Հայաստանում առաջիններից մեկը մահապատժի, իսկ այնուհետև ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Բոյաջյանը երեկ մահացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ 24-րդ տարին պատիժը կրող դատապարտյալի վիճակը կտրուկ վատացել էր Դատապարտյալների հիվանդանոցում, որտեղ նա գտնվել է 2014 թվականի հուլիսից։
Բոյաջյանի մահվան պատճառները հայտնի կդառնան բժշկական փորձաքննությունից հետո, «Ազատությանը» փոխանցեց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։
Լրագրող Զարուհի Մեջլումյանը Կարեն Բոյաջյանի քրեական գործի նյութերին ծանոթանալու թույլտվություն է ստացել։ «Կարեն Բոյաջյանը 1992 թվականին էր դատապարտվել մահապատժի, համարվում էր առաջինը մահապատժի դատապարտվածներից մեկը նորանկախ Հայաստանի պատմության մեջ՝ Գերագույն դատարանի դատավճռով 18 տարեկանում, և մեղադրվել է մեկ անձի սպանության մեղադրանքով։ Իմ ունեցած տվյալներով՝ բավականին ազդեցիկ մարդիկ են եղել տուժող կողմը»,- պատմեց լրագրողը։
Փաստաբան Գրիշա Բալասանյանը, ով մի քանի ցմահ դատապարտյալների շահեր ներկայացրել է դատարանում, «Ազատությանը» պատմեց, որ Բոյաջյանը վերջին տարիներին հոգեկան առողջության լուրջ խնդիրներ է ունեցել և նույնիսկ չի գիտակցել, թե որտեղ է ինքը գտնվում։
«Քրեակատարողական վարչությունը, նախարարությունը, շահագրգիռ գերատեսչությունները տեղյակ են եղել, որ նրա մոտ կա քրոնիկ հիվանդություն։ Իսկ Կառավարության 825N որոշմամբ՝ կոնկրետ նրա հիվանդության դեպքում պատժի հետագա կրումից ազատելու հիմք է տալիս։ Նա պետք է ազատվեր»,- ասաց փաստաբանը։
Շաբաթներ առաջ Հայաստանում առաջին անգամ ծանր հիվանդության հիմքով ազատ էր արձակվել ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանը։ Նա երկու օր առաջ մահացավ։ Զարուհի Մեջլումյանն ասում է, որ ծանր հիվանդություններ ունեցող դատապարտյալներին չազատելը խախտում է պատիժ նշանակելու օրենքով սահմանված նպատակը, իսկ Սողոմոն Քոչարյանի դեպքը միայն հանրային ճնշման արդյունք էր։
«Եթե չլիներ Սողոմոն Քոչարյանի գործով հանրային մեծ ռեզոնանսը, պայքարը, նա ևս կմահանար բանտում, և որևէ մեկը չէր իմանա՝ ով է Սողոմոն Քոչարյանը, կլիներ շարքային դեպքերից մեկը, ինչպես եղավ Կարեն Բոյաջյանի դեպքում։ Գիտե՞ք ինչքան մենք ունենք նամակներ, ահազանգեր, որ մարդը տառապում է հիվանդությամբ, գտնվում է քրեակատարողական հիմնարկում, ունի պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդություն, բայց այդպես չի քննարկվում հարցը, անգամ հանձնաժողովի մակարդակի չի հասնում, էլ ուր մնաց դատարան»,- ընդգծեց Մեջլումյանը։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի վիճակագրության համաձայն՝ 2012-2014 թվականներին Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում մահացել է 85 դատապարտյալ, որոնցից 14-ն ունեցել է պատժի հետ անհամատեղելի հիվանդություն, այսինքն, ըստ Կառավարության որոշման, ենթակա էին ազատ արձակման։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի խոսքով՝ ծանր հիվանդություններ ունեցող դատապարտյալներին չազատելը անմարդկային վերաբերմունք է նրանց հանդեպ, քանի որ բուժսպասարկումը բանտերում ձևական բնույթ ունի։
«Եթե մարդ բանտում հատկապես երկար է նստում, դա դանդաղ մահ է, հատկապես ցմահների, փակ ռեժիմի դեպքում, երբ չորս պատի արանքում է նա գտնվում, շարժվելու հնարավորություն չունի և այլն։ Այն մարդկանց «բախտը բերում է», երբ նրանք այդ պայմաններում այնպիսի ծանր հիվանդությամբ են հիվանդանում, որ օրենքին համապատասխան պետք է ազատվեն։ Բայց այստեղ էլ հենց այնպես չեն ազատում»,- ընդգծեց իրավապաշտպանը։