«Ստրատֆոր»-ի վերլուծաբանների դիտարկմամբ՝ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը նոր հեռանկարներ կբացի Հայաստանի համար՝ դառնալու էներգետիկ ծրագրերի տրանզիտ երկիր, բայց Ռուսաստանը ավելի ամուր է գրկում Հայաստանին, թույլ չտալու, որ դա տեղի ունենա:
Փաստելով, որ Թեհրանը ակտիվացրել է շփումները Երևանի հետ, Իրանի ու Հայաստանի պաշտոնյաների հանդիպումներում հատկապես ուշադրություն է դարձվում տնտեսական ու էներգետիկ ոլորտների համագործակցությանը, «Ստրատֆոր»-ը շարունակում է.- «Իրանը Հայաստանին դիտարկում է որպես կարևոր և պոտենցիալ երկիր՝ իր էներգետիկ ռեսուրսները խողովակաշարերով արտահանելու մինչև վրացական Բաթումի և Փոթի նավահանգիստները, այնուհետև Եվրոպա: Ինչպես նաև բանակցություններ են ընթացել Իրան-Հայաստան երկաթգիծ կառուցելու շուրջ, որի համար 3 միլիարդ 700 միլիոն դոլար է անհրաժեշտ: Սակայն Ռուսաստանը խստորեն դեմ է այս ծրագրի իրականացմանը, և Թեհրանը այլընտրանքային տարբերակ է քննարկում՝ ընդամենը 400 միլիոն դոլար ծախսով կառուցել Իրան-Ադրբեջան-Վրաստան երկաթգիծը»։
«Ադրբեջան-Իրան բանակցություններում քննարկվող, այսպես կոչված, «Հյուսիս-հարավ» միջանցքը, որը Իրանից կարող է հասնել մինչև Բալթիկ ծովի ռուսական նավահանգիստները, ավելի առաջնային նշանակություն ունի, քան ցանկացած տրանզիտային ծրագիր Հայաստանի տարածքով»,- գրում են «Ստրատֆոր»-ի վերլուծաբանները, նշելով, որ տարածաշրջանի հզորները նորից շրջանցում են Հայաստանը իրենց արտահանումը եվրոպական շուկա հասցնելու համար՝ Հայաստանին թողնելով Ռուսաստանից կախվածության տակ:
Երկաթգիծը Ռուսաստանի կողմից արգելափակված միակ ծրագիրը չէ, շարունակում են նրանք. օգոստոսի 9-ին Հայաստանը և Իրանը համաձայնագիր են ստորագրել երկու երկրների միջև բարձրավոլտ 3-րդ էլեկտրագիծը կառուցելու համար, սակայն ռուսական «Գազպրոմ» գիգանտ ընկերությունը արդեն իսկ ստացել է այդ գիծը շահագործելու, էլեկտրաէներգիա արտահանելու իրավունքը: Հայաստանի ներսում գազամատակարարումը և էլեկտրամատակարարումը իրականացնում են ռուսական «Գազպրոմ» և «Տաշիր Գրուպ» ընկերությունները: 2014-ի հունվարին «Գազպրոմ»-ը ձեռք բերեց բաժնետոմսերի լրացուցիչ 20 տոկոսը՝ գազամատակարարման մենաշնորհի համար, իսկ 2015-ի հունիսին դարձավ Իրանի սահմանից Հայաստան մտնող գազատարի սեփականատերը:
Կրեմլը ձգտում է Հայաստանի վրա ազդեցություն ունենալ ոչ միայն տնտեսապես, այլև վերջերս փորձում է ճնշել քաղաքականապես՝ Ռուսաստանում բնակվող ազդեցիկ հայերի միջոցով, գրում են վերլուծաբանները,՝ նշելով մեծահարուստ գործարար Սամվել Կարապետյանի անունը, ում հարստությունը գնահատվում է 4 միլիարդ 800 միլիոն դոլար և որի «Տաշիր Գրուպ» ընկերությունը ձեռք բերեց Հայաստանի էլցանցերը: Նշվում է նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի անունը, ով հայտարարել է 2017-ի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: «Ստրատֆոր»-ի գնահատմամբ՝ լուրջ քաղաքական ուժ ձևավորելու, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի իշխանությունը խարխլելու համար Աբրահամյանի շանսերը փոքր են: Այնուամենայնիվ, վերլուծաբանները, վկայակոչելով վերջին հաղորդագրությունները, նշում են, որ Արա Աբրահամյանը գործելու է Սամվել Կարապետյանի հետ համաձայնեցված:
Իհարկե, Կրեմլը չի ցանկանում բացահայտ առճակատվել Սերժ Սարգսյանի իշխանության հետ, բայց կօգտագործի Կարապետյանին և Աբրահամյանին ներազդելու Երևանի քաղաքականության վրա, որը ժամանակ առ ժամանակ, ինչպես Իրանի դեպքում, դեմ է գնում Մոսկվայի հաշվարկներին, կարծում են վերլուծական կենտրոնում։
Ըստ «Ստրատֆոր»-ի՝ երկարատև հեռանկարում Կարապետյանի և Աբրահամյանի նման ռուսամետ գործիչները, ինչպես երևում է, կարևոր դեր կխաղան Հայաստանի քաղաքականությունում: Հայաստանի էներգետիկ ոլորտում ևս ռուսական ընկերությունների ազդեցությունը նույնչափ ռազմավարական նշանակություն կունենա՝ սահմանափակելով իրանական արտահանումների համար տրանզիտ երկիր դառնալու Հայաստանի հնարավորությունները և մեծացնելով Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից, ամփոփում է վերլուծական կենտրոնը։