Մատչելիության հղումներ

Բորդյուժայի հայտարարությունը «ՀԱՊԿ-ին անդամակցելու առաջարկ է Ադրբեջանին»


Բորդյուժայի հայտարարությունը «ՀԱՊԿ-ին անդամակցելու առաջարկ է Ադրբեջանին»
please wait

No media source currently available

0:00 0:03:34 0:00

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով, Ռուսաստանն Ադրբեջանին առաջարկում է անդամակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ):

Ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալության հետ զրույցում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան երեկ հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը «պատրաստ է դիտարկել ցանկացած երկրի անդամակցության հայտ, լինի դա Պակիստանը, Իրանը, Չինաստանը, Ադրբեջանը, Վրաստանը»:

«Սակայն դա պետք է լինի ոչ միայն քաղաքական քայլ, որից հետո ոչինչ տեղի չի ունենում, այլ հաշվարկված, կշռադատված որոշում», - հավելել էր Բորդյուժան:

«Անշուշտ Ռուսաստանը երբևէ չի դադարել տարբեր առաջարկներով հանդես գալ: Ռուսաստանը Ադրբեջանին համարում է նաև ապագայում ստրատեգիական գործընկեր, և որևէ կասկած ես, օրինակ, չունեմ, որ եթե Ռուսաստանի ծավալապաշտական շահը թելադրի, որ պետք է մոռանալ հայ-ռուսական դարավոր բարեկամության մասին, ցանկացած պահի պատրաստ կլինի վերանայել», - նշեց Ալեքսանդր Արզումանյանը:

«Ազատության» հարցին, թե ինչ դիրքորոշում կորդեգրի Հայաստանը, եթե ՀԱՊԿ-ում քննարկվի Ադրբեջանի անդամակցության հարցը, Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը արձագանքեց․ - «ՀԱՊԿ-ում անդամակցության հարցերը կանոնակարգվում են կառույցի հիմնադիր փաստաթղթով: Բոլոր՝ նաև տեսական հարցերը հարկավոր է դիտարկել հենց այդ համատեքստում»:

Նշենք, որ եթե որևէ երկիր ՀԱՊԿ-ին անդամակցելու հայտ է ներկայացնում, այն պետք է արժանանա կազմակերպության խորհրդի հավանությանը: Խորհուրդը բաղկացած է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներից և, կազմակերպության կանոնադրության համաձայն, որոշումներն այդտեղ ընդունվում են կոնսենսուսով: Այսինքն որոշումը չի կարող ընդունվել, եթե դրան դեմ է խորհրդի անգամ մեկ անդամ։

Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով, այն, որ ռուս-արդբեջանական ռազմաքաղաքական հարաբերությունները մտահոգում են Հայաստանին, երևում է Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի կապակցությամբ մեր իշխանությունների թերևս վախվորած, բայց նաև հաստատակամ հայտարարություններից:

«Առաջին հերթին հարձակողական զենքի մատակարարումն է Ադրբեջանին, որով ռմբակոծվում են ոչ միայն Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի սահմանները, և որին որևէ արձագանք չի տալիս ՀԱՊԿ-ը, ինչպես պարտավոր է անել ըստ կանոնադրության: Այնպես որ, Ռուսաստանը շարունակում է իր՝ հնուց եկող «բաժանիր, որ տիրես» քաղաքականությունը և ցանկացած պահի կարող է վերանայել իր արտաքին քաղաքական վեկտորները»:

Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների հրապարակումների, 2010-ից ի վեր Ռուսաստանը ավելի քան 5 միլիարդ դոլարի սպառազինություն է վաճառել Ադրբեջանին: Ստոկհոլմում գործող միջազգային խաղաղության ուսումնասիրությունների ինստիտուտի` SIPRI-ի վերջին զեկույցի համաձայն, 2010-2014 թվականների ընթացքում սպառազինությունների 85 տոկոսը Ադրբեջանը ձեռք է բերել Ռուսաստանից:

Նախորդ ամիս նախագահ Սերժ Սարգսյանը աննախադեպ սուր արձագանքեց Կրեմլի կողմից Բաքվին սպառազինության վաճառքին՝ հայտարարելով, որ այն կարող է վատ ազդեցություն ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա, և որ այդ խնդիրը պետք է լուծվի:

Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով, նման մեծածավալ սպառազինության վաճառքի տրամաբանական շարունակությունն է ՀԱՊԿ-ին անդամակցելու առաջարկը․ - «Ռուսաստանը Ադրբեջանին հրապուրելու համար դա պետք է օգտագործի, որ ՀԱՊԿ-ի անդամակցությունը կբերի հստակ զեղչերի այդ զինատեսակները գնելու համար, և համագործակցությունը է՛լ ավելի խոր բնույթ կստանա, ինչը շատ վտանգավոր է ոչ միայն Հայաստանի համար, այլ ընդհանրապես տարածաշրջանի կայունության և անվտանգության առումով»:

XS
SM
MD
LG