Մոսկվայի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքի հարցը քննարկվել է Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա չմանրամասնեց, թե նախագահների ո՞ր հանդիպման ժամանակ է հարցը բարձրացվել, փոխարենը ընդգծեց՝ հարցը կարևոր է հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում:
«Մեր ռուս գործընկերների հետ հանդիպումների ժամանակ միշտ այս հարցը բարձրացրվել է և հանրապետության նախագահի կողմից, և մեր կողմից, և մեր անհանգստության մասին մենք որևէ անգամ չենք թաքցրել։ Նախագահների հանդիպման ժամանակ այս մասին խոսել է նաև Հայաստանի նախագահը»,- ասաց Բաղդասարյանը՝ չցանկանալով մանրամասնել, թե ինչ արձագանք է ստացել հայկական կողմը այս հարցի շուրջ։
Լրատվամիջոցների փոխանցմամբ, 2010 թվականից ի վեր Ռուսաստանը ավելի քան 5 միլիարդ դոլարի սպառազինություն է վաճառել Ադրբեջանին, որը պատերազմական վիճակում է գտնվում Հայաստանի հետ:
Երկու օր առաջ Երևանում կայացած «Արարատի ստորոտին» մեդիա համաժողովի ընթացքում նախագահ Սարգսյանը աննախադեպ սուր արձագանքեց այս հարցին:
«Խնդիրը նրանումն է, որ մեր սահմանին կամ շփման գծում կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքից։ Սա է ամենավատ հանգամանքը, և սա է որ կարող է վատ ազդեցություն ունենալ մեր հարաբերությունների վրա։ Սա իհարկե, խնդիր է և այս խնդիրը պետք է լուծում ստանա»,- ասել էր Հայաստանի նախագահը։
Այս հայտարարության հաջորդ օրը հենց ադրբեջանական դիվերսիայի հետևանքով հայկական կողմն ունեցավ երեք զոհ:
Վահրամ Բաղդասրյանին հարցրեցինք՝ ինչպե՞ս պետք է հարցը լուծվի։ «Ցանկացած նման հայտարարության մեկնաբանություն բացի խանգարելուց գործին օգուտ չի կարող տալ։ Ընթացքում, ինձ թվում է, երկու նախագահները կգան ընդհանուր հայտարարի։ Եթե երկու նախագահները այդ հարցի մասին խոսել են, և հարցը բարձրացվել է, պետք է սպասենք և հետևենք ընթացքին»,- պատասխանեց Բաղդասարյանը։
«Ժառանգության» խորհրդարանական խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ արդյունք կարելի սպասել նախագահների քննարկումից։
«Միայն մի երևույթն է, որ արդյունք է ունենում. Երբ մեր բանակը դաս է տալիս ադրբեջանականին։ Այլ արդյունքի խնդիր չեմ տեսնում»,- ասաց Պողոսյանը։
«Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններում այլևս առկա է նոր ենթատեքստ»,- «Ազատությանն» ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
«Հայաստանը շատ ավելի վտանգավոր վիճակում է հայտնվել Եվրասիական միության անդամակցելուց հետո, քան մինչ այդ անդամակցությունն էր: Այն փաստարկը, թե անդամակցությունը ԵՏՄ-ին կամրապնդի մեր անվտանգությունը, ճիշտ չէ, այն նպաստեց վտանգների առաջացմանը, որոնց մենք ներկայում բախվել ենք: Սակայն այժմ Հայաստանի նախագահն ավելի վճռական է՝ ուղղելու հայ-ռուսական հարաբերություններում առկա անհավասարակշռությունը: Հայ-ռուսական հարաբերությունները խնդիր չեն, այդ հարաբերություններում առկա ասիմետրիան, ռուսական կողմի մոտ հարգանքի բացակայությունն է խնդիրը», - ասաց վերլուծաբանը։