Մատչելիության հղումներ

Ադրբեջանը սպառազինությունների գնումների ծավալն ավելացրել է 249 տոկոսով


Ադրբեջանը սպառազինությունների գնումների ծավալն ավելացրել է 249 տոկոսով
please wait

No media source currently available

0:00 0:03:05 0:00

Վերջին 9 տարիների ընթացքում Ադրբեջանը սպառազինությունների ներկրման ծավալները ավելացրել է շուրջ 250 տոկոսով: Սա են վկայում Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում գործող խաղաղության ուսումնասիրությունների ինստիտուտի` SIPRI-ի հրապարակած հերթական տարեկան զեկույցում տեղ գտած տվյալները:

Զենքի և զինամթերքի համաշխարհային շուկայի ուսումնասիրություններով զբաղվող ամենահեղինակավոր հետազոտական կենտրոններից մեկի մասնագետները նշում են. - «Եվրոպայում զենքի ներկրումների ընդհանուր ծավալի 13 տոկոսը բաժին է ընկնում Ադրբեջանին»:

Այս ցուցանիշով Ադրբեջանը ողջ մայրցամաքում զիջում է միայն Մեծ Բրիտանիային, այն էլ աննշան:

«Բրիտանացիների կողմից իրականացված սպառազինությունների գործարքների ընդհանուր ծավալը եվրոպական շուկայի 14 տոկոսն է կազմում», - նշում են վերլուծաբանները:

Անդրադառնալով մեր տարածաշրջանում տիրող կացությանը` զեկույցի հեղինակները նկատում են. - «Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքային վեճի մեջ է Հայաստանի հետ: 2014 թվականին այդ հակամարտությունը զգալիորեն սրվեց: Այս ֆոնին Ադրբեջանը զենքի ներմուծումների ծավալը 2010-ից 2014-ը ընկած ժամակահատվածում՝ նախորդած չորս տարիների՝ 2005-2009 թվականների համեմատ ավելացրել է 249 տոկոսով»:

Խաղաղության ուսումնասիրության կենտրոնի փորձագետները չեն շրջանցում նաև Բաքվի կողմից ձեռք բերվող զենքի ծագման հարցը:

«Ադրբեջանը սպառազինությունների 85 տոկոսը ձեռք է բերում Ռուսաստանից», -պնդում են զեկույցի հեղինակները:

Հայաստանի հետ խնդիրներ ունեցող մյուս հարևան պետությունը՝ Թուրքիան, նույնպես անցած տարիներին զգալի քանակությամբ սպառազինություն է ձեռք բերել: Խաղաղության ուսումնասիրությունների ինստիտուտի տվյալներով այսօր սպառազինությունների գնումների մակարդակով Թուրքիան աշխարհի պետությունների թվում յոթերորդն է:

«2010-ից2014 թվականներին աշխարհում իրականացված սպառազինությունների գնումներին ընդհանուր ծավալի երեք տոկոսը բաժին է ընկնում Թուրքիային», - նշում են SIPRI-ի փորձագետները հատուկ ընդգծելով, որ թուրքական բանակին մատակարարվող սպառազինությունների մեծ մասը՝ 58 տոկոսը, ամերիկյան ծագում ունի:

Ստոկհոլմյան կենտրոնի մասնագետները անդրադառնում են նաև Հայաստանի կողմից արտերկրում կատարված զենքի գնումներին: Պետք է նշել, որ շվեդ փորձագետների՝ Հայաստանին վերաբերող տվյալները այնքան էլ ամբողջական չեն: Այսպես, զեկույցի հեղինակները նշում են, թե Հայաստանի կողմից ներմուծված սպառազինությունների ընդհանուր ծավալը Ադրբեջանի կողմից իրականացված գնումների ընդամենը չորս տոկոսն է կազմում: Դրա հետ մեկտեղ՝ SIPRI-ի մասնագետները խոստովանում են, որ որևէ փաստական տվյալ չունեն Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի կողմից զենքի և զինամթերքի ձեռքբերումների մասին:

«Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո զինված ուժերը բավական պատկառելի ուժ են իրենցից ներկայացնում: Դրա հետ մեկտեղ հստակ չէ, թե այդ ուժերը ե՞րբ և որտեղի՞ց են ձեռք բերում իրենց տրամադրության տակ եղած սպառազինությունը: Ամեն դեպքում, մեծ է հավանականությունը, որ հենց Հայաստանն է Լեռնային Ղարաբաղին մատակարարում այդ զենքերի առնվազն մի մասը», - գրում են Խաղաղության ուսումնասիրությունների ինստիտուտի փորձագետները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG