Մատչելիության հղումներ

Հայաստանը Ռուսաստանի հետ գազի գնի շուրջ բանակցություններ է վարում


Հայաստանը Ռուսաստանի հետ գազի գնի շուրջ բանակցություններ է վարում
please wait

No media source currently available

0:00 0:04:22 0:00

Հայաստանը Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում, որպեսզի գազի գինն առաջիկայում չբարձրանա, այսօր Ազգային ժողովում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Պատասխանելով հանրապետական պատգամավոր Վահրամ Մկրտչյանի հարցին, թե այս կամ հաջորդ տարի նախատեսվո՞ւմ է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում՝ Նազարյանը նախ ասաց, որ «էլեկտրաէներգիայի և գազի սակագները իրար հետ ուղիղ կապվածության մեջ են, և էլեկտրաէներգիայի սակագները պայմանվորված են շատ գործոններով», այնուհետև շարունակեց. - «Լուրջ դերակատարում ունի դոլար-դրամ փոխարժեքի մեծությունը։ Դրանով պայմանավորված այս պահին հայկական կողմը ռուսական կողմի հետ բանակցություններ է վարում, որպեսզի գազի գինը չփոխվի դոլար-դրամ փոխարժեքով պայմանավորված։ Ես բանակցությունների արդյունքի մասին որևէ բան չեմ կարող ասել։ Ընդամենը կարող եմ ասել, որ նման բանակցություններ գնում են, որից հետո նոր էլեկտրաէներգիա արտադրող կայանները և այդ շուկային մասնակցող ընկերությունները կկարողանան գնահատել և ներկայացնել համապատասխան հայտեր կամ չներկայացնել։ Այս պահին դեռևս անորոշ է վիճակը»։

Գաղտնի բանակցություննե՞ր գազի սակագնի շուրջ

Անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբերին դոլարի նկատմամբ դրամի մոտ 16.5 տոկոս արժեզրկումից հետո, Հայաստանի կառավարությունը երբեք չի հայտարարել, որ գազի գնի թանկացման վտանգ կա և այդ վտանգը չեզոքացնելու համար բանակցություններ է սկսել ռուսական կողմի հետ:

Անգամ, երբ նախորդ ամսվա վերջին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդունեց «Գազպրոմ»-ի փոխնախագահ Վալերի Գոլուբևին, կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, թե «անդրադարձել են «Գազպրոմ»-ի կողմից Հայաստանի էներգետիկ համակարգում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին և հեռանկարներին, ինչպես նաև քննարկել փոխգործակցության զարգացման հնարավորություններին վերաբերող այլ հարցեր»: Ո՛չ մի խոսք գազի գնի շուրջ բանակցություններից:

Այսօր էլ «Ազատության» հարցերին, թե ի՞նչ փուլում են բանակցությունները, որո՞նք են բանակցությունների նախնական արդյունքները, կառավարությունից լռությամբ արձագանքեցին:

Ռուսաստանի կառավարությունից, «Գազպրոմ» ընկերությունից ևս այսօր արձագանք ստանալ չհաջողվեց:

«Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը հայտնեց, որ ինքը տեղեկություններ չունի նման բանակցություններից:

Հիշեցնենք, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախորդ անգամ գազի գինը թանկացրել էր 2013-ի հունիսին: Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառողների համար հազար խորանարդ մետրի գինը 130 հազար դրամից դարձավ 156 հազար, իսկ 10 հազարից ավելի սպառումունեցողները նույն ծավալի գազի դիմաց 230 դոլար 82 սենթի փոխարեն վճարելու էին 276 դոլար 98 սենթ:

2013-ին Հայաստանի իշխանությունները խոստացել էին 5 տարի անփոփոխ թողնել գազի գինը

2013-ի դեկտեմբերին, երբ Երևան Ռուսաստանի նախագահ Պուտինի այցի ժամանակ Հայաստանի իշխանությունները «Գազպրոմ»-ին վաճառեցին «ՀայՌուսգազարդ»-ում ունեցած վերջին 20 տոկոս բաժնեմասը, Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը շտապեց հայտարարել, որ վաճառքի արդյունքում գազի գինը չի փոխվի առաջիկա հինգ տարիներին:

«Այս պայմանավորվածությունների արդյունքում գազի գինը չի նվազում, բայց ակնհայտորեն մեծ առավելություն է, որ այն չի ավելանալու, որովհետև առաջիկա հինգ տարվա համար կարողացանք ունենալ որոշակի վստահության պաշար գազի գնի վերաբերյալ, որովհետև Հայաստան մատակարարվող գազի գինը փոխշաղկապվեց Ռուսաստանի ներքին գնի հետ։ Եվ դա շատ մեծ առավելություն է»,- ասել էր Սարգսյանը։

Վիգեն Սարգսյանի այս խոսքերից ընդամենը մեկ տարի անց՝ 2014-ի դեկտեմբերի վերջին, «Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացրեց, որ 2015-ի հունվարի 1-ից 10 հազար խորանարդ մետրից ավելի գազ օգտագործողների համար մեկ խորանարդ մետր կթանականա 15 դրամով կամ ավելի քան 13 տոկոսով, քանի որ դրամն արժեզրկվել է:

Սակայն սա էլ ամբողջը չէ․ օրերս «168 ժամ» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանը հայտարարեց.- «Արվում է հնարավորը` սակագինը չբարձրացնելու համար»:

Եվ վերջում՝ ուշագրավ մեկ փաստ. ըստ Մաքսային ծառայության տվյալների, անցած տարի Հայաստան ներկրված գազն ավելի էժան է եղել, քան 2013-ին: Համենայնդեպս գազը մաքսազերծվել է ավելի ցածր գնով․ 2013-ին մաքսազերծվել է 1000 խորանարդ մետրը 251.9 դոլարով, իսկ 2014-ին՝ 200.1 դոլարով (2013-ին ներմուծվել է 2 333 448 600 խորանարդ մետր բնական և հեղուկ գազ, որի մաքսազերծման արժեքը կազմել է 587 906 600 ԱՄՆ դոլար, իսկ 2014-ին ներմուծվել է 2 493 127 500 խորանարդ մետր, որի մաքսային արժեքը կազմել է 499 055 400 դոլար): Անհասկանալի է՝ ինչու այս պայմաններում գազի գինը չի իջել, դեռ ավելին՝ այս հունվարից այն թանկացավ խոշոր սպառողների համար և այժմ էլ, պարզվում է բանակցություններ են տարվում հերթական թանկացումից խուսափելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG