Մատչելիության հղումներ

Ցմահ դատապարտյալները կրկին պահանջում են վերանայել իրենց գործերը


Այսօր առավոտյան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 50 ցմահ դատապարտյալները, նրանց ազգականների փոխանցմամբ, հացադուլ էին սկսել, որն այս պահին արդեն դադարեցրել են:

«Այսօր առավոտից հացադուլ էին հայտարարել՝ իրենց գործերը վերանայելու պահանջով», - «Ազատությանն» ասաց դատապարտյալներից մեկի ազգականը:

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից «Ազատության» հետ զրույցում տեղեկությունը չհաստատեցին՝ պնդելով, որ այս պահին որևէ ցմահ դատապարտյալ հացադուլի մեջ չէ:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե, իր տեղեկություններով, հացադուլ եղել է, սակայն «դրսից ուժեր են միջամտել, որոնք բանակցել են հրաժարվել հացադուլից սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախաշեմին»․ - «Իհարկե, միջամտող ուժերը իշխանությունները չեն, այլ նրանց առնչվող ինչ-որ ուժեր են այսպես ասենք՝ գողական աշխարհից»:

Շուրջ մեկ ամիս առաջ մոտ 50 ցմահ դատապարտյալներ անժամկետ հացադուլ էին հայտարարել` իրենց քրեական գործերի վերանայման պահանջով: Նրանք նախագահ Սերժ Սարգսյանին 10 կետանոց դիմում էին ուղարկել:

Ավելի ուշ նախագահի աշխատակազմից տեղեկացրել էին, որ դիմումը վերահասցեագրվել է Արդարադատության նախարարություն, և պետք է սպասել մեկ ամիս` պատասխան ստանալու համար, ինչից հետո դատապարտյալները ժամանակավորապես դադարեցրել էին հացադուլը:

Ցմահ դատապարտյալներից մեկի մոր խոսքով՝ երկու օր առաջ իրենց արդեն պետք է պատասխանած լինեին, սակայն ո՛չ ազգականները, ո՛չ էլ ցմահ դատապարտյալները պատասխան չեն ստացել:

Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը, սակայն, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ երեկ պատասխանը ուղարկվել է հարազատներին: Ըստ Մարտիրոսյանի՝ դրանում ներկայացված են այն աշխատանքները, որոնք նախարարությունն իր լիազորությունների շրջանակում իրականացնում է:

«Դրանք միտված են ցմահ ազատազրկման դատաապարտված անձանց տրամադրվող հավելյալ քանակությամբ տեսակցությունների հնարավորության բարձրացմանն ու պատժից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի օրենսդրական մեխանիզմների կատարելագործմանը», - մանրամասնեց Մարտիրոսյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված դիմումում ցմահ դատապարտյալները, մասնավորապես, խնդրում էին համապատասխան գերատեսչությունների ղեկավարներից խումբ կազմել՝ իրենց բարձրացրած խնդիրները քննարկելու և քրեական գործերը վերանայելու համար:

Ցմահ դատապարտյալի մայրն ասում է, որ տեսակցությունների թվի ավելացումն իրենց չի գոհացնի․ - «Մենք ուզում ենք, որ 19 տարեկան սալդաթը ցմահ չդատապարտվի, մենք ուզում ենք, որ էդ գործը նայվի: Տեսակցություն ինձ պետք չի․ մի օր ավելացրեց, էրկու օր ավելացրեց, դա բա՞ն ա փոխում»:

Ժաննա Ալեքսանյանի խոսքով՝ ցմահ դատապարտյալների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության մասին հանրությունը շատ է լսել․ - «Մի օրենսդրական նախաձեռնություն արվեց, որտեղ խոստանում էին, որ 19-21 տարեկանների համար փոփոխություն են անելու: Բայց հետո այդ նախագիծը անհետացավ․․․ Պետք է կարգավորվեն այս հարցերը, որպեսզի այս մարդիկ չդիմեն ծայրահեղ միջոցների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG