Մատչելիության հղումներ

«Գազպրոմ Արմենիա»-ին էլեկտրաէներգիա արտահանելու նախապատվություն տալը մտահոգություն է առաջացրել


Կառավարության վերջին նիստում առաջարկվել է նախապատվություն տալ «Գազպրոմ Արմենիա» ռուսական ընկերությանը դեռևս կառուցվող Իրան - Հայաստան և Վրաստան - Հայաստան բարձրավոլտ էլեկտրացանցերին միանալու և դրանցով էլեկտրաէներգիա արտահանելու հարցում:

Տնտեսագետ Արտակ Մանուկյանը ազգային անվտանգության համար վտանգավոր է համարում կառավարության վերջին նիստում ընդունված որոշումը, որով գործադիրը լրացումներ է անում 2013 թվականին ստորագրված գազային աղմկահարույց պայմանագրերում՝ առաջարկելով նախապատվություն տալ «Գազպրոմ Արմենիա» ռուսական ընկերությանը դեռևս կառուցվող Իրան - Հայաստան և Վրաստան - Հայաստան բարձրավոլտ էլեկտրացանցերին միանալու և դրանցով էլեկտրաէներգիա արտահանելու հարցում:

«Ռուսաստանը, իր գործոնները ավելացնելով և ենթակայության վերցնելով նաև էներգետիկ ոլորտների արտահանման ամբողջ կոմպլեքսը, ըստ էության իր քաղաքական կշիռը մեծացնում է, ինչը տեղի է ունենում Հայաստանի ինքիշխանության դերի նվազման և, ինչու չէ, նաև Իրանի՝ Հայաստանում քաղաքական հզորության բարձրացման նվազեցման միջոցով», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Ռուսական ընկերությանը նախապատվություն տալը Արտակ Մանուկյանը միանշանակ քաղաքական որոշում է համարում: Հայաստանի էներգետիկ ոլորտի շղթայում է՛լ ավելի է մեծանում ռուսական ընկերությունների դերակատարումը․ - «Ինչո՞ւ ենք բացառում, որ մի իրանական ընկերություն էլ կարող էր գալ, նույն սկզբունքներով ներկայացնել: Դրա համար պետք էր ընդամենը ապահովել թափանցիկություն: Եթե դու կարևորում ես մրցակցությունը, ի՞նչ է նշանակում երաշխավորված որևէ մեկին արտոնություն տալ: Չէ՞ որ դա կարող է նաև քաղաքական շահարկումների տեղիք տալ և, ինչու չէ, կարող է պարունակել կոռուպցիոն ռիսկեր»:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանն այս որոշումը կապում է նաև Իրան և Արևմուտքի միջև պատմական համաձայնության հետ: Առաջիկայում Իրանի նկատամբ գործող պատժամիջոցների հնարավոր թուլացման ֆոնին Ռուսաստանը, ըստ Սաֆարյանի, փորձում է վերահսկողություն սահմանել Իրանի էներգակիրների հնարավոր տարանցման ուղիների վրա․ - «Բոլոր ոլորտներում, սկսած էներգետիկայից, վերջացրած ռազմական ոլորտներով, Ռուսաստանը հայտնի հեքիաթի վիշապի նման նստել է աղբյուրի վրա, և ինքն է, ըստ էության, տնօրինում երկու անկախ երկրների միջպետական հարաբերությունները»:

Գազային պայմանագրերը «Հայաստանի ստորացման փաստաթուղթ» համարող Ստյոպա Սաֆարյանը հիշեցնում է Իրան - Հայաստան գազատարի պատմությունը․ այս դեպքում ևս ռուսական ճնշումների արդյունքում Հայաստանը զիջեց, և գազատարի տրամաչափը փոքրացավ՝ Հայաստանին զրկելով տարանցիկ երկրի հնարավորություններից․ - «Եվ հենց սա է ցույց տալիս, որ Ռուսաստանը բացարձակապես շահագրգռված չէ, որ Իրանի էներգակիրները իրեն մրցակից դառնան: Ի վերջո, ամբողջ Եվրոպան փորձում է թոթափել Ռուսաստանից կախվածությունը, և Իրանի հետ հարաբերությունների նորմալացումը իրականացվում է նաև այդ կոնկտեքստում»:

Էներգետիկայի նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանը կառավարության որոշման հետ կապված մտահոգությունները չի կիսում: Նրա խոսքով՝ գուցե որոշման խրթին շարադրանքն է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվել: Հայաստանը չի հրաժարվում կառուցվելիք բարձրավոլտ էլեկտրական ցանցից, դրանք Ռուսաստանին չի տրամադրում․ - «Դա ամբողջը պետական ա, բարձրավոլտ էլեկտրական ցանցերի սեփականությունն ա: Էդ գիծը տալիս ա հնարավորություն տեղափոխել որևէ մեկի էլեկտրաէներգիան․ դա կլինի 5-րդ բլոկի էլեկտրաէներգիան, դա կլինի Հրազդանի ՋԷԿ-ի էլեկտրաէներգիան, դա կլինի Վրաստանից որևէ մի ընկերության էլեկտրաէներգիան, որը թույլ կտա մեզ լինել տարանցիկ երկիր»:

Փոխնախարարը կարծում է, որ գործարքից Հայաստանը միայն շահելու է․ կառավարությունը պարզապես ռուսական Գազպրոմ»-ին նախապատվություն է տալիս միանալ գծին՝ օգտագործել դրա հզորության մի մասը միայն և գնորդ գտնել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի արտադրած թանկ հոսանքի համար․ - «Մենք ունենք 1000 մեգավատտ հզորությամբ գիծ, ունենք 440 մեգավատտ առաջակություն «Գազպրոմ»-ից: Մենք 560 մեգավատտ ազատ տեղ ունենք: Մենք կփնտրենք որևէ ընկերություն, ոչ թե մրցույթ հայտարարենք, որը կառաջարկի իրա էլեկտրաէներգիան տեղափոխել Պարսկաստան: Մենք ներքին շուկա չենք կարող վերցնել այդ էլեկտրաէներգիան, որովհետև ինքը թանկ ա: Մենք տալիս ենք իրեն հնարավորություն, ասում ենք՝ դու ստեղծել ես էդ հզորությունը, դուրս արի ուրիշ շուկա՝ Հայաստանից դուրս, էնտեղ էլ վաճառի»:

XS
SM
MD
LG