Մատչելիության հղումներ

Միլանում կայացել է «Գազպրոմ»-Վրաստան բանակցությունների հերթական փուլը


Բողոքի ակցիա Թբիլիսիում՝ «Գազպրոմ»-ի և վրացական կառավարության միջև ընթացող բանակցությունների դեմ, 17-ը հոկտեմբերի, 2015թ.
Բողոքի ակցիա Թբիլիսիում՝ «Գազպրոմ»-ի և վրացական կառավարության միջև ընթացող բանակցությունների դեմ, 17-ը հոկտեմբերի, 2015թ.

Երկու հանդիպում մեկ ամսում. Վրաստանի կառավարությունն ու «Գազպրոմ» ընկերությունը շարունակում են ակտիվ դռնփակ բանակցությունները` քննարկելով ռուսական գազի Վրաստան արտահանման հեռանկարները:

Երկուշաբթի Միլանում Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի և «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի հանդիպման մասին թե՛ վրացական և թե՛ ռուսական կողմի տարածած մամուլի հաղորդագրությունները միմյանցից գրեթե չէին տարբերվում:

«Միլանում կայացած հանդիպման ընթացքում կողմերը շարունակել են քննարկել Վրաստանի տարածքով ռուսական գազի տարանցման, ինչպես նաև դրա կոմերցիոն մատակարարումների հնարավորությունը»,- նշված է «Գազպրոմ»-ի հաղորդագրության մեջ:

Վրացական կողմը նաև նշում է, որ Կալաձեն և Միլլերը երեկ կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Վրաստանի տարածքով անցնող «Հյուսիս-Հարավ» խողովակաշարով ռուսական գազի տարանցիկ մատակարարումների մասին պայմանագրի ժամկետի երկարաձգման, ինչպես նաև ռուսական վառելիքի ծավալների հնարավոր ավելացման հարցը:

Վրաստանի մայրաքաղաքում Կալաձե-Միլլեր թվով երկրորդ հանդիպումն արդեն իսկ քննադատում են: Քաղաքագետ Վանո Մաչավարիանին նման շփումներում զգալի ռիսկեր է նկատում:

«Մենք մտավախություն ունենք, որ «Գազպրոմ»-ը կարող է օգտագործել գազի մատակարարումները Վրաստանի նկատմամբ քաղաքական ճնշում բանեցնելու համար»,- ասել է քաղաքագետը «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում:

Վրաստանը սպառվող գազի մեծ մասը ստանում է Ադրբեջանից: «Գազպրոմ»-ից Վրաստանը ստանում է միայն Հայաստան արտահանվող ռուսական գազի 10 տոկոսը` որպես տարանցման վճար: Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն անցնող ողջ ամսվա ընթացքում պնդում էր, որ Ադրբեջանն ի վիճակի չէ բավարարել Վրաստանում աճող գազի պահանջարկը: Քաղաքագետ Թոռնիկե Շարաշենիձեն համոզված է՝ «կառավարության այս մի փաստարկն իրականության հետ որևէ կապ չունի»:

«Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը գազի ավելցուկ ունի, քան որ սպասում է, թե երբ կարող է այն արտահանել եվրոպական շուկաներ: Այնպես որ խնդիրը ադրբեջանական գազի դեֆիցիտը չէ։ Այստեղ այլ զարգացումներ են տեղի ունենում»,- պնդում է Շարաշենիձեն:

Քաղաքագետի կարծիքով՝ ստեղծված իրադրության գլխավոր վտանգը բանակցությունների անցկացման ձևն է.- «Քանի դեռ կառավարությունը որևէ բացատրությամբ հանդես չի եկել, մենք պարտավոր ենք բողոքի ձայն բարձրացնել: Բանակցությունները գաղտնի են ընթանում, և իշխանությունները թող չզարմանան, որ բազմաթիվ հարցեր են ծագում այդ ողջ ընթացքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG