Տարածաշրջանային նշանակության ենթակառուցվածքային, այդ թվում` էներգետիկ ծրագրերի իրականացումը զգալիորեն կխթանեն Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական կապերի ամրապնդումը, կնպաստեն առևտրաշրջանառության ծավալների աճին:
Ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի, Թբիլիսիում կայացած հանդիպման ժամանակ նման համոզմունք են հայտնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Երկու երկների պաշտոնական աղբյուրները էներեգետիկ ոլորտում համագործակցության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդում:
Մի շարք լրատվամիջոցների տվյալներով, սակայն, Հայաստանի նախագահի թբիլիսյան հանդիպումների ընթացքում քննարկվել են ոչ միայն առկա ծրագրերի, այլև հեռանկարային էներգետիկ համատեղ նախագծերի իրագործման հետ կապված հարցեր:
Հայաստան-Վրաստան 4-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունն արդեն ընթացքի մեջ է, եթե 2017թ․ վերջին այն ավարտին հասցվի, երկու երկների առջև հնարավորություն կբացվի դուրս գալ ռուսաստանյան էներգետիկ շուկա: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց «Արմինֆո» գործակալության էներգետիկ հարցերով փորձագետ Ալեքսանդր Ավանեսովը՝ հավելելով, որ նախագահ Սարգսյանի և վարչապետ Ղարիբաշվիլիի զրույցի անկյունաքարային թեմաներից մեկը, ամենայն հավանականությամբ, եղել է Իրան-Հայաստան երրորդ բարձավոլտ գիծը:
«Դա հնարավորություն կտա Իրանին Հայաստանի և Վրաստանի տարածքներով դուրս գալ ինչպես վրացական, այնպես էլ ռուսական շուկա: Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանի հարավում էլեկտրաէներգիայի ծավալների պակաս է նկատվում, սա մեծ հեռանկարային ծրագիր կարող է լինել, որը հնարավորություն կտա Հայաստանը դարձնել տրանզիտային երկիր, որը կարող է էներգիայի առումով առևտրային հարաբերություններ հաստատել այլ երկրների հետ»,- ասում է փորձագետը:
Իր միջուկային ծրագրի շուրջ արևմուտքի հետ համաձայնության հասնելուց հետո պատժամիջոցներից ձերբազատված Իրանն արդեն ճանապարհներ է փնտրում դեպի Եվրոպա: Փորձագետը նշում է, որ այսօր Իրանի ազգային գազային ընկերությունն արդեն բացահայտ հայտարարում է Իրան-Հայաստան-Վրաստան-Սև Ծով գազատարի կառուցման ծրագիրը ուսումնասիրելու մասին: Իրականություն դառնալու դեպքում, այն 30 միլիարդ խորանարդ մետր գազի տեղափոխման հնարավորություն կտա:
«Բնականաբար, այստեղ Վրաստանի դերը զգալիորեն մեծանում է: Ըստ միջազգային ստանդարտների, փոխանցվող գազի 10 տոկոսը մնում է տարանցիկ երկրում: Եթե այդ ծրագիրը կյանքի կոչվի, ապա, դա նշանակում է 3 մլրդ խմ գազ Հայաստանի համար: Օրինակ, նշեմ, որ այսօր մեր գազի առավելագույն քանակը 2,5 մլրդ խմ է: Այսինքն՝ մենք անվճար կունենանք 3 մլրդ խմ գազ: Այլ հարց է՝ Ռուսաստանը կհամաձայնի՞ դրան, թե ոչ»,- նշում է Ալեքսանդր Ավանեսովը:
Հարցին՝ կկարողա՞ Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանը տնտեսական շահավետ համագործակցություն ունենալ Վրաստանի հետ, փորձագետը պատասխանեց՝ անգամ Վրաստանում այսօր խոսում են ռուսական «Գազպրոմ»-ի հետ համագործակցությունը վերսկսելու մասին, Ռուսաստանը փորձում է խաղի կանոններ մշակել Իրանի հետ և, ի վերջո, բանակցությունների արդյունքում գուցե հնարավոր կլինի հասնել փոխշահավետ համագործակցության:
Ալեքսանդր Ավանեսովը համոզված է, որ Հայաստան-Վրաստան համատեղ էներգետիկ ծրագրերի իրականացման դեպքում երկու երկրներն էլ տնտեսական լուրջ հաջողություններ կգրանցեն: