Ռուսական զենքի վաճառքը Ադրբեջանին անխուսափելի իրողություն է, այսօր համոզմունք պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ սահմանային լարվածության թեմայով երևանյան քննարկմանը:
Պատասխանելով «Ազատության» հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում պաշտոնական Երևանի դիրքորոշման կոշտացումը այս խնդրում, նկատի ունենալով Սերժ Սարգսյանի իրար հաջորդող երկու հայտարարությունները, նախկին նախարարը չցանկացավ դա կոշտացում որակել։
«Ուղղակի մտահոգություն է, որ արտահայտել է։ Ինձ որպես մարդ նույն կերպ դա մտահոգում է, բայց որպես նախկին պաշտպանության նախարար՝ ես հասկանում եմ, որ դա անխուսափելի է։ Ես կուզենայի, որ ընդհանրապես որևէ մեկը Ադրբեջանին զենք չվաճառեր, որովհետև հասկանալի է, որ զոհվելու են մեր տղերքը, մեր բարեկամները, բայց կան իրողություններ և քաղաքականության մեջ հնարավոր չէ մտածել կենցաղային չափանիշներով»,- ասաց Հարությունյանը։
Վաղարշակ Հարությունյանը, մասնավորապես, համոզված է, որ Ռուսաստանի շահերի մեջ չի տեղավորվում ղարաբաղյան պատերազմը, ուստի Բաքու հասնող զենքի ծագման վրա կենտրոնանալը էական չէ.- «Եթե Ռուսաստանը չի վաճառելու, մինչ այդ Ուկրաինան էր վաճառում և հիմա էլ է վաճառում, Իսրայելը... այդ հարցը մենք չենք կարող փակել, Ադրբեջանը գումարը ունի և հնարավորություն ունի վերցնել։ Իր դեմ որևէ պատժամիջոց չկա, որ իրավունք չունենա զենք ձեռք բերելու»։
Բաքվի լայնամասշտաբ սպառազինումը դեռ հաղթանակի երաշխիք չէ հավանական պատերազմում, նախկին բարձրաստիճան զինվորականը հիշում է՝ իրավիճակը նույնն էր 1992-ին։
«Ունենալով տեխնիկայի լրջագույն առավելություն, մարդկային ռեսուրսների, ֆինանսական առավելություն՝ պարտվեց։ Հիմա նույն վիճակն է»,- ասաց պաշտպանության նախկին նախարարը։
Հարությունյանը վստահ է՝ Բաքուն չի գնա պատերազմի, թեկուզ իմանալով, որ իր դաշնակիցը Թուրքիան է, իսկ Հայաստանի թիկունքում Ռուսաստանն է.- «Ուժային առումով Թուրքիան և Ռուսաստանը տարբեր մակարդակի ուժեր են, և բալանսի տեսակետից Թուրքիան չի կարող հավասարակշռել դա»։
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը շարունակեց՝ Ադրբեջանին հետ է պահում նաև Հայաստանի լավ հարաբերությունները Արևմուտքի հետ։
«Հայաստանը, լինելով ՀԱՊԿ-ի անդամ և Ռուսաստանի ռազմավարական դաշնակից, այս պահին ունի ավելի բարձր մակարդակի հարաբերություններ ՆԱՏՕ-ի հետ, քան Ադրբեջանը»,- ասաց վերլուծաբանը։
Քննարկմանը մասնակցած քաղաքագետ Մանվել Սարգսյանին համոզիչ չէին թվացել Վաղարշակ Հարությունյանի և Սերգեյ Մինասյանի հավաստիացումները Ռուսաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասով, թե պատերազմի դեպքում Հայաստանը պաշտպանված է։
«ՀԱՊԿ-ը հստակ ասում է, որ չի խառնվի, ավելի կոնկրետացնում է, միայն Ռուսաստանն է։ Երկու տարի առաջ նման բաներ ոչ ոք չէր ասում, բայց հիմա արդեն ասվում է։ Դա էլ ցույց է տալիս, որ դու պետք է սկսես ռադիկալ փոխել քո պաշտպանական համակարգը։ Ուղղակի հայտարարել, որ մենք մտահոգված ենք, զենք եք վաճառում... վաճառում են, ամեն ինչ էլ անում են և անելու են»,- ասաց Սարգսյանը։
Ինչ վերաբերում է այսօրվա քննարկման գլխավոր թեմային՝ սահմանային լարվածությանը, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը կարծում է՝ Բաքուն դիվերսիաներով հետախուզություն է իրականացում, ձեռք բերում մարտական փորձ, փորձում ժողովրդի աչքում արդարացնել բանակի ծախսերը, իսկ փաստն այն է, որ հրադադարից հետո երկու տասնամյակի ընթացքում ադրբեջանական զինուժը շփման գծում առաջ չի շարժվել:
Միաժամանակ, սակայն, Հարությունյանը քննադատեց բանակցությունների սեղանին դրված մադրիդյան սկզբունքները, դրանցով Հայաստանը պատրաստ է տարածքներ վերադարձնել։
«Հայկական կողմը գնում է զիջումների և պատրաստ է նույնիսկ տալ ազատագրված տարածքները, որոնց համար արյուն է թափվել, բայց Ադրբեջանը որևէ զիջման չի գնում»,- ասաց նախկին նախարարը։