Մատչելիության հղումներ

ԴԱՀԿ ծառայությունն ու բանկերը «գերազանցում են իրենց լիազորությունները»


ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյան, արխիվ
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյան, արխիվ

«Ազատության» հետ զրույցում մարդիկ բողոքում են, որ հաճախ շաբաթներ են պահանջվում հաշիվները կալանքից հանելու համար: Բացի այդ, արգելանքի տակ են դնում ոչ թե պարտքի չափով գումար, այլ ողջ հաշիվը, ինչն օրենքի խախտում է:

ԴԱՀԿ ծառայությունից` ոստիկանություն, ոստիկանությունից` բանկ, բանկից` կրկին ԴԱՀԿ ծառայություն․ գործարար Արմեն Համբարձումյանն այս ճանապարհներին ծախսել է ավելի քան 30 ժամ, կտրել մի քանի հարյուր կիլոմետր, որպեսզի պարզի, թե ինչու են իր բանկային մի քանի հաշիվները արգելափակված։

«15 օր ժամանակ եմ ծախսել ու էդ 15 օրվա մեջ երևի մի 200-ից 300 կիլոմետր քշած կլինեմ»,- ասում է Արմենը:

ԴԱՀԿ ծառայությունում պարզաբանել են՝ ճանապարհային ոստիկանությանն է գումար պարտք: Սակայն չեն ասել, թե որքան է պարտք ու ինչի համար։ Ոստիկանության մատյաններում, սակայն, տուգանքի մասին ոչինչ չկա։ Ստիպված է եղել մի քանի անգամ դռնեդուռ անցնել, մինչև հարկադիրը բանկերին ասել է, որ հաշիվները հանեն կալանքից: Սեփական գումարները, փաստորեն, տիրոջը հասանելի են դարձել միայն 15 օր անց։

Փաստաբան Արտակ Խաչատրյանը պնդում է, որ այդպիսի դեպքերը քիչ չեն: Բայց եթե անգամ վարորդն իսկապես պարտք ունենար, բանկը հաշվի վրա եղած ողջ գումարի վրա կալանք դնելու իրավունք չունի: Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքը հստակ նշում է՝ կալանք կարելի է դնել միայն տուգանքի չափով, ասում է փաստաբանը:

Հարկադիրին առնչվող բազմաթիվ գործեր ուսումնասիրած փաստաբանը պնդում է՝ ծառայությունը րոպեների ընթացքում կարողանում է արգելանքի տակ դնել հաշիվները, մինչդեռ կալանքից հանելը շաբաթներ է տևում, չնայած հանգամանքին, որ օրենքով դրա համար ընդամենը եռօրյա ժամկետ է սահմանված։

«Վճարման պահից մինչև իրա սեղան հասնելը տևում է մոտ 10 օր, ասում է՝ հասավ իմ սեղանին, ես եռօրյա ժամկետում հանում եմ, մի երկու-երեք օր հետո էլ դուք կիմանաք»,- պատմում է Արտակ Խաչատրյանը:

«Աշխատում են անփույթ»,- իր հերթին պնդում է վերջերս հարկադիր կատարողների հետ առնչված Հակոբ Արշակյանը։ Միացյալ Նահանգներում է եղել, երբ պարզել է, որ չվճարած 50 հազար դրամի պատճառով հարկադիրը կալանք է դրել իր հաշիվների վրա, ընդ որում՝ սառեցնելով հաշվի ողջ գումարը։

«Դա ինձ բավական մեծ նեղություն է տվել, քանի որ մենակ էի և դիմավորող չկար: Գնացել եմ՝ ոչ մի քարտ չի աշխատում»,- իր տարակուսանքն է հայտնում Հակոբ Արշակյանը:

Վերադառնալով Հայաստան, նրան հաջողվել է բանկին համոզել, որ օրենքի պահանջին համապատասխան արգելափակեն միայն 50 հազար դրամը։ Պատմությունը, սակայն, միայն այսքանով չի ավարտվել: Պարզվել է՝ արգելանք է դրվել նաև նրա բնակարանի ու մեքենայի վրա: Այդ մասին նա տեղեկացել է, երբ ԴԱՀԿ ծառայության չորս աշխատողներ պարտքի դիմաց գույքն առգրավելու նպատակով իր տուն են եկել, անգամ առանց ստուգելու և տեղեկանալու, որ 50 հազարի արգելանք հաշվի վրա արդեն իսկ դրվել է։

«Ասացի՝ ինչու՞ ինձ չեք տեղեկացրել, իրենց ասելով՝ իրենք «Հայփոստ»-ին են փոխանցում ,և դա նրանց սխալն ա, որ ինձ չի հասել տեղեկությունը»:

ԴԱՀԿ ծառայությունում համաձայնեցին միայն գրավոր արձագանքել մեր հարցերին: Ծառայության ուղարկած պատասխանում միայն նշված է, թե պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք են դնում ըստ օրենքի՝ միայն եղած պարտքի չափով։

Բազմաթիվ այլ պարագաներում, ըստ փաստաբան Արտակ Խաչատրյանի, բանկերն են գերազանցում իրենց լիազորությունների սահմանը. - «Հարկադիր ծառայությունն էլ որոշակի մեղավորություն ունի, բանկերն էլ: Ժողովրդական լեզվով ասած՝ շառից փորձանքից հեռու մնալու համար նավսյակի բոլոր հաշիվների վրա կալանք են դնում, սառեցնում են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG