Մատչելիության հղումներ

Գազի գինը սահմանին նվազել է, բայց սակագինը կմնա անփոփոխ


«Գազպրոմ Արմենիա»-ի կենտրոնական գրասենյակը Երևանում:
«Գազպրոմ Արմենիա»-ի կենտրոնական գրասենյակը Երևանում:

Կառավարության երեկվա նիստում ընդունված որոշմամբ, այս տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Հայաստան առաքվող գազը կէժանանա՝ 189 ԱՄՆ դոլարից հասնելով 165 դոլարի։

Հայաստանյան սպառողների համար, սակայն, գազի սակագինը կմնա անփոփոխ:

«Գազպրոմ Արմենիա»-ի խոսնակ Շուշան Սարդարյանը «Ազատության»-ը տեղեկացրեց, որ գազը էժանացել է մինչև սահման հասնելը, որպեսզի «Գազպրոմ» ընկերությունը դրամի արժեզրկման պատճառով վնասներ չկրի․ - «Ներկայումս գործող սակագնի հիմքում 416 դրամն էր դրված՝ դոլարի կուրսով արտահայտված: Բայց Կենտրոնական բանկի այսօր հրապարակած պաշտոնական թիվը նկատելիորեն տարբերվում է սակագնի հիմքում դրված թվից: Պայմանավորվածություն ձեռք բերվեց սահմանի վրա նվազեցնելու, որպեսզի ներքին սպառման շուկայում գազի գինը չբարձրանա»:

Ռուսաստանից Հայաստան գազը, ըստ մասնագետների, անցնում է 1700 կիլոմետրանոց խողովակաշարով: Հայաստանի սահման կապույտ վառելիքը հասնում 1000 խորանարդ մետրը 165 դոլարով, սակայն ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր անցնելով՝ գինը կրկնակի ավելանում է՝ հասնելով 325 դոլարի։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոնիսյանը ուսումնասիրել ու պարզել է, որ չնայած գազի սահմանային գնի նվազեցմանը՝ հայաստանյան սպառողը կշարունակի կապույտ վառելիքի համար ամենաբարձ գինը վճարել տարածաշրջանում․ - «Օրինակ, Ուկրաինայում բնակչության համար կա երկու սակագին․ ջեռուցման համար մի սակագին է և ուտեստի պատրաստման համար՝ ուրիշ, բայց այդ երկու սակագներն էլ ավելի ցածր են, քան Հայաստանում: Ընդ որում, ջեռուցման համար գազի սակագինը շուրջ երկու անգամ ավելի ցածր է, քան Հայաստանում սահմանված 156 դրամը: Ուկրաինան, որ Ռուսաստանի ռազմական թշնամին է»:

Գազը մոտ 50 տոկոսով էժան է նաև Վրաստանում․ 1000 խորանարդ մետրի դիմաց այնտեղ բնակիչները վճարում են 220 դոլար, Ադրբեջանում՝ 125 դոլար:

Ի տարբերություն բնակիչների, ամսական 10 հազար խորանարդ մետր գազօգտագործող խոշոր սպառողները, օրինակ՝ գազալցակայանները, վճարում են դոլարով, սակայն, սակագինը նրանց համար նույնպես անփոփոխ կմնա։

Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի ուսումնասիրություններով, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը խոշոր գազօգտագործողների համար գինը չնվազեցնելով ՝ տարեկան լրացուցիչ մի քանի միլիարդ դրամի եկամուտ կստանա․ - «Մոտավորապես 1-ից մինչև 1.2 միլիարդ խորանարդ մետրը օգտագործում են խոշոր սպառողները: Դրա հիմնական մասը էներգետիկան է, մեծ մասնաբաժին են կազմում գազալցակայաններ, ջերմոցները և այլն: Իմ հաշվարկներով, տարեկան մոտ 20 միլիարդ լրացուցիչ հասույթ կունենա «Գազպրոմ Արմենիա»-ն»:

Գևորգյանն ընդգծում է, որ բացի «Գազպրոմ Արմենիա»-ից կապույտ վառելիքի սակագինը կարող է նվազեցնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ սեփական նախաձեռնությամբ․ - «Ուղղակի հասկանալի չի լինի, եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ չքննարկի խոշոր սպառողներին մատակարարվող գազի սակագնի վերանայման տարբերակը: Օրինակ, անցած տարի ամռանը էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացվեց, և բարձրացվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախաձեռնությամբ: Նման հայտ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» չէին ներկայացրել»:

Ռոբերտ Նազարյանի գլխավորած հանձնախողովից, սակայն, «Ազատության»-ը տեղեկացրեցին, գազի սակագնի նվազեցման մասին կառավարության որոշումն առայժ չեն ստացել:

XS
SM
MD
LG