Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել հանրապետական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին արդարադատության նախարար նշանակելու մասին:
Հրամանագրի տեքստը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքէջում:
Արփինե Հովհաննիսյանը 2003-2006թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի առաջին կարգի մասնագետ, 2006-2007թթ.` առաջատար մասնագետ: 2007թ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս է: 2007-2008թթ. եղել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետի տեղակալ: 19.05.2008-30.09.2008թթ.` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական: 2008-2011թթ.` ԱԺ նախագահի խորհրդական: 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը անսպասելիորեն հրաժարական տվեց հուլիսի կեսերին՝ առանց որևէ մեկնաբանության, և շուրջ մեկուկես ամիս արդարադատության նախարարի պաշտոնը թափուր է։ Սեպտեմբերի 3-ին ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է արդարադատության նախարարի պաշտոնում Արփինե Հովհաննիսյանին նշանակելու հարցը: Նիստի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնել էր, որ նիստի ընթացքում ԳՄ անդամները հավանության են արժանացրել Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը: Շարմազանովը փոխանցել էր, որ նախագահը լսել է բոլորի կարծիքները և դրանց հիման վրա որոշում կկայացնի: