությունը ճշտելու: Նաև կուզեի, որ ընդհանրապես մեր կրթության ազգային ծրագրի, բարձրագույն կրթության մասին օրենքի մշակման մեջ երիտասարդությունը բավականին լուրջ դերակատարում ունենար: Սա այն վայրն է, երբ կուսակցությունները կարող են շատ օգտակար լինել: Եվ եթե ամեն կուսակցության երիտասարդական թև կարողանա նպաստել ուսանողության սոցիալական վիճակի լավացմանը․․․ Բյուջեն ինքը ուղիղ չի կարող տալ ուսանողին, բյուջեն պիտի տա ինչ-որ կառույցի: Ես կարծում եմ, որ հասարակական կազմակերպության միջոցով բյուջեի տեղաբաշխումը ավելի ճիշտ է, քան բյուրոկրատական ապարատի միջոցով»: