Մատչելիության հղումներ

Արփինե Հովհաննիսյան․ Արդարադատություն Հայաստանում կա


Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը տարեվերջյան ասուլիսի ժամանակ, Երևան, 28-ը դեկտեմբերի, 2015թ․
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը տարեվերջյան ասուլիսի ժամանակ, Երևան, 28-ը դեկտեմբերի, 2015թ․

Միաժամանակ, արդարադատության նախարարը շեշտում է՝ «որևէ մեկը չի էլ ասել, որ ոլորտում խնդիրներ չկան»:

Ավելի քան երեք ամիս առաջ արդարադատության նախարար նշանակված Արփինե Հովհաննիսյանը այսօր հայտարարեց՝ գրեթե բոլոր ոլորտներում լուրջ ձեռքբերումներ են գրանցել:

Տարեվերջյան ասուլիսի ժամանակ անդրադառնալով ցմահ դատապարտյալների ու նրանց հարազատների չդադարող բողոքներին ու իրեն ուղղված մեղադրանքներին, նախարարը ասաց, որ նրանց պահանջը՝ քրեական գործերի վերաբացումը, դուրս է իր լիազորությունների շրջանակից: Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ ինքը իրավասու էր արձագանքել առաջ քաշված 11 պահանջներից միայն տեսակցություններն ավելի հաճախակի դարձնելուն ու պահման պայմանական վաղաժամկետ ազատմանը:

«Պատժի կրման պայմանների համար է պատասխանատու Արդարադատության նախարարությունը, քրեակատարողական հիմնարկները դատապարտյալների պատժի կրումն են ապահովում: Դատական վերաբացման ինստիտուտի հետ կապված որևէ լիազորություն Արդարադատության նախարարությունը չունի», - ընդգծեց նախարարը՝ շարունակելով․ - «Ինչ վերաբերում է այլ հարցերին՝ ես այդ այլ հարցերին շատ լավ ծանոթ եմ, հրաշալի հասկանում եմ այն խնդիրները, որոնք նրանք բարձրացնում են և որոնք իրականում ոլորտում կան, որևէ մեկը չի էլ ասել, որ ոլորտում խնդիրներ չկան: Ես իրականում կարծում եմ, որ պայմանական վաղաժամկետ ազատման խնդրի օրենսդրական կարգավորման մեջ կան բացեր»:

Անկախությունից ի վեր այս տարի առաջին անգամ Հայաստանում դատարանի որոշմամբ ազատ արձակվեց ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանը՝ ծանր հիվանդության պատճառով: Ազատ արձակված ու օրեր անց հիվանդանոցում մահացած Քոչարյանի հարազատները պնդում են, թե քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմը տարիներ շարունակ անտեսել է առողջական ծանր վիճակի մասին ահազանգերը:

Թեպետ այս հիմքով քրեական գործ է հարուցվել, այդուհանդերձ արդարադատության նախարարը չի կարծում, որ քրեակատարողական հիմնարկն անհետևողական է եղել․ - «Չէի ասի, որ ինչ-որ մեկը չի հետևել: Քրեակատարողական հիմնարկի թե՛ վարչակազմը, թե՛ հետագայում նաև քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու արդյունքում ամեն ինչ արել ենք իրականում»:

Տարվա ընթացքում չնվազեց նաև իրավապաշտպանների ու փաստաբանների քննադատությունը, թե դատարանները գերազանցապես կալանքն են ընտրում որպես խափանման միջոց: Արդարադատության նախարարն ասաց, որ հաջորդ տարի ԱԺ ներկայացվելիք պրոբացիոն փաթեթի շրջանակներում նաև այս հարցի լուծումն է տրված. նախատեսվում է ծանր ու միջին հանցագործությունների դեպքում մինչև դատարանի վերջնական որոշումը կասկածյալներին չկալանավորել: Նաև սրա շնորհիվ, ըստ նախարարի, քրեակատարողական հիմնարկներում մասամբ կլուծվի գերծանրաբեռվածության հարցը:

Տարվա ընթացքում քիչ չէին նաև դժգոհությունները հարկադիր ծառայությունից՝ հատկապես հաշիվների արգելանքի հետ կապված: Որևէ մեկին չքննադատելով՝ նախարարը խոստացավ, թե 2016­-ին հաշիվների վրա կալանք կդրվի մասնակի, և չեն կրկնվի կրկնակի արգելանքի դեպքերը․ - «Մենք այնպես ենք դարձրել էլեկտրոնային համակարգը, որ Հարկադիր կատարման ծառայության որևէ ծառայող չկարողանա միջամտել ու արգելանք դնել: Տարածված խնդիրներից մեկն էր համարվում կրկնակի արգելանքի խնդիրը․․․ Այդ խնդիրը այլևս այսօր, այս պահին կարող եմ փաստել, որ լուծված է, և 2016 թվականից այլևս որևէ դեպքում որևէ դեպք նման չի արձանագրվի»:

Չնայած տարվա ընթացքում Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանի հասցեին ուղղված բողոքներին՝ նախարարն ընդգծեց, թե Պողոսյանին նկատողություն անելու առիթ չի ունեցել: Արփինե Հովհաննիսյանի պնդմամբ՝ Հայաստանում արդարադատություն կա, բայց նաև դրա հետ կապված խնդիրներ կան:

Լրագրողները նախարարին հիշեցրին, որ անձամբ նախագահ Սերժ Սարգսյանն էր քաղաքացիներից մեկի՝ «Հայաստանում դատարան չի գործում» դժգոհությանը արձագանքել՝ հնարավոր է:

«Ես տեսնում եմ խնդիր, որը բարձրաձայնեց երկրի ղեկավարը: Բարձրաձայնեց խնդիր, որի մասին բոլորս էլ խոսում ենք ու գիտենք: Ես ձերբակալվածների համար պատասխանատու մարմին չեմ, ես կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունեմ: Եվ եթե կան կոնկրետ դեպքեր, ապա այդ լիազորությունս գործադրում եմ», - վստահեցրեց նախարարը:

Անդրադառնալով վերջերս Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից վնասազերծված զինված խմբին՝ Հովհաննիսյանն ասաց, թե ինքը խմբի անդամներին ծանոթ չէ, բայց վստահ է, որ ԱԱԾ-ն գերազանց է կատարել իր առջև դրված խնդիրը՝ կանխարգելելով մի շարք վտանգավոր հանցագործություններ:

Թեպետ մի շարք իրավապաշտպաններ պնդում են, որ Շանթ Հարությունյանն ու Վոլոդյա Ավետիսյանը անազատության մեջ են քաղաքական հայացքների պատճառով, արդարադատության նախարարը պնդեց, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան․ - «Չկա որևէ մեկը, որը քաղաքական բանտարկյալ համարվելու չափանիշներին համապատասխանում է»:

Արփինե Հովհաննիսյանը հավելեց, որ հատուկ ուշադրությամբ հետևելու է, որ 2016-ին չկրկնվեն դեռևս գոյություն չունեցող բնակարանները մի քանի հոգու վաճառելու դեպքերը:

Եթե ԱԺ-ն հաստատի նախարարության ներկայացրած օրինագիծը, բարձր տուգանքների կենթարկվեն այն պաշտոնյաները, ովքեր կհրաժարվեն կամ ամբողջությամբ չեն հայտարարագրի եկամուտները:

Նախարարը հավելեց՝ չեն կրկնվի նաև դեպքերը, երբ մի քանի անգամ աճուրդի հանված գույքը հետզհետե էժանացվում էր: Նա ասաց, որ շատ ցածր գներով վաճառք չի լինելու, սահմանվելու է գնի ստորին շեմ:

XS
SM
MD
LG