Մատչելիության հղումներ

Խորհրդարանը ի գիտություն ընդունեց գազային հանձնաժողովի զեկույցը


Ազգային ժողովը եռօրյա թեժ քննարկումներից հետո այսօր ի գիտություն ընդունեց գազային ժամանակավոր հանձնաժողովի զեկույցը։

Թե հանձնաժողովի անդամները, թե զեկույցին ծանոթացած պատգամավորները միաձայն հայտարարում էին՝ հսկայական աշխատանք է կատարվել, համակարգային թերությունները վեր են հանվել, սակայն ինչ ազդեցություն կարող է ունենալ այս զեկույցը հանրությանը հուզող խնդիրների լուծման վրա՝ կվերանայվե՞ն կորուստները, կկրճատվե՞ն ծախսերը և կիջնի արդյոք գազի գինը սպառողների համար:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից գազային հանձնաժողովի անդամ Միքայել Մելքումյանն ասաց՝ բարձրաձայնված խնդիրները շատ են, իսկ լուծումը քաղաքական ոլորտում է։

«Այս ոլորտի խնդիրները բազմաբնույթ են, պետք չի քաղաքականացնել, բայց այդ լուծումը քաղաքական որոշում է պահանջում»,- ասաց նա։

Հայ ազգային կոնգրես խմբակցությունից Արամ Մանուկյանը, ով հանձնաժողովում իր աշխատանքի արդյունքում հավաքած փաստաթղթերով հիմնավորում էր, թե գազի գինը կարող է իջեցվել 50 դոլարով՝ 25 տոկոսով, քիչ հավանական է համարում, որ այդպիսի որոշում կկայացվի։

«Ռեալ չեմ համարում, որովհետև դրա նշանները չեն երևում։ Մեկ բան է, որ կա դրա հնարավորությունը, իսկ ես գոնե ապացուցեցի, որ կա, և 22 ելույթի մեջ չի եղել մի ելույթ, որ հիմնավորվեր գազի գինը, եղել է կամ սուսուփուս վերաբերմունք, կամ էժանացնելու հնարավորության տարբերակներ են ներկայացվել։ Խնդիրը քաղաքական է, կամք կլինի, հնարավոր է դա անել, կամք չի լինի, պարզ է՝ չեն իջեցնի գինը»,- ասաց Մանուկյանը։

Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանն իր ելույթում հանձնաժողովի զեկույցը բնորոշեց «ախտորոշիչ» և կարևորեց, որ քննարկումներից հետո գործնական քայլեր կիրառվեն բացահայտումների հիման վրա։

«Այն, ինչը ներկայացված է որպես հանձնաժողովի տեսակետ, մեծածավալ փաստաթուղթ է, և դրանից բխում են բազմաթիվ գործողություններ թե համակարգի արդյունավետությունը բարձրացնելու, և թե սպառողների շահերը լիարժեք պաշտպանելու ուղղությամբ։ Ուստի կարևոր է, որ աշխատանքը հետագա ընթացք ունենա, շարունակի տնտեսական հարցերի հանձնաժողովը՝ իրականացնելու թե եզրակացությամբ առաջարկված մոնիտորինգը, և թե ներգրավելով «Գազպրոմ Արմենիա»-ին, կառավարությանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, սպառողների շահերի պաշտպանության մարմիններին՝ մշակելու հայեցակարգ երկրի էներգետիկ անվտանգության մակարդակի աստիճանի բարձրացման, գազամատակարարման համակարգի զարգացումն ապահովելու և սպառողների շահերը լիարժեք պաշտպանելու և վստահության համակարգ ձևավորելու ուղղությամբ»,- ասաց պատգամավորը։

XS
SM
MD
LG