Մատչելիության հղումներ

28 ցմահ դատապարտյալներ երեկվանից կրկին հացադուլ են հայտարարել


Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանն «Ազատությանը» փոխանցեց, որ բողոքի ակցիան նախաձեռնած դատապարտյալները պահանջում են գործերի վերաբացում։

Մարինե Բադալյանը լրատվամիջոցներից է տեղեկացել, որ որդին՝ Վաղարշակ Ավետիսյանը հացադուլի մեջ է։ Տաքսու վարորդի սպանության համար դատապարտված Վաղարշակն իր մեղքը չի ընդունում։

Մայրը նույնպես որդու մեղավորությանը չի հավատում․ - «Իրանք հիմնավոր ապացույցներ էլ չունեին, ծեծելով, ջարդելով․․․ 2 հոգի էին անցնում այդ գործով․ էն մեկին ծեծեցին, ասեցին՝ գրեք Վաղոն ա արել Ավետիսյան: 3 անգամ դատված մարդուն տվեցին 7 տարի, իսկ իմ տղային, որ ոչ մի բան չկար, առաջին անգամ․․․ Ոչ մի փաստ չունեն, ու գնա իմ էրեխեն ցմա՞հ»:

Մարինեն պատմում է, որ որդին արդեն մի քանի տարի ի վեր պայքարում է, որպեսզի քրեական գործը վերաբացվի։

Մոր փոխանցմամբ՝ Վաղինակը չորս տարի առաջ բանտում ամուսնացել է ու այստեղից մի օր դուրս գալու հույս ունի․ - «Իբր գործերը տարել են, նայում են 50 հոգու, բայց ոչ մի բան, սայլը տեղից ընդհանրապես չի շարժվում։ Մարդը գոնե հույս ունենա, որ 20, 10 տարի հետո դուրս կգա։ Էդ նույնն ա, ոնց որ մեզ էլ հետը ցմահ տան: Կոնկրետ ես, մի տղա ունեմ, չեմ աշխատում, ինձ էլ են հետը ցմահ տվել, ես ի՞նչ անեմ»։

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը փաստում է, որ մինչև օրս շուրջ 100 ցմահ դատապարտյալներից և ոչ մեկի գործը չի վերաբացվել, թեև շատերի դեպքում նոր երևան եկած հանգամանքներ կան․ - «Շատ որոշումներ կայացվել են 90-ականներին, երբ Հայաստանում դատական համակարգը նոր էր ձևավորվում, և սխալներ թույլ տալու հավանականությունը մեծ էր»։

«Գործեր կան», - շարունակեց նա, - «որ արարքը կատարելու պահից մինչև Գերագույն դատարանի կողմից վճիռ կայացնելը տևել է ընդամենը 3.5 ամիս։ Եթե հասկանանք ամեն ծանր գործով ինչքան աշխատանքներ պիտի իրականացվի էնտեղ՝ փորձաքննություններից սկսած, նախաքննությունից սկսած։ Ավելի զարմանալի է, որ որևէ գործով նոր երևան եկած հանգամանք կարծես չի լինում։ Եթե նայենք համաշխարհային փորձը, ԱՄՆ-ում արդեն հարյուրների է հասնում, երբ ցմահ կամ երկարաժամկետ դատապարտված անձանց գործերը վերանայվում են»։

Ռևազյանի փոխանցմամբ, այս գործերի իրեղեն ապացույցները, Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, վճռի կայացումից հետո վերացվել են, և ցմահ դատապարտվածների անմեղությունն ապացուցելու համար քիչ հնարավորություններ կան․ - «Այդ հոդվածը տեղ է գտել նախագծում Քրեական օրենսգրքի, որպեսզի պահպանվեն իրեղեն ապացույցները, բայց այս պահի դրությամբ դրանք դեռևս չեն պահպանվում, և դա էլի մեծ խնդիր է։ Ինչպես նշեցի, ԱՄՆ-ում արդեն հարյուրավոր դեպքեր կան, ու շատ տեղերում հիմքը անմեղության ապացույցի ԴՆԹ թեսթերն են, որտեղ եթե արյունը, մասնիկները [որպես] իրեղեն ապացույց պահպանված չլինեին, արդեն դա էլ անցկացնել հնարավոր չէր լինի»։

Ցմահ դատապարտյալներից միայն Սողոմոն Քոչարյանն էր, որ ազատ արձակվեց ծանր հիվանդության հիմքով։ Ազատության մեջ նա ապրեց 15 օր։

Քրեական գործերի վերանայման պահանջով մեկ անգամ չէ, որ ցմահ դատապարտյալները հացադուլ են սկսում։ Նախորդ անգամ, սակայն, բողոքի նրանց ակցիան մեկ օր տևեց։

Քրեակատարողական հիմնարկներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամ Հասմիկ Հարությունյանի խոսքով, դատապարտյալների նկատմամբ ճնշում էր գործադրվել․ - «Ամեն դեպքում հարցը լուծում չի ստանում, բայց իրենք ենթարկվում են ճնշումների, որպեսզի դադարեցնեն էդ ամեն ինչը: Իսկ իրենց պահանջածը շատ պրիմիտիվ մի բան է՝ գործերի վերանայումը, որը կա միջազգային պրակտիկայում, Հայաստանում էլ, ըստ էության, պետք է լիներ, բայց մենք դեռ գոնե մի դեպք չունենք, որ ցմահ դատապարտված որևէ անձի գործ վերանայվի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG