Վրաց-ռուսական բանակցությունների հերթական փուլի ընթացքում քննարկված գլխավոր թեմաներից մեկը Իրանից Հայաստան մատակարարվող գազի ծավալներն էին: Այս մասին երեկ Լյուքսեմբուրգում Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի հետ հանդիպման ավարտին հայտարարել է ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլերը:
«Գազպրոմ»-ն ու Իրանը աշխատում են Հայաստան գազի մատակարարման ընթացքում [վառելիքի] փոխանակման օպերացիաների կիրառման հնարավորության հարցի շուրջ»,-Ռուսաստանի պետական ТАСС գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Ալեքսեյ Միլերը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք Կալաձեի հետ բանակցությունների ժամանակ կողմերը անդրադարձե՞լ են իրանական գազի` Հայաստան մատակարարումների խնդրին:
«Գազպրոմ»-ի և Թբիլիսիի` սեպտեմբերին սկիզբ առած բանակցությունների շրջանակում Իրան-Հայաստան գազատարի հարցը օրակարգային դարձավ այն բանից հետո, երբ վրացական իշխանությունները հայտարարեցին, որ ցանկանում են նաև իրանական գազ ձեռք բերել: Հաշվի առնելով Իրան-Վրաստան գազատարի բացակայության փաստը` մասնագետները սկսեցին խոսել փոխանակման օպերացիաների կամ այսպես կոչված սվոփային գործարքի հավանականության մասին, որով վրացական կողմը կարող է մեծացնել «Գազպրոմ»-ից ստացվող գազի ծավալները, իսկ Իրանը ռուսական ընկերությանը պատկանող Հայաստան-Իրան գազատարով նույն ծավալի գազ կմատակարարի Հայաստան:
Այդ դեպքում մի կողմից կարող է լուծվել Իրան-Հայաստան գազատարի լիարժեք շահագործման հարցը, մյուս կողմից վրացական իշխանությունները կարող են որոշակիորեն խուսափել ընդդիմության հնչեցրած քննադատությունից, թե իբր փորձում են երկիրը կախվածության մեջ դնել «Գազպրոմ»-ից:
Գազամատակարարման նման մոդելի կիրառման դեպքում գոնե ֆորմալ առումով կստացվի, որ Վրաստանը գազը ձեռք է բերում Իրանից, այլ ոչ թե Ռուսաստանից: Երեկ «Գազպրոմ»-ի հետ հարաբերությունների և դրա առթիվ հնչող քննադատության մասին խոսեց նաև Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին:
«Սխալ է պնդել, թե էներգետիկայի նախարարությունը թույլ է տալիս, որպեսզի «Գազպրոմ»-ը մուտք գործի վրացական շուկա: «Գազրոպմ»-ն արդեն իսկ Վրաստանում է, այն մեր երկրով անցնող խողովակաշարով գազ է մատակարարում Հայաստան: Այլ հարց է, որ մենք չպետք է կախվածության մեջ հայտնվենք մի երկրից, որը զավթել է մեր տարածքները»,- հայտարարում էր Ուսուպաշվիլին:
Վրացական խորհրդարանի խոսնակը նաև խորհուրդ էր տալիս հարցը դիտարկել ոչ թե զգացմունքների, այլ պրագմատիկ շահերի տեսանկյունից:
«Եթե մեր երկիրը հարմար է որպես գազի մատակարարման տարանցիկ ուղի, արդյո՞ք Վրաստանը պետք է դրանից շահույթ ստանա, թե հակառակը՝ պետք է «սկզբունքային» դիրքորոշում ցուցաբերի և հայտարարի` «ոչ մենք Հայաստան մատակարարվող գազի 10 տոկոսն այլևս որպես տարանցման վճար չենք վերցնելու, որովհետև դա զավթիչ պետության գազն է»,- նշում էր Դավիթ Ուսուպաշվիլին: