Վրաստանի կառավարությունը կշարունակի բանակցել ռուսական «Գազպրոմ»-ի հետ` միաժամանակ քննարկելով իրանական գազի ներմուծման հեռանկարները: Երեկ ներկայացնելով Միլանում շաբաթասկզբին «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերի հետ անցկացված բանակցությունների մանրամասները՝ այս մասին հայտարարեց Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
«Այս պահին «Գազպրոմ»-ի հետ ձեռք բերված որևէ պայմանավորվածություն դեռ չկա: Վրացական կողմը փորձում է, որպեսզի այդ համաձայնությունը կայացվի մեզ համար առավելագույն շահավետ պայմաններով: Առաջիկայում ևս մեկ հանդիպում կկայանա: Միլանի հանդիպման ժամանակ մենք խոսել ենք տարանցիկ գազի ծավալների ավելացման մասին, ինչը թույլ կտա մեզ ավելի մեծ շահույթ ստանալ: Խոսել ենք նաև առևտրային ընկերությունների կողմից ռուսական գազի ձեռքբերման հեռանկարի մասին», - ասաց Վրաստանի էներգետիկայի նախարարը՝ շարունակելով․ - «Մեզ գազի հավելյալ ծավալներ են անհրաժեշտ, որոնք Ադրբեջանի պետական նավթային ընկերությունն ի վիճակի չէ ապահովել: Ես նոյեմբերի կեսին կմեկնեմ Թեհրան: Իրանը, վերջին զարգացումները հաշվի առնելով, շատ հեռանկարային շուկա է, այդ երկրի նկատմամբ նոր մոտեցումներ են ի հայտ գալիս, և հաշվի առնելով Վրաստանի աշխարհագրական, աշխարհքաղաքական դիրքը՝ մենք պետք է փորձենք առավելագույն կերպով օգտագործել իրանական ռեսուրսները»:
Երկու օր առաջ իրանական գազի հնարավոր գնումների մասին հայտարարում էր «Վրացական երազանք» դաշինքի հիմնադիր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
«Որևէ վատ բան չեմ տեսնում նրանում, որ շուկան դիվերսիֆիկացվի, իսկ մեր գործարարները հնարավորություն ստանան վառելիք գնել որտեղ ցանկանան: Մենք պետք է նրանց ընտրության հնարավորություն ընձեռենք: Մենք ցանկանում ենք, և ես անձամբ այդ գործընթացում ներգրավված եմ, որպեսզի Վրաստան ներկրվի նաև իրանական գազը», - ասում էր Իվանիշվիլին:
Թբիլիսիում, սակայն, առայժմ չեն հստակեցնում, թե ինչպես են պատրաստվում իրանական գազ հասցնել Վրաստանի տարածք: Աշխարհագրորեն ամենամոտ երկու ուղիները անցնում են Ադրբեջանով և Հայաստանով: Որքանով է հավանական ադրբեջանական ուղու ընտրությունը՝ դժվար է ասել, հաշվի առնելով, որ «Գազպրոմ»-ի հետ բանակցությունները մեկնարկել են հենց վրացական շուկայում Ադրբեջանի պետական նավթային ընկերության մենաշնորհին վերջ տալու պաշտոնական պատճառաբանությամբ: Հայկական ուղու ընտրության պարագայում էլ գլխավոր հարցը Հայաստան-Իրան գազատարի սահմանափակ թողունակության հարցն է: Այսօր Իրան-Հայաստան գազատարի տարեկան թողունակությունը 1.1 միլիարդ խորանարդ մետր է: Որոշ տեղեկությունների համաձայն՝ մինչև 2019 թվականը նախատեսվում է խողովակաշարի թողունակությունը հասցնել տարեկան 2.3 միլիարդ խորանարդ մետր ցուցանիշի:
Մյուս կողմից, նաև պետք չէ մոռանալ, որ Վրաստանի հետ այսօր ակտիվ բանակցությունների մեջ մտած «Գազպրոմ»-ը ամռանը գնեց Հայաստան-Իրան գազատարի վերջին 40 կիլոմետրանոց հատվածը:
Ի դեպ, «Գազպրոմ»-Վրաստան ակտիվ բանակցությունների և իրանական գազի Վրաստան արտահանման մասին խոսակցությունների ֆոնին վաղը աշխատանքային այցով Թբիլիսի կմեկնի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: