Մատչելիության հղումներ

Խորհրդարանական մոդելի վերաբերյալ նախագահի մտահոգությունները չեն փարատվել


Նախագահը չի փարատել խորհրդարանական մոդելի վերաբերյալ իր մտահոգությունը
please wait

No media source currently available

0:00 0:05:05 0:00

Սահմանադրության բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալը դեռ չի նշանակում, որ անպայմանորեն հենց այդ փաստաթուղթն է դրվելու հանրաքվեի, այսօր «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ կառավարման խորհրդարանական մոդելի վերաբերյալ իր մտահոգությունները դեռ չեն փարատվել։

«Հավանություն տալը դեռ չի նշանակում, որ վերջնական որոշում ենք կայացրել, բարեփոխումների տեքստը մեր ժողովրդի համընդհանուր քվեարկության է ներկայացվելու, որովհետև ինչպես շեշտել եմ հանդիպումների ժամանակ, ինքս դեռևս վերջնական համոզվածություն չունեմ և երկու կարևորագույն հարցի՝ կայունության և անվտանգության ու զինված ուժերի կառավարման հետ կապված, ես դեռևս հստակ պատկեր չեմ տեսնում։ Երբ հստակ պատկեր կլինի, ապա այն ժամանակ վերջնական որոշում կկայացնեմ»,- հայտարարեց Սարգսյանը։

Օտարերկրյա տասնյակ լրագրողների հետ ասուլիսում Սերժ Սարգսյանը պնդեց, որ սահմանադրական բարեփոխումների քննարկումն իրականացվում է առավելագույնս թափանցիկ՝ հիշեցնելով, որ ինքը այս հարցի շուրջ հանդիպել է ավելի քան մեկ տասնյակ կուսակցությունների հետ: «Ես հրավերներ եմ ուղարկել՝ ընդգծելու նաև նրանց քաղաքական կարևորությունը»,- հայտարարեց նախագահը:

«Ազատության» ճշտող հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ չի հրավիրել խորհրդարանում ներկայացված Հայ ազգային կոնգրեսին, Սերժ Սարգսյանը պատասխանեց.- «Եթե մի կուսակցություն ամեն օր, որպեսզի չմոռանա, և միգուցե շատ դեպքերում օրը երկու անգամ հայտարարում է, որ ինքը ցանկություն չունի ինձ հետ հանդիպելու, առավել ևս այդ թեման քննարկելու, ի՞նչ անհրաժեշտություն կար այստեղ հրավիրելու։ Ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում, կամա թե ակամա ՀԱԿ-ը մասնակցելու է քննարկումներին։ Դեմ խոսելն էլ է քննարկում։ Բոլորը չեն կարող կողմ լինել»։

Հանդիպմանը չշրջանցվեց նաև Սերժ Սարգսյանի անակնկալ որոշումը՝ հրաժարվել Եվրամիության ասոցացման համաձայնագրից և միանալ Եվրասիական տնտեսական միությանը։ Այդ որոշումը կայացվել է զուտ պրագմատիկ հաշվարկներից ելնելով, պարզաբանեց նախագահը՝ հավելելով, որ Կրեմլի նախաձեռնած դաշինքին չմիանալու դեպքում Հայաստանը կարող էր հսկայական վնասներ կրել:

«Ես ի՞նչ որոշում պիտի կայացնեի... ի՞նչ եք կարծում՝ Հայաստանի քաղաքացիները պատրա՞ստ են այսօր 350 դոլար վճարել գազի գնի համար, նրանք պատրա՞ստ են 5-10-15 տարի գոտիները ձգել, ապրել ավելի վատ, բայց ունենալ ազատ առևտրի պայմանագիր։ Ելնելով ինչ-որ քաղաքական դրդապատճառներից՝ ես կայացնեմ որոշումներ, որ բերելու են հազարավոր ընտանիքների սնանկացմանը և հետո որպեսզի ես ինձ գովեմ՝ ասեմ՝ էս ինչ ճիշտ որոշում եմ կայացրել, քաղաքակիրթ Եվրոպայի հետ եմ համաձայնագիր կնքել...»,- ասաց Սարգսյանը։

Հարց հնչեց՝ ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը մի կողմից զենք է վաճառում Հայաստանին, մյուս կողմից՝ հակառակորդ Ադրբեջանին: Սերժ Սարգսյանը երկրորդ անգամ հրապարակավ հայտարարեց՝ դա մեզ մտահոգում է, ավելին, ասաց՝ դա կարող է բացասաբար ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա։

«Եվ նույնիսկ այստեղ խնդիրը սպառազինության որակը չէ, խնդիրը նրանումն է, որ մեր սահմանին կամ շփման գծում կանգնած հայ երիտասարդը գիտակցում է, որ իրեն փորձում են ոչնչացնել ռուսական զենքից։ Սա է ամենավատը»,- ասաց Հայաստանի նախագահը՝ հավելելով․ - «Տևական ժամանակ՝ 250 տարվա ընթացքում, հայերը և ռուսները ապրել են կողք-կողքի, ունեցել են ընդհանուր թշնամիներ և իրենց երկրում արտադրված զենքերից իրար վրա չեն կրակել: Սա խնդիր է, որը պետք է լուծում ստանա»:

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային մեդիա ֆորումին թուրք լրագրողներին հետաքրքրում էր հայ-թուրքական արձանագրությունների ճակատագիրը։ «Զաման»-ի թղթակիցը հարցրեց՝ արդյոք խորհրդարանից հետ կանչելով փաստաթղթերը՝ պաշտոնական Երևանը վերջնականապես հրաժարվե՞լ է հաշտեցումից։

«Ես հաշտեցման պատուհանը չեմ փակում։ Ես կարող էի ստորագրությունները հանել արձանագրությունից, այլ ոչ թե խորհրդարանից ետ կանչել։ Այս քայլով մեկ անգամ ևս ուզում էինք Թուրքիայի իշխանությունների ուշադրությունը հրավիրել այս փաստին, նաև այն պետությունների ղեկավարների, պաշտոնատար անձանց ուշադրությունը, ովքեր համոզված էին, որ եթե առանց նախապայմանների փորձենք Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել, ապա անկասկած թուրքական կողմը կգնար դրան»,- ասաց նա։

Սերժ Սարգսյանը չբացառեց, որ Անկարան կարող էր վավերացնել արձանագրությունները, եթե չլիներ ադրբեջանական գործոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG