Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանը առանց աճուրդի խոշոր հողատարածք է վաճառում «Գազպրոմ Արմենիա»-ին


Քաղաքապետարանը առանց աճուրդի խոշոր հողատարածք է վաճառում «Գազպրոմ Արմենիա»-ին
please wait

No media source currently available

0:00 0:04:47 0:00

Վերջին երկու ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ Երևանի քաղաքապետարանն որոշում է խոշոր հողատարածք վաճառել ռուսական կողմին, ընդ որում առանց աճուրդի։ Այս անգամ գնորդը «Գազպրոմ Արմենիա»-ն է:

Հայաստանի գազամատակարարման մոնոպոլիստը 300 միլիոն դրամի դիմաց կստանա 32 հազար քառակուսի մետր տարածք՝ Երևանի Ծարավ Աղբյուրի 55/25 հասցեում՝ նորակառույցների կողքին՝ ուսումնական-սպորտային համալիր կառուցելու համար: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը մտահոգված է՝ ինչո՞ւ աճուրդ չի հայտարարվում, ինչո՞ւ է ռուսական ընկերությանը հողատարածք վաճառվում և ինչո՞ւ չի հայտարարվում՝ ո՞վ է գնահատել և գինը որոշել։

«Միգուցե մի անկախ գնահատող 400 միլիոն գնահատեր դա։ Ես փնտրեցի և փաստաթղթերի մեջ չգտա, թե ով է այդ անկախ գնահատողը»,- ասում է Սանասարյանը։

Ռուսական ընկերությունը նախատեսում է 49 միլիոն դոլար ներդնել՝ տեղում մանկապարտեզ և դպրոց կառուցելու համար: Քաղաքապետարանի հիմնավորման մեջ նշվում է՝ արդյունքում կբացվի մոտ 236 աշխատատեղ՝ ընդհանուր 27 միլիոն ամսական աշխատավարձով: Ծանոթանալով ներկայացված թվերին՝ Դավիթ Սանասարյանը պնդեց՝ սա շահույթ հետապնդող ծրագիր է և տեղն էլ պատահական չի ընտրված։

«Տարածքը էլիտար տարածք է դառնում, էնտեղ դեսպանատներից ու հյուպատոսարաններից սկսած մինչև էլիտար տներ ու շենքեր [կան], որոնց մի մասը պատկանում են մեր պաշտոնյաներին։ Այսինքն բիզնես ծրագիրը էլիտար թաղամասում, բնականաբար, շահույթ հետապնդող է։ Միգուցե ավելի լավ ծրագիր կար, միգուցե մի սփյուռքահայ բարեկամ նվիրատվություն էր անում»,- ասում է ավագանու անդամը։

Քաղաքապետարանի ներկայացրած թվերից ստացվում է, որ հողատարածքի 1 քառակուսի մետրը ռուսական ընկերությանը վաճառվում է շուրջ 20 դոլարով։ Մինչդեռ մի քանի անշարժ գույքի գործակալություններից տեղեկացանք, որ նույն փողոցի հարակից տարածքում բնակելի շինություն կառուցելու համար 1քմ-ն արժե 100-130 դոլար: «Աճուրդի դեպքում ավելի էժան չէր վաճառվելու»,- հավաստիացնում է քաղաքապետարանի անշարժ գույքի վարչության պետ Արսեն Ամյանն ու հավելում, որ քաղաքապետարանն իրավասու է առանց աճուրդի ուղիղ վաճառք իրականանցել:

«Էնպես չի, որ աճուրդով օտարվելու դեպքում ավելի թանկ էր օտարվելու, շուկայական արժեքով է օտարվում։ Գույքը անկախ գնահատողի կողմից է գնահատվել։ Դպրոց կառուցել և ծախսել 49 միլիոն դոլար և ակնկալել, որ ինչ-որ բիզնես է լինելու և գումար է հետ գալու, առնվազն իրատեսական չէ»,- ասաց Ամյանը։

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասում է, որ եթե չլիներ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, ապա քաղաքապետարանը սեփական բյուջեից պետք է հատկացներ կլորիկ գումար՝ տեղում նման համալիր կառուցելու համար:

«Պարոն Սանասարյան, մենք դա բիզնես ծրագիր չենք դիտարկում, դո՛ւք եք դիտարկում։ Մեծ ներդրում է իրականացվում, և դա օգտագործելու են հենց այդ թաղամասի բնակիչները։ Տեղեկացնեմ ձեզ, եթե այս կազմակերպությունը դա չիրականացներ, ուրեմն համայնքը իր բյուջեից պետք է դա իրականացնել։ Մենք կարողացել ենք բանակցել և շնորհակալ ենք, որ իրենք իրենց պատրաստակամությունն են հայտնել այդ մեծ գումարները այդ թաղամասում ներդնելու համար»,- հայտարարեց Երևանի քաղաքապետը։

Դավիթ Սանասարյանը ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք կառուցվող դպրոցն ու մանկապարտեզն անվճար են լինելու։ Տիկնոջ շփոթված պատասխանն ուղղելով՝ Տարոն Մարգարյանը հստակեցրեց, որ կրթօջախները տնօրինելու է «Գազպրոմ Արմենիա»-ն և դեռ պետք է քայլեր ձեռնարկել՝ անապահով խավի համար այն մատչելի դարձնելու համար։

«Ուզում ենք՝ հասկանալ, թե դպրոցն ու մանկապարտեզը մասնավո՞ր են լինելու, թե՝ համայնքին են տրվելու»,- հարցրեց Սանասարյանը։

«Դա լինելու է «Գազպրոմ» ընկերության սեփականությունը, իսկ լիցենզիան կտրվի Կրթության նախարարության կողմից։ Մենք պետք է այդ հարցը բարձրացնենք, որ սոցիալապես անապահովների համար լինի մատչելի»,- ասաց քաղաքապետը։

Հարցը քննարկման դրվեց ավագանու արտահերթ նիստում, դեմ քվեարկեց միայն ընդդիմադիր «Բարև Երևանը»։ Խմբակցության անդամ Սանասարյանը վստահ է՝ սա քաղաքական որոշում էր, որը կայացվել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության արդյունքում:

Նույն խմբակցությունից Արմեն Մարտիրոսյանն էլ մտավախություն ունի , որ «Գազպրոմ Արմենիա»-ն այս ծրագրի համար ծախսած գումարը կներկայացնի որպես ներդրում ու ետ կստանա՝ մատակարարվող գազը թանկացնելու ճանապարհով:

«Մտավախություն ունեմ, որ վաղը չէ մյուսը օրը գազի գինը բարձրացնելուց սա ևս հաշվի են առնելու, որ «Գազպրոմ»-ը 49 միլիոն դոլարի ներդրումային ծրագիր են իրականցրել, ուրեմն այդքանով գազի գինը պետք է բարձրանա»,- ասաց Մարտիրոսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG